Մոսկվայից, Պեկինից, Ռիո դե Ժանեյրոյից, Թբիլիսիից և այլ քաղաքներից էլ թանկ Երևանը. Բարբկեն Պիպոյանը՝ պատճառների և հետևանքների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 

– Cost of Living Plus Rent Index by City 2025 ուսումնասիրության տվյալների համաձայն՝ Երևանում ապրելու ծախսերը գերազանցում են Մոսկվայի, Թբիլիսիի, Բաթումի, Պեկինի, Ռիոյի, Բուդապեշտի, Բաքվի և մի շարք այլ մեծ քաղաքների ծախսերը: Համաձայն վարկանիշային ցուցակի՝ Երևանը տարածաշրջանում ամենաթանկ քաղաքն է՝ զբաղեցնելով 184-րդ հորիզոնականը։ Պարո՛ն Պիպոյան, ինչպե՞ս ստացվեց, որ Երևանը դարձավ տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը:

– Ըստ էության կա գործընթաց, որը հասարակության մի մասին անխոս անհանգստացնում է, բայց մենք ունենք գործադիր, համայնքային և օրենսդիր այնպիսի իշխանություն, գլոբալ իմաստով, որի ներկայացուցիչները պարզապես հարց են տալիս՝ վա՞տ է, որ Երևանը ճոխ քաղաք է, իսկ եթե մի բանը ճոխ է, պետք է թանկ լինի: 

Երբ կյանքի նկատմամբ ընկալումներն այսպիսիք են, երբ կոռելյացիաները, փոխկապակցվածությունները չես պատկերացնում, ազդեցությունները չես պատկերացնում ու միայն ուզում ես գլուխ գովել, ասել՝ վա՞տ է, որ թանկ է, եթե թանկ է, ուրեմն լավ ենք ապրում: Երբ այս պրիմիտիվ թեզով գալիս ես, ունենում ենք այն, ինչ ունենք: 

Իրականում մենք ոչ մի պարագայում հաշվի չենք առնում մարդու միջին եկամուտը ոչ մի հարցում, որովհետև այս նույն տրանսպորտի ուղեվարձի թանկացման ժամանակ, երբ քաղաքային իշխանությունը սկզբից հիմնավորումներ էր բերում, հետո նաև օրենսդիրի ու գործադիրի ներկայացուցիչները լծվեցին այս անհեթեթ թանկացման քարոզին, թե Եվրոպայի ո՞ր մի զարգացած երկրում է ավելի էժան տրանսպորտը,  իրականում այստեղ էլի մոլորեցնող տարրեր կային:

Դու Հռոմի հետ համեմատվելու իրավունք չունես, որը չափսերով քեզ հետ ընդհանրապես կապ չունի, իրավունք չունես համեմատվելու մի քաղաքի հետ, որտեղ տրանսպորտով Ա կետից Բ կետ 50 կմ են գնում: Բայց եթե անգամ ամսական փաթեթի այս տեսանկյունից ես համեմատական անում, պետք է նայես, թե միջին աշխատավարձ ստացողը իր աշխատավարձով տրանսպորտի քանի ամսական փաթեթ կարող է գնել: 

Այս տեսանկյունից էլ կտեսնեք, որ այս ցուցիչով տարածաշրջանում էլի ամենաթանկն է դառնում, շատ երկրներում էլ այս ցուցիչով կլինի ամենաթանկը, որովհետև դու ամենաթանկը չպետք է վերցնես, սա ուղիղ գինն է: Դու պետք է համեմատես ծավալներ, մյուս գործոններ ու էլի եմ ասում՝ համեմատություն՝ նույն Վրաստանում միջին եկամտով քանի ամսական փաթեթ կարող ես գնել: Ամենևին պատահական չէր, որ նույն Կենտրոնական բանկը կանխատեսում էր արել, որ այս տարվա գնաճի մեջ միայն տրանսպորտի ուղեվարձի թանկացումը 16.5 տոկոսի ազդեցություն է ունենալու: 

Շատերը կասեն՝ նման թիվ ոչ մի տեղ չենք գտնում, դա ի՞նչ թիվ է: Ասեմ. երբ դու 3 տոկոս ընդհանուրի մեջ տրանսպորտին տալիս ես կես տոկոսը, այսինքն՝ եթե ընդհանուր գնաճի մեջ 1/6-րդը դիտարկենք՝ 16 տոկոս կստացվի: Հիմա, երբ դու կուրսը վարում ես այդպես՝ ես լավ եմ ապրում, մնացածներն էլ ինչ ուզում են թող անեն, ունենում ենք այն, ինչ ունենք: 

