«Ադրբեջանը հստակ հենք է նախապատրաստում հնարավոր էսկալացիաների համար». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ինտենսիվորեն հաղորդագրություններ է տարածում, թե հայկական կողմն իբր խախտում է հրադադարը։ Երեկ էլ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից հայկական կողմը մեկ զոհ ունեցավ։ Ադրբեջանի այս քայլերն ինչի՞ մասին են խոսում։

– Եթե ուշադրություն դարձնեք՝ այդ քաղաքականությունը վերսկսվեց բրյուսելյան հանդիպումից անմիջապես հետո, և ադրբեջանական կողմը սեպտեմբերի 2-ից սկսեց ապատեղեկատվություն տարածել, թե իբրև հայկական կողմը տարբեր ուղղություններով խախտում է հրադադարը, ու դրանք շարունակական բնույթ են կրում, և, ցավոք, երեկ մենք զոհ ունեցանք սահմանին։

Իմ դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը հստակ հենք է նախապատրաստում հնարավոր էսկալացիաների համար, այսինքն՝ սկզբնական շրջանում փորձարկում են տրամադրությունները, փորձում են հասկանալ՝ որքանով կարելի է ուժով կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ ինչ-որ խնդիրներ լուծել, հետո անցնում են գործողությունների, ու սա նոր գործելաոճ չէ։

Եթե հիշեք՝ օգոստոսի 3-ին, երբ ծավալվեցին զարգացումներն Արցախում, որոնց հետևանքով արագորեն դատարկվեցին երեք գյուղեր, ու փոխվեց ճանապարհի ուղղությունը, դրանից առաջ ադրբեջանական կողմը հստակ հայտարարություններ էր տարածում ու գործողություններ ձեռնարկում, որոնք խոսում էին, որ իրենք հիմք էին նախապատրաստում էսկալացիայի համար։

Սա Ադրբեջանի գործելաոճն է, ու ես կարծում եմ, եթե հայկական կողմը փոքր-ինչ ճիշտ աշխատի, կկարողանա սա ներկայացնել նաև միջազգային գործընկերներին կամ առնվազն հասնել այնպիսի ձևակերպումների, ինչպիսիք են ուժի, ուժի սպառնալիքի կիրառման բացառումը։

Սա շատ կարևոր է ու նախկինում բանակցային գործընթացի երեք հիմնարար սկզբունքներից մեկը հենց դա է եղել։ Ճիշտ է, դա խախտվել է, բայց դրա պաշտպանությունը և դրա ամրագրումը կարևոր են մեզ համար։

– Այդ հնարավոր էսկալացիան ի՞նչ նպատակով է կիրառելու Ադրբեջանը. խաղաղության պայմանագրի կնքմա՞ն, որը կբխի իր շահերից։

– Կարծում եմ՝ այո՛, որովհետև Ադրբեջանը ցանկանում է հնարավորինս արագացնել այդ գործընթացը, ու այդ պայմանագիրը, ըստ Ադրբեջանի, պետք է կազմված լինի իր պայմաններով, այսինքն՝ այնպես չէ, որ իրենք պատրաստ են քննարկումների, բանակցությունների։

Օրեր առաջ, երբ Ադրբեջանի նախագահը Հռոմում էր, իր հարցազրույցներից մեկում հստակ նշեց, թե ինչպես է պատկերացնում այդ պայմանագիրը: Ճիշտ է՝ դրան արձագանքեց ՀՀ արտգործնախարարը, որ դա հարցականի տակ է դնում Բաքվի նպատակների անկեղծությունը՝ խաղաղության հաստատման առումով, բայց նաև ասեմ, որ հենց երեկ Ադրբեջանի նախագահն իր ելույթում կրկին խոսեց սպառազինությունների ու նոր զինատեսակների գնման՝ իրենց ցանկության, պատրաստակամության, պայմանավորվածությունների ու գործընթացների մասին, ինչպես նաև շեշտեց, որ իրենք հսկայական ջանքեր են գործադրում բանակի արդիականացման ուղղությամբ։

