ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը կընդլայնեն իրենց ներկայությունը Վենեսուելայում այնքան ժամանակ, մինչև այդ երկիրը Վաշինգտոնին չվերադարձնի նախկինում գողացված նավթը, հողերը և այլ ակտիվները։ Թրամփն այդ մասին գրել է Truth Social հարթակում։
«Վենեսուելան ամբողջությամբ շրջապատված է Հարավային Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ նավատորմով։ Այն դեռևս կխոշորանա, և նրանց սպասվող ցնցումն աննախադեպ կլինի՝ այնպիսին, ինչպիսին նրանք երբեք չեն տեսել։ Սա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Միացյալ Նահանգներին վերադարձվի մեզանից նախկինում գողացված ողջ նավթը, հողը և մյուս ակտիվները»,- գրել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Մադուրոյի «անօրինական ռեժիմը» գողացված նավթահանքերից ստացված նավթն օգտագործում է սեփական ֆինանսավորման, թմրանյութերի ահաբեկչության, մարդկանց թրաֆիքինգի, սպանությունների և առևանգումների համար։ «Մեր ակտիվների գողության, ինչպես նաև բազմաթիվ այլ պատճառներով՝ ներառյալ ահաբեկչությունը, թմրանյութերի մաքսանենգությունն ու մարդկանց թրաֆիքինգը, Վենեսուելայի ռեժիմը ճանաչվել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Հետևաբար այսօր ես հրամայում եմ Վենեսուելա մտնող և այնտեղից դուրս եկող բոլոր պատժամիջոցների տակ գտնվող նավթատարների լիակատար շրջափակում»,– նշել է Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ օտարերկրացիներն ու հանցագործները, որոնց Մադուրոյի ռեժիմը Բայդենի վարչակազմի օրոք ուղարկել է Միացյալ Նահանգներ, արագ տեմպերով վերադարձվում են Վենեսուելա։
«Ամերիկան թույլ չի տա հանցագործներին, ահաբեկիչներին կամ այլ երկրներին թալանել, սպառնալ կամ վնասել մեր ազգին։ Նմանապես, թույլ չի տա որևէ թշնամական ռեժիմի խլել մեր նավթը, հողը կամ այլ ակտիվներ, որոնք պետք է անհապաղ վերադարձվեն Միացյալ Նահանգներին»,- ասված է գրառման մեջ։



