Ի վերջո, մենք ապրում ենք այն իրականության մեջ, երբ ասում են՝ եղբա՛յր, ձեր գույքը թանկ է, վարձով տվեք, գնացեք գյուղում ապրեք: Երբ այս լոգիկան, կյանքի փիլիսոփայությունը դու բերում ես, ստացվում է, որ դու Կենտրոն ես բերում վճարունակին, անվճարունակին Կենտրոնից հանում ես, այդ դեպքում այդ գնաճը դառնում է նաև այդ առաջարկ-պահանջարկով ձևավորված ինդեքսավորվող բան: 

Այսինքն՝ այս թանկությունը, վիճակը, որ մենք ունեք, ու դրանով հանդերձ ամենաճոխ քաղաքը չունենք, ամենամաքուր քաղաքը չունենք, ունենք ամենաաղտոտված քաղաքներից մեկն այս գների հետ մեկտեղ, մարդկային գործոնով պայմանավորված կարող է ինչ-որ բան ունենք, բայց նորմալ տուրիզմ չունենք: 

Հունվարի 8-ին որ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառը հավաքեցին, ձեզ թվաց՝ պատահակա՞ն էր: Ո՛չ, Երևանում տուրիզմ չկար, որ մինչև ամսի 13-ն այդ տուրիստներին պահեին, մի հատ էլ Հին նոր տարի անեին, ու իրենք դա շատ լավ հասկանում էին: Այնքան գործոններ կան, որ կարելի է համադրել այս իրողության հետ, բայց ասեմ, որ ոչ մի բան պատահական չի եղել, ու այդ թանկ լինելն էլ լավ ապրելու հետ այս դեպքում կապ չունի: Թանկ լինելն է, որ բերել է աղքատության այս տոկոսներին: 

– Ստացվում է, որ սա ոչ արդյունավետ կառավարման հետևա՞նք է:

– Այդ թվում՝ ոչ արդյունավետ, միայն դա չէ:

– Իսկ մնացած նպաստող հանգամանքները որո՞նք են, պարո՛ն Պիպոյան:

– Նպաստող հանգամանքն այդ վատ կառավարումն է, որն ունենում է հետևանքներ, որոնք այս ձևով են դրսևորվում: Այսինքն՝ եթե չլիներ վատ կառավարումը՝ որպես հետևանք, մնացյալները չէին լինի: 

– Տուրիստների մասով հիշատակում արեցիք, այսինքն՝ թանկ քաղաք լինելը ի թիվս այլ հետևանքների նաև տուրիստների՞ն է վանում Երևանից: 

– Այո՛, թանկությունը տուրիստներին էլ է վատ վիճակի մեջ դնելու, բայց եթե նկատել եք, ասում էին՝ ոչինչ, թող Հայաստան հարուստ տուրիստները գան, ինչի հետևանքով էլ Հայաստան սկսեցին ավելի քիչ տուրիստներ գալ: 

– Նման տեմպերով կառավարման շարունակությունը ինչի՞ է հանգեցնելու:

– Գուշակություններ չեմ ուզում անել, որովհետև արագ փոփոխվող աշխարհի ու աշխարհակարգերի հետ գործ ունենք, որտեղ մեծերն ինչ որոշում կայացնեն, նաև այդ գործոններով կախված կլինի շատ բան: 

Օրինակը բերեմ, որ պարզ լինի. ռեստորաններում գնաճ եղավ, որովհետև ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված մի պահ անշարժ գույքի գները բարձրացան, այդ թվում՝ վարձակալության: Նույն այդ ընթացքում վարձակալվող տարածքների գները բարձրացան, ռեստորանի վարձակալության գինը 3 հազար դոլար էր, դարձավ 5 հազար:

Ռեստորանը, բնականաբար, 5 հազար դոլար վարձ տալու համար գների վերանայում արեց, թանկացրեց, հիմա նորից գները նվազել են, բայց ռեստորանի բարձրացված գինը մնացել է: Հոսանքից սկսած, գազով վերջացրած, էլի եմ ասում, տրանսպոտի՝ ընդհանուր գնաճի վրայի ազդեցության մասին ես չեմ ասել, Կենտրոնական բանկն է ասել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am