ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիան վաճառելու վերաբերյալ խնդրանքը զարմանք է առաջացնում։
«Զարմանքով ենք լսում այս հարցերը: Եթե դրանք արդեն առաջացել են, պետք է գործընկերոջդ պատմես, թե ինչպես ես այդ առնչությամբ մտածում։ Փոխարենը հրապարակային հայտարարություն է արվում, թե դրանք ընդհանրապես «իրենցն» են, և մենք նրանց երկու միլիարդ դոլար ենք պարտք»,- ասել է Լավրովը ՌԲԿ-ին տված հարցազրույցում։
Նախարարը նշել է, որ երկու երկրների փոխվարչապետների միջև պարբերաբար շփումներ են տեղի ունենում, որոնց ընթացքում հայկական կողմը կարող է քննարկել իրեն հետաքրքրող ցանկացած հարց,այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնված Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Մոսկվային առաջարկում է Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան վաճառել երրորդ երկրի։ Նրա խոսքով՝ ռուսական կողմի կողմից այդ առաջարկը մերժելու տարբերակը հնարավոր չէ։
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008 թվականի փետրվարին 30 տարով հանձնվել է Հարավկովկասյան երկաթուղի ընկերության կոնցեսիոն կառավարմանը՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։



