Հետաքրքրական է այն, որ այս տարվա ապրիլ ամսին նույն Ադրբեջանի նախագահն ասում էր, որ եթե Հայաստանը փորձի զենք գնել ու բանակը բարեփոխումների ճանապարհով տանել, դա իրենք համարելու են սպառնալիք, այսինքն՝ մի կողմից Ալիևը հայտարարություններ է տարածում՝ սպառնալով Հայաստանին, բայց մյուս կողմից ցույց է տալիս, որ իրենք փորձում են բազմակի անգամներ առավելության հասնել տարածաշրջանում իրենց խնդիրները լուծելու համար։

Այսինքն՝ եթե ոմանք պնդում են, կարծում են կամ փորձում են հանրությանը համոզել, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, ինչը բնականաբար ենթադրում է Արցախից հրաժարում, կօգնի փրկելու Հայաստանի Հանրապետությունը, դա ամբողջությամբ սուտ է ու կեղծ, որովհետև Ադրբեջանը հստակ ցույց է տալիս, որ ունի հեռուն գնացող նպատակներ ու դրանք լուծելու է կա՛մ ճնշումների միջոցով, կա՛մ ռազմական ճանապարհով։ Իսկ դա կանխելու համար պետք է ունենալ նորմալ անվտանգային համակարգ ու զինված հանրություն, կարող եմ նաև այսպես ասել, որն անհնար կդարձնի ադրբեջանական ծրագրերի իրագործումը, հակառակ դեպքում որևէ թուղթ որևէ կերպ չի փրկելու մեզ։

– Որքանո՞վ եք հավանական համարում, որ այդ պայմանագիրը կկնքվի ու կկնքվի հենց Ադրբեջանի ցանկացած բովանդակությամբ, տիկի՛ն Հայրապետյան։

– Ես, ցավոք, չեմ կարող ոչինչ բացառել, քանի որ տեսել եմ, թե ինչ անկարող են ներկայիս պատասխանատու անձինք իրենց գործունեության մեջ: Իրենք երկու տարի փաստացի ոչինչ չեն կարողանում անել, ոչ մի խնդիր չեն կարողանում լուծել, բացարձակ ոչինչ չեն անում անվտանգային համակարգի զարգացման ուղղությամբ ու հետո գալիս ու փորձում են հասարակությանը համոզել, որ չկա այլընտրանք՝ Ադրբեջանի պայմաններն ընդունելուց բացի: Սա է իրենց քաղաքականությունը, ուստի այդ տրամաբանության մեջ ես ոչինչ չեմ կարող բացառել։

Ուրիշ բան, որ նույն արտգործնախարարության ու արտգործնախարարի հայտարարությունները՝ որպես այդպիսին, բխում են Հայաստանի ու Արցախի անվտանգության շահերից։ Նույն Ալիևին տրված պատասխանում ցույց էր տրվում, որ այս գործելաոճով հնարավոր չէ առաջ գնալ, բայց ես կասեմ, որ ինձ համար մինչ օրս անհասկանալի է մնում, թե ինչպես էր հնարավոր Ադրբեջանի առաջարկած այդ հինգ կետերն առանց որևէ քննարկման ընդունել։ Հայաստանը կարող էր ասել, որ պատրաստ է քննարկումների այս ու այլ կետերի շուրջ, ոչ թե ուղղակի ընդունել դրանք։

– Իսկ մինչև տարեվերջ այդ պայմանագրի կնքումը հնարավոր կլինի՞ հաշվի առնելով այն, որ Հայաստանի իշխանությունը նման տրամադրվածություն ունի։

– Նիկոլ Փաշինյանի պարագայում ոչինչ բացառել չեմ կարող, ազնվորեն եմ ասում՝ ինքը կարող է մի գիշերվա մեջ էլ թուղթ ստորագրել ու դա արել է, և կարող է ունենալ գաղտնի պայմանավորվածություններ և ունեցել է, հետևաբար դա չեմ կարող բացառել, բայց եթե ելնենք Հայաստանի ու Արցախի անվտանգային ու պետական շահերից, ապա ընդհանրապես որևէ փաստաթղթի ստորագրում այս փուլում չի բխում մեր շահերից։

