ՌԴ Պետդումայի փոխնախագահ. Հայաստանի և հայաստանցիների արտոնությունները կարող են չեղարկվել

ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում գործող արտոնությունները պայմանավորված են Մոսկվայի և Երևանի դաշնակցային հարաբերություններով, և այդ կարգավիճակի վերանայման դեպքում դրանք կարող են չեղարկվել։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Տոլստոյը նշել է, որ խոսքը, մասնավորապես, առանց գրանցման երկարաժամկետ գտնվելու հնարավորության և Ռուսաստանում աշխատանքի ընդունվելու պարզեցված կարգի մասին է։

«Եթե այդ կարգավիճակը չլինի, կամ ինչ-ինչ պատճառներով այն վերանայվի Հայաստանի քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ, ապա, իհարկե, այդ արտոնությունները կչեղարկվեն, և Հայաստանի քաղաքացիները կանցնեն ընդհանուր ռեժիմի՝ այն միգրացիոն ռեժիմի, որը գործում է բոլոր օտարերկրացիների համար»,-ասել է նա։

Տոլստոյի խոսքով՝ Հայաստանը կարող է զրկվել նաև ԵԱՏՄ անդամակցությունից ստացած առավելություններից։ Նա հայտարարել է, թե «հակառուսական հայտարարությունները», «ռուսաց լեզվի հետապնդումը» և Վլադիմիր Զելենսկու հետ շփումները չեն կարող անպատասխան մնալ Ռուսաստանի կողմից։

«Այն առավելությունները, որոնցից օգտվում էր Հայաստանը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության հետ կապված, կարող են շատ հեշտությամբ անհետանալ»,-ասել է ՌԴ Պետդումայի փոխնախագահը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը «հետևողական քայլեր» է ձեռնարկելու՝ «խելքի բերելու այն հայ քաղաքական գործիչներին, որոնք որոշել են, թե կարող են առանց Ռուսաստանի»։