Թող գյուղացիներին զենք բաժանեն, այս պայթյունավտանգ իրավիճակում, երբ չգիտենք՝ մեկ րոպե հետո ինչ կլինի. Արգամ Հովսեփյան

Արգամ Հովսեփյանը՝ ձախից. (Լուսանկարը՝ Անուշ Բաբաջանյան)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանը

– Պարո՛ն Հովսեփյան, ադրբեջանական սադրանքից հետո ընդհանուր առմամբ ի՞նչ իրավիճակ է Տեղ գյուղում։

– Այս պահին նորմալ վիճակ է։ Ինժեներական աշխատանքները շարունակվում են այնտեղ, որտեղ եղել է հրաձգությունը, իրենք էլ են աշխատում, մերոնք էլ։ Լարվածություն այս պահին չկա, հանգիստ ամեն մեկն իր գործն է անում։

– Այսինքն՝ ադրբեջանցիները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ դիրքավորվել էին դեռ մարտի 30-ի՞ն։ Իշխանության հավաստիացումները, թե բանակցություններից հետո որոշակի բարելավում կա, իրականությանը չի՞ համապատասխանում։

– Բարելավումը ո՞րն է, ադրբեջանցիները հե՞տ գնացին։ Նույն ձևի է, որտեղ կանգնած եղել են, այնտեղ էլ մնացել են, ես այդ բարելավումը չեմ տեսնում, ո՞վ է ասում։

– Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քարտեզների հետ կապված անճշտություններ են առաջացել, դրա շուրջ կողմերը բանակցել են, ինչի արդյունքում էլ որոշակի բարելավում է եղել։

– Հա՜, քարտեզներից իրենք տեղյա՞կ են, Արավուսի՝ մեր գյուղի հողերն էլ՝ 65 հեկտարը, տվել է, ասում է՝ բարելավում կա, առաջ չեն եկել, իրենց հողերում կանգնած են: Բա որ իրենց հողերում են կանգնել, բա մեր ձեռքի վկայականներն ի՞նչ են։ Նույնն էլ հիմա է․ Տեղում էլ են առաջ եկել՝ ասում են՝ բարելավում ենք անում։ Ես չեմ տեսնում այդ բարելավումը, դա ճիշտ չէ։

– Պարո՛ն Հովսեփյան, բնակչության մեջ անվտանգային առումով մտավախություններ կա՞ն։

– Մեր բանակն իր գործը փայլուն կատարում է, դա բոլորս գիտենք, փառք ու պատիվ իրենց։ Ուղղակի գյուղացիներին պետք է զինեն, այս պահին բոլորը պետք է զինված լինեն, որպեսզի բանակի կողքին կանգնենք։ Զինվորը որ նայում է, տեսնում՝ թիկունքն ուժեղ է, ավելի է դուխավորվում։ 

– Այսինքն՝ սահմանամերձ գյուղերին զենքով ապահովելու անհրաժեշտությո՞ւն եք տեսնում։

– Անպայման։ Ես նորից եմ կրկնում, էն օրն էլ եմ ասել, համայնքում բոլորը կռիվ տեսած են, զենքին տիրապետում են, բոլորին թող բերեն զենք բաժանեն, այս պայթյունավտանգ պահին, երբ չենք իմանում մեկ րոպե հետո ինչ կլինի։ 

– Դիմե՞լ եք այդ հարցով, կա՞ն արձագանքներ։

– Մի քանի անգամ դիմել ենք, բայց ոչ մի արձագանք չկա։

– Պարո՛ն Հովսեփյան, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքն ինչպե՞ս եք տեսնում։

– Համապատասխան զենքերով զինեն, սրանց հետ շպրտենք, ուրիշ ելք չկա։ Տեսնում եք, չէ՞, Սիսիանում, Կապանում ինչ է կատարվում, հնարավոր չէ այսպես: Մեր տնից 100-150 մետր են հեռու, ո՞նց կարող ես այսպես հարմարվել, ապրել, գիշերները քնես, չեմ ասում, թե այդպես վախենում ենք, բայց երեխա կա, տարեցներ կան։ 

– Գյուղատնտեսական աշխատանքների համար ևս խոչընդոտ են, չէ՞, լինելու։

– Անպայման, չնայած հո՞ղ է մնացել, որ խոչընդոտեն, մի քանի հեկտար բան է մնացել, այն էլ մարդիկ ինքնակամ չեն մշակում, վախենում են մոտենալ դրանց։ Սրանց մնում է հետ շպրտելը, ուրիշ ոչ մի բան, մեր փրկությունը դրա մեջ է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am