Շուկայում նկատվում է դեֆիցիտ. Հայաստան ցեմենտի ներմուծման տուրքը կնվազի, կլինկերի համար՝ կհանվի

Հայաստանում կառուցապատողներից բողոքներ են հնչում, որ շուկայում նկատվում է ցեմենտի դեֆիցիտ, գինը բարձրացել է. նոր նախագծով առաջարկում է ցեմենտի ներմուծման համար կիրառվող տուրքը նվազեցնել՝ 14 հազար դրամի փոխարեն սահմանելով 9 հազար դրամ, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի ներմուծման տուրքը հանել:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն:Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական կայքից:

Նախագծի հեղինակ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ 2019 թվականին Իրանում որոշակի տնտեսական զարգացումների հետևանքով այնտեղ արտադրված ցեմենտի գինն այնքան էր նվազել, որ սկսել էր լայն թափով մտնել հայաստանյան շուկա:  Տեղական արտադրողին պաշտպանելու համար որոշվել էր տուրք կիրառել: Հայաստան ներկրվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի համար կիրառվեց 14 հազար դրամ տուրք:

Այսպիսով` ցեմենտի ներկրումը դարձավ լիցենզավորվող գործունեություն: «Այսպիսով` յուրաքանչյուր տոննա ներկրվող ցեմենտի գինը արհեստականորեն բարձրացրեցինք 14 հազար դրամով, որպեսզի տեղական արտադրողները մրցակցությանը դիմանան»,-նշեց Թունյանը:

Այս կարգավորման գործողության ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է, հետո նաև ցեմենտի հումքի՝ կլինկերի ներմուծման տուրք սահմանվեց՝ 2 հազար դրամ:

«2019-ին ցեմենտի ներկրման կշիռը հասել էր 25 տոկոսի, հաջորդ տարիներին աստիճանաբար նվազեց: Եվ 2021 թվականին ներկրվող ցեմենտը 5 տոկոսի սահմաններում էր: Էապես աճեց Հայաստանում ցեմենտի արտադրությունը, անցյալ տարի արտադրվել է 853 հազար տոննա ցեմենտ, ինչը աննախադեպ է նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում»,-ասաց Թունյանը:

Պատգամավորի խոսքով՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, որ նախ իրանական ցեմենտի գինը թանկացել է, տրանսպորտային ծախսերը թանկացել են և Հայաստանում ցեմենտի պահանջարկն էլ էապես աճել է, շուկայում ստեղծվել է մի իրավիճակ, որ իրանական ցեմենտը՝ 14 հազար դրամ տուրքի պայմաններում, անմրցունակ է դառնում տեղական շուկայում:

«Այլևս այդ 14 հազար դրամ տուրքը հավասարակշիռ վիճակ չի առաջացնում, առաջացնում է շեղում, շուկան տանում գերկենտրոնացման: Արդյունքում տեղի է ունեցել ներմուծվող ցեմենտի ծավալի էական անկում, գնի որոշակի բարձրացում: Վերջին 1 տարում ցեմենտի գինը բարձրացել է մոտ 25 տոկոսով, իսկ 2020-ի սկզբի համեմատ թանկացել է մոտ 42-43 տոկոսով: Հատկապես վերջին շրջանում կառուցապատողները բողոքում են, որ շուկայում նկատվում է դեֆիցիտ: Հիմա առաջարկում ենք կլինկերի համար կիրառվող 2000 դրամ տուրքը հանել, այսինքն՝ կլինկերի ներմուծումը հանել լիցենզավորվող գործունեության տեսակների ցանկից, իսկ ցեմենտի ներկրման համար կիրառվող տուրքի չափը 14 հազար դրամից իջեցնել մինչև 9 հազար դրամի»,-ասաց Թունյանը՝ հավելելով, որ դա որոշ չափով կհավասարակշռի շուկան: