Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր մասնակցել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերաբացման արարողությանը:
Կառավարության որոշմամբ, Քննչական կոմիտեի և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով, ՊՈԱԿ-ը ձեռք է բերել ABI Prizm 3500 գենետիկական վերլուծիչ համակարգը, որի շնորհիվ հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննություններ կիրականացվեն:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայությամբ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ու «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը կտրեցին կարմիր ժապավենը, որից հետո ներկաները ծանոթացան բաժնի կողմից կատարվող աշխատանքներին:
Ներկաները փաստեցին, որ ձեռք բերված սարքավորումները թույլ կտան առավել սեղմ ժամկետներում ստանալ փորձաքննության հիմնավորված և օբյեկտիվ արդյունքներ:
Այս մասին տեղեկանում է պաշտոնական հաղորդագրությունը։