ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Շվեյցարիայում բանակցություններ են սկսել՝ Իրանի միջուկային ծրագրի և նախորդ շաբաթ ստորագրված միջանկյալ համաձայնագրի մանրամասները հստակեցնելու համար։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Բանակցությունները տեղի են ունենում Շվեյցարիայի Օբյուրգեն քաղաքում և նախատեսված են 60 օրվա համար։ Դրանք պետք է ճանապարհ հարթեն վերջնական համաձայնության համար, որը կվերաբերի Թեհրանի միջուկային ծրագրին, պատժամիջոցների մեղմացմանը և տարածաշրջանային լարվածության նվազեցմանը։
AP-ի փոխանցմամբ՝ բանակցություններին մասնակցում են նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և բանակի հրամանատար Ասիմ Մունիրը, որոնք, Կատարի հետ միասին, միջնորդական դեր են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև նախնական համաձայնության ձեռքբերման գործընթացում։
Իրանական կողմը, ըստ աղբյուրի, շեշտում է, որ համաձայնության իրագործման համար կարևոր է նաև Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև բախումների դադարեցումը։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրում է հրադադարի պայմանների լիարժեք իրականացումը չապահովելու մեջ։
Բանակցությունների օրակարգում են նաև Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը, Իրանի նավթի վաճառքի վերականգնումը, սառեցված ակտիվների հասանելիությունը, ինչպես նաև Իրանի հարստացված ուրանի պաշարների կրճատման հարցը։



















