«Արցախում քաղաքական նարատիվը փոխվել է. այսինքն՝ եթե Ադրբեջանն անկախ չլինի, հնարավո՞ր է Արցախի ինտեգրումը Ադրբեջանին». Վահրամ Աթանեսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը

– Պարո՛ն Աթանեսյան, ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքից, այն ի՞նչ կտա Արցախին ու Հայաստանին:

– Ըստ էության, եթե ասեմ, որ արտառոց երևույթ է տեղի ունեցել, այնքան էլ այդպես չէ, որովհետև հանրահավաքի մասին մի քանի օր առաջ արդեն ծանուցում կար, կազմակերպիչները ԱԺ բոլոր խմբակցություններն էին, բոլոր քաղաքական ուժերն էին, և, բնականաբար, պետք է բազմամարդ լիներ: Մանավանդ որ, այն ուղեկցվում էր ԱԺ հատուկ արտահերթ նիստի առցանց հեռարձակմամբ: 

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ մեսիջներ հղեց այդ հանրահավաքը կամ ԱԺ տարածած հայտարարությունը. անկեղծ ասած, ինձ համար բավական բարդ է գնահատելը: Եթե ելնում ենք ԱԺ հայտարարության տեքստային տարբերակից, ապա հիմնական արձանագրումն այն էր, որ Արցախը չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում: 

Մինչ այդ արցախյան իշխանությունների և քաղաքական ուժերի հիմնական նարատիվն այն էր, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Հոկտեմբերի 30-ին, իմ կարծիքով, մտցվել է ինչ-որ նուրբ ձևակերպում, որ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, ինչը ենթադրել է տալիս, որ, համեմայնդեպս, հանրահավաքի կազմակերպիչների մոտ կա ակնկալիք, որ հետխորհրդային տարածքում հնարավոր է ինչ-որ վերպետական կազմավորում, որի իրավաքաղաքական համակարգում Արցախը կարող է ներգրավված լինել որպես ինչ-որ մի սուբյեկտ: Սա, կարծում եմ՝ այս հանրահավաքի ամենաէական նորությունն էր: Իմ տպավորությունը դա էր:

– Անընդհատ շեշտվում էր ռուսական տարբերակին կողմ լինելու հանգամանքը: Սա ինչպե՞ս եք գնահատում:

– Ես բազմիցս իմ հարցազրույցներում շեշտել եմ իմ մասնավոր կարծիքը, որ հայ-ադրբեջանական կարգավորումը, եթե ելնում ենք իրողություններից, կարող է տեղի ունենալ միայն Ռուսաստանի գործուն մասնակցությամբ: Ես չեմ ասել միջնորդությամբ, որովհետև ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, եթե չեմ սխալվում, մոտ 2 շաբաթ առաջ հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարության միջնորդ է, այլ ղարաբաղյան հակամարտության պատմական կողմ է: Սա փաստենք, որ Ռուսաստանի պաշտոնապես արտահայտված տեսակետն է: 

Հիմա մարդիկ խոսում են, ասում են՝ մենք կողմ ենք հայ-ադրբեջանական պայմանագրի ռուսաստանյան տարբերակին: Նախ՝ չի կարող լինել երկու երկրների միջև պայմանագրի նախագիծ, որը կազմում է երրորդ կողմը՝ լինի Մոսկվան, Վաշինգտոնը թե Փարիզը: Երկրորդ՝ մենք չգիտենք՝ Մոսկվան ինչ է առաջարկում, հրապարակային չկա, թե որոնք են Ռուսաստանի նկատառումները և պարամետրերը, ինչպես ձևակերպել է ՌԴ ԱԳ նախարարը, հայ-ադրբեջանական հնարավոր պայմանագրի շուրջ: Այսինքն՝ մենք աջակցություն ենք հայտնում մի նախագծի, որից տեղյակ չենք: 

