«Վարորդական վկայական ստանալու գործընթացը այնքան է հեշտացել, որ ի՞նչ կարիք կա գնալ, ահռելի գումարներ տալ ու վարորդական ստանալ». Տիգրան Քեյան

Իրավապահ մարմինները օրերս հայտարարեցին Հայաստանում կաշառքի դիմաց առանց տեսական ու գործնական քննության վարորդական վկայական տրամադրելու դեպքի մասին, որը գրանցվել էր Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքում, տեսուչի կողմից: Գործով անցնողները դատարանի վճռով տարբեր չափի պատիժներ են ստացել:

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը նկատում է, որ նման դեպքեր Հայաստանում միշտ են եղել, ուղղակի վերջին շրջանում առանց քննության և կաշառքով վարորդական վկայական ստանալու դեպքերը նվազել են:

«Օրինական ճանապարհով վարորդական վկայական ստանալու գործընթացն այնքան է հեշտացել, որ ամենևին կարիք չկա դիմելու անօրինականության ու այլընտրանքային ճանապարհներով ստանալ այդ փաստաթուղթը»,- «Մեդիալաբին» ասում է Քեյանը:

Նրա խոսքով՝ անձը կարող է տիրապետելով համապատասխան կանոններին, օրինական ճանապարհով, պետական վճարումներ կատարելով մեկ ամսում վարորդական վկայական ստանալ:

Դիտարկմանը, թե շատերն են դժգոհում, օրինակ՝ գործնական քննությունից միտումնավոր կտրելու պրակտիկայից, Քեյանը արձագանքում է. «Ես շատ մարդիկ գիտեմ, որ մեկ անգամ քննությունից շատ արագ ստանում են վարորդական վկայական: Ի՞նչ կարիք կա գնալ ահռելի գումարներ տալ ու վարորդական ստանալ»:

Մասնագետն ասում է՝ եթե անձը վստահ է իր գիտելիքներին ու ցանկություն ունի այդ գիտելիքների միջոցով ստանալ վարորդական վկայական, ապա քննությունների ժամանակ ոչ մի խնդիր չի կարող առաջանալ:

Նրա խոսքով՝ վարորդական վկայականը կաշառքի միջոցով կամ նորմալ ճանապարհով, այսինքն՝ քննությունների միջոցով ստանալը չի նշանակում՝ վարորդը երթևեկության մեջ լա՞վ վարորդ է, թե՞ ոչ:

«Վարորդներ կան, որ կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ, բայց երթևեկության մեջ նորմալ վարորդ չլինել: Դա փաստաթուղթ է, որը թույլ է տալիս քեզ երթևեկել, իսկ թե դու երթևեկության մեջ քեզ ինչպե՛ս ես պահում՝ դա վարորդական վկայականից կախված չէ»,- ասում է նա:

Վարորդական վկայական ստանալու այլընտրանքային ճանապարհների, Քեյանի դիտարկմամբ, հիմնականում դիմում են մարզերում, քանի որ Երևանում վերահսկողությունն ավելի խիստ է:

«Քանի որ Երևանում հսկողությունը խիստ է, հիմնականում տեսուչները չեն գնում այդ քայլին, իսկ մարզերում հսկողությունը թույլ է, դրա համար անօրինականության համար կա պարարտ հող»,- նշում է Քեյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ դատարանի վճռից հետո գլխավոր դատախազի կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանության պետին՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկման առարկա դարձնել այդ անձանց վարելու իրավունքը դադարեցնելու հարցը: 

Արդյունքում՝ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության որոշումներով այդ անձանց վարորդական իրավունքի վկայականները, իսկ մեկ անձի դեպքում՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու տեսական քննության արդյունքներով կազմված արձանագրությունը ճանաչվել են անվավեր:

MediaLab.am