Մեզ անհրաժեշտ է նախ իրավիճակը լուծել, որոշակի պաշտպանական խնդիրներ շտկել, որոշակի պաշտպանական խնդիրներ լուծել, հետո սկսել խելացի կերպով և բովանդակային խոսել մեր գործընկերների ու նաև հակառակորդների հետ։

– Ադրբեջանական հնարավոր էսկալացիան լինելու է միայն Հայաստան-Ադրբեջան սահմանի՞ն, թե՞ Արցախում էլ է հնարավոր։

– Դժվար է հասկանալ, որովհետև Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավարը վերջերս հայտարարեց, որ պատրաստ են Լաչինի ուղղությամբ ցանկացած ոտնձգություն ճնշել, թե ինչ ոտնձգության մասին է խոսում՝ պարզ չէ։

Ըստ էության, իրենք բազմիցս են գնացել այս կամ այն գործողությունների, ու դրանք իրենց համար հաջողությամբ են ավարտվել, նույն Խծաբերդի , Փառուխի և այլ դեպքերը։ Ադրբեջանի հիմնական քաղաքականությունը, իմ տպավորությամբ՝ ուժի, ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունն է, այսինքն՝ իրենք կարող են Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ կուտակումներ կազմակերպել ու դրանք ավելի շատ թե՛ որոշում կայացնողներին և թե՛ հանրությանը ահաբեկելու միտում ունենան, այսինքն՝ վախը պատերազմից հարկադրի իշխանություններին գնալ, ստորագրել անբարենպաստ թղթեր, որոնք արագորեն բերելու են ավելի վատ պայմաններով պատերազմի, որովհետև դու զիջում ես, դու թուլանում ես, դու այլևս ունակ չես լինելու պայքարելու։

– Տիկի՛ն Հայրապետյան, այս պահին Ադրբեջանի համար թիվ մեկ խնդիրը այդ պայմանագրի կնքո՞ւմն է, թե՞ կան նաև այլ առաջնային խնդիրներ։

– Դատելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունից՝ իրենց ու Թուրքիայի համար կարևորագույն խնդիր է «միջանցքի» հարցը։ Իրենք փորձում են բոլորին համոզել, որ դրա տրամադրումը ադրբեջանական սուվերենության ներքո կօգնի Եվրոպային Միջին Ասիայով, Թուրքիայով, Ադրբեջանով այլընտրանքային գազային մուտքեր ստանալ, այսինքն՝ ռուսական գազին այլընտրանք պայմանավորվածություններ ձեռք բերել։

Բայց այստեղ մեծ խաբկանք կա, որովհետև գազային պաշարներն անհամեմատելի են այն ծավալների հետ, որոնք կարող է տրամադրել ռուսական կողմը, Ադրբեջանը բնավ չունի, ու Ալիևը վերջերս ասաց, որ իրենք չեն էլ կարող մրցակցել ռուսական գազի հետ։ Ուստի այդ ամբողջ խաբկանքը Ադրբեջանի նախագահը շատ խելացիորեն փորձում է ստեղծել աշխարհի աչքի առաջ՝ փորձելով համոզել, որ ճնշեն Հայաստանին գնալ նման գործողությունների։

– Այսինքն՝ ադրբեջանական կողմի համար այս պահին ավելի կարևոր է «Զանգեզո՞ւրի միջանցքը», այլ ոչ թե այդ պայմանագրի կնքումը։

– Այդ պայմանագրի միջոցով իրենք նաև այդ խնդիրներն են փորձելու լուծել իհարկե, բայց ես կարծում եմ՝ դրանք զուգահեռաբար ընթացող գործընթացներ են։ Իր համար առաջնահերթ է, որպեսզի Հայաստանը հնարավորինս արագ հրաժարվի Արցախից, որից հետո ինքը կպահանջի ռուսական խաղաղապահների դուրսբերում Արցախից։ Իր համար նաև անհրաժեշտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրար հետ ուղղակի կապ ունենան, որին ոչ մեկը չի կարողանա խոչընդոտել, ինչով էլ իրենք կկարողանան իրենց խնդիրները լուծել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am