Եթե խոսքը վերաբերում է մամուլում արտահոսքին, ապա արտահոսքը վերաբերում էր վաշինգտոնյան նախաձեռնությանը: Այսինքն ՝մենք ունենք տեղեկատվական արտահոսք, որ հոկտեմբերի 27-ին Հայաստանի ԱԽ քարտուղարը և Ադրբեջանի նախագահի օգնականը քննարկել են հարցեր, որոնց վերաբերյալ պետքարտուղարությունը կազմել է ամփոփագիր: Այդ ամփոփագիրը հայտնվել է մամուլում: Այսինքն՝ մենք գործ ունենք մի թղթի հետ, որի մի կետը կարող է իրականություն լինել, մի կետը՝ ոչ: 

Այդտեղ ռուսական տարբերակը չկա, նույնիսկ տեղեկատվական արտահոսքի մակարդակով որևէ բառ հրապարակված չէ: Ոմանք ասում են, որ գոյություն ունի ռուսական առաջարկություն, որի 15-րդ կետով կողմերը պետք է պարտավորվեն, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի խնդիր, և Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկվելու է հետագայում: Համենայնդեպս, այդպես են ասում:

– Ինչպե՞ս եք գնահատում Արցախի ԱԺ հատուկ նիստում ընդունած հայտարարությունը: Որոշ վերլուծաբաններ տարակուսանք են հայտնում, թե մի՞թե Արցախում մի քաղաքական տեքստ գրող չկար, որ նման տեքստ են հրամցրել, և միակ մխիթարականն այն է, որ հանրահավաքում հնչեցին հայտարարություններ, որ կանք, ապրել ենք ուզում, ապրելու իրավունք ունենք, ինչպես բոլորը:

– Ես արդեն ասացի, որ այդ հայտարարության մեխը հենց առաջին ձևակերպումն է, որ Արցախը չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և, ըստ էության, նարատիվը փոխվել է: Մինչ այդ միանշանակորեն սահմանվում էր կարմիր գիծ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ անկախ նրանից Ադրբեջանն անկախ կլինի, ԵՄ անդամ կլինի, թե ՀԱՊԿ անդամ կլինի: 

Հիմա, Արցախի ԱԺ հոկտեմբերի 30-ի հայտարարության մեջ գրված է, որ Արցախը չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում: Այսինքն՝ եթե Ադրբեջանն անկախ չլինի, հնարավո՞ր է Արցախի ինտեգրումը Ադրբեջանին: 

Ինչ վերաբերում է տեսակետին, թե քաղաքական տեքստ գրող չկա, ապա կարծում եմ՝ ոչ ոք և ոչինչ չէր խանգարում, որ այդ մարդիկ գրեին քաղաքական տեքստ և ուղարկեին Արցախի ԱԺ-ին՝ առաջարկելով քննարկել իրենց տարբերակը: Գուցե Արցախի ԱԺ-ն ընդուներ իրենց շատ գրագետ ձևակերպված տարբերակը: Այսինքն՝ մի կողմ կանգնել և սպասել, որ մեկուսի Ստեփանակերտը Քիսինջերի ոճի ձևակերպումներ է անելու, սա էլ ինչ-որ տեղ, կարծում եմ՝ ընդունելի չէ: 

Նորից եմ ասում՝ կարող էին 15, 30, 40 շատ գրագետ քաղաքագետներ, քաղաքական վերլուծաբաններ իրենց տեքստերը էլեկտրոնային փոստով ուղարկեին Արցախի Ազգային ժողով, և այդ դեպքում գուցե Արցախի ԱԺ քաղաքական ուժերը կքննարկեին այդ տարբերակները և կընտրեին ամենաօպտիմալը կամ լավագույնը: Չի կարելի հեռվից այդպիսի քննադատական խոսքեր հնչեցնել Արցախի ԱԺ հասցեին: Համենայնդեպս, դա Արցախի բարձրագույն ներկայացուցչական մարմինն է, և ունենք այն, ինչ ունենք:

Մանե Հարությունյան

MediaLab.am