Իսպանիայում այս օրերին միաժամանակ մի քանի խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում։ AP-ի տվյալներով՝ կենտրոնական Իսպանիայում հրդեհները ավերել են ավելի քան 77 հազար հեկտար տարածք, իսկ տարհանվածների թիվը հասել է մոտ 90 հազարի։ Reuters-ի փոխանցմամբ՝ ամենախոշոր հրդեհներից մեկը Ավիլայում է, որտեղ այրվել է ավելի քան 50 հազար հեկտար տարածք։
Մասնագետները նշում են, որ խնդիրը միայն բարձր ջերմաստիճանն ու երաշտը չեն։ Կարևոր գործոն է նաև այն, թե ինչպես են վերջին տասնամյակներին փոխվել գյուղական տարածքներն ու անտառները։
1990 թվականից Իսպանիայում անտառածածկ տարածքները 28 տոկոսից աճել են մինչև 37 տոկոս։ Առաջին հայացքից սա դրական միտում է, սակայն, ըստ Der Spiegel-ի, անտառների զգալի մասը առաջացել է այն վայրերում, որտեղ նախկինում դաշտեր և արոտավայրեր էին։
Գյուղական բնակավայրերից մարդկանց հեռանալուց հետո այդ տարածքները լքվել են, աստիճանաբար ծածկվել թփերով ու ծառերով՝ վերածվելով մեծ քանակի այրվող կենսազանգվածի։ Եթե նախկինում մշակվող դաշտերն ու արոտավայրերը բնական «հակահրդեհային միջանցքներ» էին ստեղծում և օգնում էին զսպել կրակի տարածումը, ապա այժմ լքված տարածքներում կրակն ավելի արագ է տարածվում։
Այստեղ կարևոր դեր ունեն նաև այծերն ու այլ արածող կենդանիները։ Նախկինում նրանք բնական ձևով «մաքրում» էին տարածքը՝ ուտելով խոտը, թփերն ու ցածր բուսականությունը։ Գյուղական կյանքի թուլացման, անասնապահության նվազման և արոտավայրերի լքման հետևանքով այդ բնական վերահսկողությունը պակասել է, իսկ չորացող բուսականությունը ամռանը վերածվում է կրակի համար պատրաստ վառելիքի։
Der Spiegel-ի տվյալներով՝ մշակվող հողերում մեկ հեկտարի վրա չոր կենսազանգվածը կազմում է մոտ 4-10 տոննա, իսկ լքված տարածքներում կարող է հասնել մինչև 30 տոննայի։
Մասնագետները նաև մեկ այլ պարադոքսի մասին են խոսում․ վտանգավոր կարող են լինել նույնիսկ առատ գարնանային անձրևները։ Խոնավ գարունը նպաստում է բուսականության արագ աճին, իսկ ամռան շոգի, երաշտի և ցածր խոնավության պայմաններում այդ ամբողջ աճած բուսականությունը չորանում է և դառնում հրդեհների համար լրացուցիչ «վառելիք»։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկիրը կրում է կլիմայական ճգնաժամի հետևանքները։ Հետազոտողները զգուշացնում են՝ եթե անտառների և գյուղատնտեսական տարածքների կառավարման մեջ սկզբունքային փոփոխություններ չլինեն, նման լայնածավալ անտառային հրդեհները կարող են դառնալ նոր նորմա։



















