Փորձ է արվում տարրական դասարաններից հանել գնահատականը, բայց սա նաև շատ ռիսկեր է պարունակում. Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների գնահատման չափանիշները։ Որո՞նք են դրական կողմերը գնահատման այս նոր չափանիշների, որոնցով նախատեսվում է սովորողներին 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում թվանշան չնշանակել։

– Եթե իդեալի մեջ ենք նայում, իհարկե, սա գնահատման համակարգը դարձնում է ավելի հումանիստական ու ավելի արդյունավետ, բայց մի բան է այդ իդեալական վիճակը, բոլորովին այլ՝ ռեալ իրականությունը, որովհետև իրականության մեջ իդեալական վիճակներ չեն լինում։ 

Այս նոր բարեփոխման իմաստն այն է, որ փորձ է արվում տարրական դասարաններից հանել թվանշանը՝ մինչև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակ, ու այն փոխարինել այսպես կոչված նկարագրական կամ ձևավորող գնահատումով, որի ամբողջ իմաստն այն է, որ փորձ արվի ուսման առաջին տարիներին արմատախիլ անել այդ թվանշանի պաշտամունքը, որը հատկապես ծնողների համար է չափազանց կարևորվում։ 

Դրականն այն է, որ որոշ աշակերտներ այլևս չեն տեսնի, թե ինչպես են իրենց համադասարանցիներից ոմանք չհիմնավորված բարձր թվանշան ստանում։ Գնահատականը երբեմն դառնում է նաև երեխային պատժելու գործիք, օրինակ՝ դեպքեր են լինում, որ երեխան դասից ուշանում է կամ իրեն վատ է պահում, դրա դիմաց անբավարար են գնահատում, ինչը սակայն կապ չունի գիտելիքի հետ, այսինքն՝ այս բացասական երևույթները դուրս կգան դպրոցից: Այս իմաստով այն դրական է, գոնե մինչև 5-րդ դասարանը չի լինելու այդ թվանշանի կռիվը, իսկ արդեն 5-րդ դասարանից հետո, որ թվանշանը ներմուծվի, բնական է, որ այդ թվանշանի պաշտամունքը ավելի թույլ կլինի, քան այսօր է։ 

Այս չափանիշներով նախատեսված մյուս փոփոխությունն էլ այն է, որ հանվում է բացասական թվանշանը, այսինքն՝ բոլոր թվանշանները համարվում են դրական՝ մեկն էլ է դրական, տասն էլ, հետևաբար, մեկ ստացողն էլ է փոխադրվելու հաջորդ դասարան, տասը ստացողն էլ, այսինքն՝ նույն դասարանում մնալն այլևս չի լինելու։ 

Սա ևս դրական կողմ ունի, որովհետև ես չեմ ճանաչում մի երկտարեցու, որը մնացել է նույն դասարանում ու հաջորդ տարի խելքը գլուխն է հավաքել ու սկսել է սովորել, այսինքն՝ իրականում սա ոչ մի արդյունք չի տալիս, այդ երեխան ավելի է վատանում, քան որ մենք նրան տեղափոխենք հաջորդ դասարան, որովհետև նրա մեջ նաև կուտակվում են որոշակի հոգեբանական խնդիրներ։ 

– Բարեփոխման ռիսկերը որո՞նք են լինելու։

– Ռիսկն այն է, որ երբ դու գործող համակարգից, թեկուզև՝ վատ համակարգից, ինչ-որ մի բաղադրիչ հանում ես, դրա տեղն ինչ-որ բան պետք է դնես, որովհետև համակարգերը դատարկություն չեն սիրում։ Այստեղ արդեն շատ բան կախված կլինի նրանից, թե այդ դատարկությունն ինչպես կլցվի։ 

Նույն կրտսեր դպրոցում, եթե հանում ենք թվանշանը, մենք պետք է բերենք գնահատման ավելի արդյունավետ գործիքներ, հիմա խնդիրն այն է, որ այդ արդյունավետ գործիքը ուզում է որոշակի նախապայմաններ։ Օրինակ՝ եթե մենք բերում ենք այդ նկարագրական գնահատումը, ապա այն շատ աշխատատար գործընթաց է։ 

Եթե առաջ ուսուցիչը գնահատում էր 7, 8, 10 ու վերջ, ապա հիմա ինքը պետք է ավելի հանգամանալից նկարագրի, թե երեխան ի՛նչն է լավ անում, ի՛նչը՝ վատ, ի՛նչ պետք է անի, որպեսզի առաջընթաց ունենա, այսինքն՝ ստացվում է, որ այս նոր գործիքն ավելի աշխատատար է, ու եթե մենք դասարանում էլի ունենք 30-35 սովորող, ապա, օրինակ՝ շախմատի ուսուցիչը, եթե աշխատում է 2-4-րդ դասարաններում, ու դպրոցը մեծ է, ապա հնարավոր է՝ նա 9 դասարանում դասավանդի, ու եթե ամեն դասարանում կա 30 երեխա, ինքը պետք է ամեն կիսամյակ պարբերաբար 270 աշակերտի համար նկարագրական գնահատում անի: Պատկերացնո՞ւմ եք՝ 270 երեխայի համար պետք է գրի՝ ի՛նչն է լավ, ի՛նչը՝ վատ, որի հիման վրա պետք է ծնողը, դպրոցը միջամտություններ անեն։ 

