Մահափորձի հետքերով. ըստ իրավապաշտպանների` Հայրիկյանի գործով հնարավոր է սխալ հանցագործների են ձերբակալել

Մահափորձի հետքերով. ըստ իրավապաշտպանների` Հայրիկյանի գործով հնարավոր է սխալ հանցագործների են ձերբակալել
Մահափորձի հետքերով. ըստ իրավապաշտպանների` Հայրիկյանի գործով հնարավոր է սխալ հանցագործների են ձերբակալել

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր պաշտոնապես հայտարարեց, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու մարդ, ովքեր, ըստ ԱԱԾ-ի, Երևան քաղաքում են գտնվել «ոչ լեգալ կարգավիճակում»: Ըստ նույն հայտարարության` ձերբակալվածներ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանն արդեն տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ: Ավելին, ԱԱԾ-ն արդեն տարածել է նրանց լուսանկարները:
Հատկանշական է, որ այս ձերբակալությունը հաջորդեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի` նախօրեին արած այն հայտարարությանը, թե դիմում է Սահմանադրական դատարան` ընտրությունների ժամկետը երկու շաբաթով հետաձգելու պահանջով: Իրավապաշտպաններն առայժմ խուսափում են ասել` Հայրիկյանի այս հայտարարության և ձերբակալության միջև ուղիղ կապ կա՞, թե՞ ոչ:
Սակայն նրանք չեն բացառում, որ իրավապահները գուցե սխալ հանցագործների են ձերբակալել:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, որ իրավապահ մարմինները տարածում են կասկածյալների լուսանկարները: «Երբ պետք է` նկարները երևում են, երբ պետք է`չեն երևում: Հայաստանի իրավապահ մարմիններից ամեն ինչ սպասելի է, ոչ մի բան զարմանալի չէ»,- «Մեդիալաբին» ասում է Միքայել Դանիելյանը: Նա հիշեցնում է, որ եղել են դեպքեր, երբ նույնիսկ դատական նիստերի ժամանակ են ոստիկանները մտնում դահլիճ, նկարում և «02» հաղորդաշարով ցույց տալիս: Իրավապաշտպանը հիշեցնում է, որ այս դեպքում անմեղության կանխավարկածի խախտման հետ գործ ունենք:

Անդրադառնալով Հայրիկյանի այն հայտարարությանը, որ իր վրա կրակողն ազգությամբ հայ չէր, և այն փաստին, որ ձերբակալվածները հայեր են, Միքայել Դանիելյանն ասում է. «Այստեղ կա շատ մեծ և կարևոր իրավիճակ. ասում են` Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում: Կարող է` Պարույր Հայրիկյանն է՞դ նկատի ուներ, որ ասում էր` հայ չի»:

Իրավապաշտպանը չի բացառում, որ հնարավոր է` հանցագործության հետ կապ չունեցող անձինք են ձերբակալվել: «Հայաստանում ենք ապրում, չպետք է զարմանալ: Հո Հայրիկյանի գործով չի առաջին անգամ, որ սխալ մարդ են ձերբակալում: Էնքան սխալ ձերբակալություններ կան, էնքան սխալ մեղադրյալներ կան: Դա պետք է միշտ հիշեք, որ Հայաստանի Հանրապետությունում շատ հնարավոր է, որ անմեղ մարդկանց ձերբակալեն և նույնիսկ դատեն»,- ասում է Մ. Դանիելյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այս ձերբակալությունն «ամբողջությամբ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում» է համարում:

«Ավելին, սա մեկ նպատակ ունի` ամեն գնով հարցը տեղափոխել այլ հարթություն, ցույց տալ, թե իբր իրավիճակն իշխանությունների կողմից վերահսկվում է»,- «Մեդիալաբին» ասաց Սաքունցը: Նրա խոսքով` այս մահափորձի իրական կատարողներին և պատվիրատուներին պետք է գտնել: «Իսկ ես խիստ կասկածում եմ, որ ի վիճակի են դա անելու, այսինքն` ճիշտ հանցագործներին հայտնաբերելու»,- ընդգծեց Սաքունցը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նույնպես ասում է, որ ԱԱԾ-ն միայն պետք է հաղորդագրություն տարածեր, որ հայտնաբերվել են կասկածյալներ, ընթանում է նախաքննություն: Ինչ վերաբերում է նրանց լուսանկարները տարածելուն, ապա Իշխանյանը նույնպես ասում է, որ դա անձնական անմեղության կանխավարկածի խախտում է:

«Դա առաջին դեպքը չէ Հայաստանում: Եթե ուշադրություն դարձնեք ոստիկանության հաղորդումներին, ապա ամեն անգամ կասկածյալներին ցույց են տալիս դեմքով, թե ինչպես ինքնախոստովանություն արեցին, նույնիսկ նրանց վրա վնասվածքներ ենք տեսնում»,- «Մեդիալաբին» ասաց Իշխանյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին` ճի՞շտ հանցագործների են հայտնաբերել, թե՞ ոչ, Իշխանյանն ասում է, որ առայժմ հնարավոր չէ դրա պատասխանը տալ: «Ինձ համար շատ կարևոր է, թե արդյոք այդ մարդիկ բերման ենթարկվելիս, ինքնախոստովանական ցուցմունքներ տալիս ապահովվե՞լ են ամենակարևոր սկզբունքներով` փաստաբան ունեցե՞լ են, փաստաբանի ներկայությա՞մբ են ցուցմունքներ տվել, թե՞ ոչ»,- ասաց իրավապաշտպանը:

Նշենք, որ այսօր արդեն Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ կդիմի ՍԴ, բայց հնարավոր է` դիմումը քննելու ժամանակահատվածում առողջական վիճակը լավանա և այն հետ վերցնի: Նախագահի թեկնածուի վրա մահափորձ էր կատարվել հունվարի 31-ի գիշերը:

© Medialab.am