«Նման կարգավորումը ոչ թե նվազեցնելու է հղիության արհեստական ընդհատումների թիվը, այլև նպաստելու է ապօրինի աբորտների աճին»․ Պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը

-Պարոն Խանդանյան, ԲՀԿն շրջանառության մեջ է դնելու օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության արհեստական ընդհատումը, բացառությամբ որոշ դեպքերի, եթե բժիշկների ցուցումով կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ։ Նախ ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը նախագծի վերաբերյալ։

-Ասեմ, որ այս թեմայով մի խումբ փաստաբաններ Ազգային ժողով էին ներկայացրել հանրագիր։ Հանրագիրը քննարկվել է Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում՝ առողջապահության համակարգի և բժիշկների մասնակցությամբ, և հանձնաժողովը միաձայն բացասական եզրակացություն է տվել հանրագրով առաջարկվող օրինագիծը շրջանառելու առաջարկին։

Ես առայժմ չեմ տեսել ԲՀԿ պատգամավորների մշակած նախագիծը, բայց կարծում եմ, որ խնդրին վերաբերող Հայաստանում այսօր գործող իրավական կարգավորումները բավարար են։ Այս հարցը առաջին հերթին վերաբերում է կանանց իրավունքներին և կնոջ վերարտադրողական առողջության պահպանման իրավունքին։ Հղիության արհեստական ընդհատման հիմքերը սահմանափակելով միայն կնոջ առողջական խնդիրներով և մյուս հիմքերով արգելելը կարող է լուրջ առողջական, սոցիալական և հոգեբանական խնդիրներ առաջացնել թե՛ երեխայի մոր և թե՛ հետագայում երեխայի համար։ Այսպիսի կարգավորումը ոչ թե նվազեցնելու է հղիության արհեստական ընդհատումների թիվը, այլև նպաստելու է ապօրինի, ընդհատակյա, ոչ բժշկական պայմաններում իրականացվող աբորտների թվի աճին։

Այս հանձնագիրը ԱԺ նախագահը ոչ միայն Առողջապահության հարցերի հանձնաժողովին էր մակագրել, այլև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովին: Պետք է հանձնաժողովի նախագահը ներառեր նիստի օրակարգում, և մեր հանձնաժողովում ևս քննարկում տեղի ունենար, բայց տիկին Զոհրաբյանը դա չի արել: Այսինքն ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված պարտականությունը չի իրացրել: Միայն առողջապահության հարցերի հանձնաժողովի քննարկումից հետո արդեն գրել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս

Ընդհանրապես փաստարկները, որոնք բերվում են նախագծի հեղինակները, հետևյալն են՝ «եթե բժիշկների ցուցումով կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ․․․»։ Համոզի՞չ են արդյոք այս փաստարակները։

-Այսօր գործող կարգավորումներով էլ, եթե կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ, ապա մինչև 12 շաբաթականը, իսկ որոշ դեպքերում՝ մինչև 22 շաբաթականը, թույլատրվում է ընդհատել հղիությունը։ Բայց կան այլ հանգամանքներ ևս, որոնց դեպքում աբորտն արգելելը կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել, օրինակ՝ բռնաբարության հետևանքով հղիությունները կամ երբ պտուղը ունի լուրջ գենետիկական խնդիրներ և այլն։

-Սեռով պայմանավորված աբորտներով Հայաստանն առաջատար է։ Արդյոք սեռով պայմանավորված աբորտների թիվը մտահոգո՞ւմ է Ձեզ, և արդյոք նման նախագծերով այդ հարցը պետք է լուծել։

-Անշուշտ, սա լուրջ խնդիր է մեր երկրում, և հենց սա է այն հարցը, որ կարծում եմ՝ մենք կարիք ունենք քննարկելու և հասկանալու՝ արդյոք կան օրենսդրական փոփոխությունների կարիք, որը կարող է կանխարգելել սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումը։ Սա ևս կարելի է դիտարկել կանանց իրավունքների համատեքստում՝ պաշտպանելով չծնված աղջիկների իրավունքները։ Անշուշտ, օրենքը չէ միայն, որ կարող է կանխարգելել այս երևույթը։ Մենք մեր երկրում դեռևս խնդիր ունենք զորեղացնելու կանանց և կարևորելու կանանց դերը, ամրապնդել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը։

Արդյոք զարմանալի՞ չէ, որ տարբեր կոնվենցիաների, որտեղ մարդու, երեխայի, ընտանիքի իրավունքներրն են պաշտպանվում, չմիացող, ավելին՝ խիստ մերժող ԲՀԿն հիմա նման նախաձեռնությամբ է հանդես եկել։

-Բոլորովին զարմանալի չէ, քանի որ միջազգային առաջադեմ հանրությունը շատ վաղուց հրաժարվել է աբորտներն ամբողջությամբ արգելելու պրակտիկայից և դիտարկում է դա կանանց իրավունքների, ընտանեկան և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի տեսանկյունից։ Նման իրավակարգավորումները հետադիմական մոտեցումներ են, ինչը արձանագրվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում։ Այդպիսի արգելքներ կան սահմանափակ թվով երկրներում, որոնք հիմնականում պայմանավորված են խիստ կրոնական ավանդույթներով։ Այնուամենայնիվ, պետությունների ճնշող մեծամասնությունում գործում են այնպիսի կարգավորումներ, որոնք այսօր առկա են Հայաստանում։

վերջո, «Իմ քայլում» կարող է արդյոք հավանության արժանանալ այն նախագիծը, թե՞ ոչ։

-Առողջապահության հանձնաժողովի նիստին բոլոր պատգամավորները, այդ թվում՝ թե՛ «Իմ քայլի» և թե՛ ընդդիմության, հստակ դեմ արտահայտվեցին այս առաջարկին, և չեմ կարծում, որ հնարավոր է դրական վերաբերմունք ունենալ այսպիսի նախագծի նկատմամբ, որն ավելի շատ խնդիրներ է հարուցում, քան լուծում։

Մանե Հարությունյան

MediaLab.am