Սա հսկայածավալ աշխատանք է, ու եթե սրա դիմաց ուսուցիչները լրացուցիչ չվարձատրվեն, կամ դասարանների աշակերտների թիվը չփոքրացվի, ապա կա շատ մեծ ռիսկ, որ ուսուցիչն ունենալու է ինչ-որ ձևանմուշներ, որոնք պատճենելով տալու է, այսինքն՝ գրելու է նկարագրության մի 3-4 մոդել ու ասելու է՝ սրան էս մեկը դնեմ, մյուսին՝ էս մեկը, ու դա դառնալու է շատ անարդյունավետ մի բան։ 

Հետևաբար հիմա շատ լուրջ անելիքներ կան և՛ ֆինանսական հարցերի, ծանրաբեռնվածության, և՛, իհարկե, նաև ուսուցիչներին պետք է այս ամենը սովորեցնել, որովհետև այս պահին այդ հմտությունը շատ ուսուցիչներ դեռ չունեն։ 

Բացասական թվանշանի վերացումը ևս շատ մեծ ռիսկ ունի, որովհետև կրթության մեջ ու ոչ միայն, առհասարակ շատ գործիքների մենք ոչ թե պետք է ուղիղ նայենք, այլ նաև՝ անուղղակի ձևով։ Մեզ թվում է, թե այդ բացասական թվանշանը վերաբերում է միայն նույն դասարանում մնացողներին, բայց եթե խորն ենք նայում, տեսնում ենք, որ այդ բացասական թվանշանը ավելի շատ ուղերձ է մնացած աշակերտներին, քան այդ նույն դասարանում մնացողներին։ 

Օրինակ՝ նույնը հանցագործների դեպքում է, երբ մենք հանցագործներին խիստ պատժում ենք, դրա հիմնական նպատակը կոնկրետ այդ հանցագործը չէ, դրանով մենք նաև հասարակության մնացած անդամներին ուղերձ ենք տալիս, որ եթե դուք էլ նույնն անեք, ձեզ էլ ենք պատժելու։ Նույնը՝ թվանշանի դեպքում է․ այսօր մենք ունենք աշակերտներ, որոնք սահմանային մակարդակում են, այսինքն՝ 3-4 միավոր են ստանում ու եթե մի քիչ վատ սովորեն, կարող են մնալ նույն դասարանում կամ վերաքննություն հանձնել, մի քիչ լավ սովորեն՝ կարող են դրական թվանշան ստանալ, ու այդ երեխաների թիվը շատ մեծ է: Իմ կարծիքով՝ մեր աշակերտների մի զգալի հատված, գուցե մինչև 30 %, այդ սահմանային աշակերտներն են, այսինքն՝ մարդիկ են, որ եթե մի քիչ զգոնությունը թուլացնեն, իրենք արդեն ավելի հետ կշպրտվեն, քան այսօր են։ 

Եթե մենք բացասական թվանշանը հանում ենք, այս երեխաներն ընդհանրապես կարող են կորցնել սովորելու ցանկությունը, այդ մի երկու բանն էլ, որ այսօր անում են, կարող են դա էլ չանել, ասելով, որ եթե չկա բացասական թվանշան, թող 4 չլինի, 3 կամ 2 լինի, ի՛նչ տարբերություն։ Հնարավոր է՝ մեր ուսուցիչներն ավելի հոգեբանական խնդրի բախվեն դասարանում, երբ ինչ-որ երեխայի ասեն՝ դե մի քիչ սովորիր, աշխատիր, երեխան ասի՝ ինչի՛ս է պետք, թող 2 լինի, այսպիսի ռիսկ է առաջանալու ռեալ կյանքում։ Եթե այսօր ուսուցիչը կարողանում է ասել, եթե չսովորես՝ վերաքննություն կա, ամոթ է և այլն, ապա նոր համակարգով այս ամենը վերանալու են։ 

– Պարո՛ն Խաչատրյան, ստացվում է, որ կիրառության մեջ գնահատման այս նոր չափանիշները չե՞ն արդարացնելու։

– Շատ մեծ ռիսկեր ունի, այո՛։ Այստեղ նաև մտածողության փոփոխություն է պետք․ ծնողների մտածողությունն էլ պետք է փոխվի, որ իրենք էլ հասկանան, որ կարևորը գիտելիքն է, ոչ թե թվանշանը, բայց սա շատ իդեալական է հնչում։

– Որպես մասնագետ՝ կասեք, սկզբի համար ի՞նչ պետք է անել, որ գոնե այդ ռիսկերը հնարավորինս քիչ լինեն։

– Ամենալավ ճանապարհը ուսուցիչների կարողությունները զարգացնելն է ու հետաքրքիր բովանդակություն հաղորդելը։ Դասագրքերը պետք է հետաքրքիր դարձվեն, որպեսզի սովորողները շահագրգռվեն գիտելիք ստանալու հարցում։

– Բայց, այնուամենայնիվ, գնահատականը չէ՞ր օգնում, որ սովորողը, թեկուզ հանուն դրա, բայց որոշակի գիտելիք քաղեր։

– Եթե անկեղծ լինենք՝ իհարկե օգնում էր։ Ընդհանուր առմամբ, գնահատականը ինչ-որ դրական դեր ունի, բայց նաև շատ բացասական դեր ունի, որի մասին արդեն ասացի, բայց պետք է պատրաստվես էլի, ծնողներին պատրաստես, ուսուցիչներին պատրաստես, բովանդակությունը փոխես։

– Հիմա մենք պատրա՞ստ ենք, որ սեպտեմբերից կիրառության մեջ է մտնելու։

– Կարծում եմ՝ չէ, կիսատ-պռատ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am