Փաստաբան Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ապշած եմ վարչապետի մոտ իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության փաստից: Իրավական պետությունում այդպիսի բան տեղի ունենալ պարզապես չի կարող:
Սահմանադրությամբ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության ղեկավարը, խորհրդակցության է հրավիրել իր մոտ դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելուն կոչված անկախ պետական մարմին հանդիսացող բարձրագույն դատական խորհդի անդամներին, որոնց հետ քննարկում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու մեջ մեղադրվող անձանց խափանման միջոցների հարցը:Այստեղ են ասել՝ ա՛յ քեզ ուրախ նապաստակ:
Լա՛վ, մի՞թե գլխավոր դատախազը, քննչական մարմինների ղեկավարները, արդարադատության նախարարը, կառավարության իրավաբանական վարչության պետը և վարչապետի խորհրդականները չէին կարող ուղղակի ներկայացնել տարրական տեղեկատվություն, որ երկրի վարչապետը պարզապես իրավունք չունի միջամտելու արդարադատության իրականացմանը, որ այն հանցագործություն է, որ ՀՀ սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա, որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:
Հետաքրքիր է՝ ԲԴԽ-ի անդամներն ի՞նչ պատճառաբանությամբ են ընդունել վարչապետի հրավերը և մասնակցել այդ հավաքին: Այս հանգամանքը լրջորեն մտահոգվելու տեղիք է տալիս: Մենք վտանգում ենք պետական ինստիտուտների բնականոն գործունեությունը:
Երբ որ պետք էր արմատական ու համակարգային փոփոխության ենթարկել դատական համակարգը, ընդորում՝ բացառապես օրինական ճանապարհով, Դուք դա չարեցիք: Զբաղվեցիք ժամավաճառությամբ: Իսկ հիմա փորձում եք դատարանների հետ «Հավսար, զգաստ»-ի տրամաբանությամբ խոսել: Սխա՛լ է»: