«Այո՛, մենք տրամադրված ենք». ՔՊ-ից հաստատում են, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ հնարավոր է՝ խաղաղության պայմանագիր կնքեն

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տրամադրված են մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:

«Անդրադառնալով մամուլում տարածված մտքին, որ մինչև տարեվերջ մենք տրամադրված ենք խաղաղության պայմանագիր կնքել, պետք է ասեմ՝ այո՛, մենք տրամադրված ենք և տեսնում ենք դրա հնարավորությունները ու այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք։ Դեռևս մեր նախընտրական ծրագրում ենք խոսել, որ մենք տրամադրված ենք ու գնում ենք խաղաղության հաստատման տարածաշրջանում, և, բնականաբար, դրա փաստաթուղթը պետք է լինի խաղաղության պայմանագիրը»,- «Մեդիալաբին» ասում է Ազգային ժողովի իշխանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ երեկ մամուլում լուր տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ փակ հանդիպմանը հայտարարել է, որ տրամադրված են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել։

Իշխանական պատգամավորի խոսքով՝ ժամեր տևած հանդիպման ընթացքում քննարկել են «Հայաստանի Հանրապետության ու Արցախի համար այս պահին կարևորագույն հարցերը, որոնք վերաբերել են մեր անվտանգությանը և գլխավորապես խաղաղության հաստատմանը, որոնք նաև ամրագրել ենք դեռևս մեր նախընտրական ծրագրում»։ 

Արթուր Հովհաննիսյանն անիմաստ է համարում այս պահին խոսել պայմանագրի բովանդակության ու կնքման հնարավոր ժամկետների մասին ու ընդգծում, որ իրենք խոսում են ընդամենը իրենց տրամադրվածության մասին։ 

«Բնականաբար, երբ հստակություն լինի, մեր ժողովուրդը հենց մեզանից ուղիղ կիմանա բոլոր մանրամասները։ Պայմանագրի տեսքի ու ժամկետների մասին հիմա խոսելն անիմաստ է, մենք խոսում ենք մեր տրամադրվածության մասին»,- խոսքը եզրափակեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը։

Հավելենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագիրը հիմնված է լինելու իրենց արած հինգ կետից բաղկացած առաջարկության վրա, որոնք հայկական կողմն ընդունել է։ Սրան ի պատասխան հայտարարություն տարածեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մասնավորապես նշելով. «Իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը»:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am