Ի վերջո Արցախի ուրացման քաղաքականությունը հասավ իր տրամաբանական ավարտին. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

 Պարո՛ն Սուրենյանց, «հատուկ գործողություն» անվան տակի իրականում ի՞նչ է անում Ադրբեջանն Արցախում ռուսների գիտությամբ, որոնք պարտավորություն ունեին ապահովելու արցախահայության անվտանգությունը:

– Այս պարագայում միջազգային որևէ դերակատարի փաստաբանություն չեմ ստանձնի, որովհետև բոլորն են իրենց չափով պատասխանատու, որ Արցախի ժողովուրդը մենակ մնաց Ադրբեջանի ագրեսիայի հետ: Շատ անկեղծ ասեմ, որ խաղաղապահ առաքելությունները, ընդհանրապես դրանց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ չեն, արդյունավետ խաղաղապահ առաքելության մեկ դեպք անգամ չեմ հիշում: 

Տեսանելի է, որ միջազգային լռելյայն կոնսենսուսի պայմաններում Ադրբեջանը բռնի ուժով փորձում է ԼՂ-ն ինտեգրել Ադրբեջանին՝ որպես ձև ընտրելով ակնհայտ պատերազմական գործողությունները: Նպատակը սա է, բայց տարակուսելի է այն, որ միջազգային բոլոր դերակատարների պատասխանատվության մասին հիշում ենք անգիր, բայց մոռանում ենք, որ ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է՝ վարչապետի գլխավորությամբ: Ի վերջո Արցախի ուրացման քաղաքականությունը հասավ իր տրամաբանական ավարտին: 

– Ավա՞րտն է:

– Շատ նման է, որովհետև մեր ժողովուրդն արդեն գոյաբանական վտանգի է ենթարկվում, ֆիզիկական սպառնալիքի տակ է: Հիմա, ի վերջո, Փաշինյանը պիտի՞ անկեղծ ասի՝ ո՛ւմ հորդորով էր անցած տարի իջեցնում ԼՂ-ի կարգավիճակի նշաձողը՝ դիմացը չստանալով որևէ երաշխիք: Բավ է ամեն ինչի համար մեղադրել մե՛կ Ռուսաստանին, մե՛կ Արևմուտքին՝ սեփական պատասխանատվությունից խուսափելու համար: 

Կամ ի՞նչ հեղաշրջման մասին էր ակնարկում այսօր, ո՞վ է Հայաստանի ընդդիմությունից նման կոչ հնչեցրել, սեփական վախերը փորձում է փաթաթել ժողովրդի վզին՝ նույնիսկ Արցախի կործանման համատեքստում:

– ՀՀ վարչապետի արձագանքը Արցախում տիրող վիճակի վերաբերյալ ինչպե՞ս եք գնահատում:

– Տպավորություն էր, որ ամբողջ միջազգային հանրությանն ասում է՝ ես կապ չունեմ, ինձ մի՛ թիրախավորեք: Հերթապահ հայտարարություն Արցախում էթնիկ զտումների մասին, բայց ասելիքի մեխն այն էր, որ հեղաշրջում է տեղի ունենալու, թերևս գիտակցելով, թե ինչ ավեր է բերել Արցախի գլխին, ու հասկանալով, որ երկրում իսկապես ժողովրդական ցասում է հասունանում: Ընտրություններն էլ դա ցույց տվեցին, փորձում է սեփական իշխանությունը ապահովագրել՝ հեղաշրջումների մասին ֆոբիաներ տարածելով: 

Կրկնում եմ՝ թող հեղաշրջման կոչ անողի անունը հստակ տա ու վերջապես բացատրի, թե ինչո՛ւ հայ-ռուսական հարաբերությունները հայտնվեցին այնպիսի ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ, երբ այս օրհասական ժամերին իր ընտանիքին պատկանող կայքը հակառուսական գեներացիա է հրահրում, իսկ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Մեդվեդևը իր մասին ոչ կոռեկտ գրառում է անում՝ շանտաժով համեմված: 

– Պարո՛ն Սուրենյանց, ի՞նչ էր նշանակում այդ գրառումը:

– Առաջին դեպքը չէ, որ Մեդվեդևն էպատաժային գրառումներ է անում, ուկրաինական պատերազմի ընթացքում էլ է արել նման հայտարարություններ, որոնք մեծ հաշվով կապ չունեն Ռուսաստանի պաշտոնական քաղաքականության հետ, մեր մասով էլ, Ղազախստանի մասով էլ անում է: Այդ գրառումը ոչ կոռեկտ էր, ու դրա համար պաշտոնական Երևանը կարող է բացատրություն պահանջել Մոսկվայից: 

Բայց մենք մեդալի մեկ երեսի մասին ենք խոսում, բայց կատարվում է, չէ՞, պետական մակարդակով հակառուսական գեներացիա, այսինքն՝ չի կարելի միակողմանի գնահատականներ տալ: 

Հետևաբար Փաշինյանը պետք է պատասխանի գլխավոր հարցին՝ ինչո՞ւ իր պաշտոնավարման տարիներին հայ-ռուսական հարաբերությունները հասան հատակին, ու եթե դրա հետևանքով նոր դաշնակիցներ պետք է ձեռք բերեինք՝ ո՞ւր են նրանք: Այսինքն՝ ստացվում է, որ մի կողմից կատարելապես փչացրել է հայ-ռուսական հարաբերությունները, մյուս կողմից՝ որևէ նոր դաշնակից չունենք: 

– Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում Արցախում:

– Ռազմական գործողությունները գուցե կանգնեն, բայց դրա գինը շատ ծանր է լինելու, չնայած շատ ավելի լավ է, որ այդ գործողությունները կանգնեն: Պարզ է, որ դրանից հետո Բաքուն Ստեփանակերտի առաջ դնելու է շատ կոնկրետ պահանջներ, որոնք կա՛մ պետք է բավարարել՝ դրանք պետական ինստիտուտների ու ՊԲ-ի կազմալուծմանն են վերաբերելու, կա՛մ արցախահայությունը պետք է ընտրի պանդխտության ճանապարհը: Շատ մեծ ընտրանք չունենք, վատթարագույնի ու սարսափելիի միջև պետք է ընտրություն կատարվի:

– Իսկ Հայաստանո՞ւմ:

– Ցավոք սրտի, լավ կանխատեսումներ չունեմ: Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունը վարկանիշ չունի, հիմնված է միայն ուժայինների աջակցության վրա, հիմա Հանրապետության հրապարակում լարված է: Ներքաղաքական ցնցումներից եմ վախենում, եթե Նիկոլ Փաշինյանը խոհեմություն ունենա, վերջապես պետք է քաջություն ունենա հրաժարական տա, ինչքան իշխանության ղեկին մնա, այնքան ներքաղաքական տուրբուլենտ լարվածություն է լինելու, որը եզրափակվելու է անցանկալի ու անկանխատեսելի հետևանքներով: 

Միևնույն է, այս իշխանությունը պահպանվելու ռեսուրս այլևս չունի, այսօր կամ ամիսներ հետո ինքը գնալու է, որքան շուտ գիտակցի, որ իր առաքելությունը սպառված է, այնքան ներքաղաքական կայունությունն ավելի շուտ կգա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am