Ադրբեջանը իր քաղաքացիական բնակչությանն օգտագործում է որպես վահան․ ավստրիական լրատվամիջոցի հոդվածը

Հեղինակ MediaLab

Ավստրիական APA լրատվական հարթակը հոդված է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ավստրիական լրատվական հարթակի հոդվածը։

«Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հուլիսի 12-ից սրվել է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներով: Հունիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ ռազմական ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարելով: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքերը: Մեկ ժամ հետո ադրբեջանական կողմն ականանետներով հարվածելով հայկական դիրքին՝ անցել է հարձակման, ինչը նույնպես հետ է շպրտվել: Հարկ է նշել, որ այդ դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը բացահայտորեն ագրեսիա են Հայաստանի տարածքի նկատմամբ:

Պետք է նշել, որ ադրբեջանական զինուժի թիրախը եղել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա տեղեկայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքը: Որպես ինքնիշխան պետություն, Հայաստանի Հանրապետությունը լիակատար իրավունք ունի պաշտպանելու թե՛ իր տարածքը, և թե՛ իր տարածքում գտնվող մարտական դիրքերը։

Հուլիսի 13-ին և 14-ին ադրբեջանական կողմը շարունակել և ընդլայնել է իր սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահմանին՝ ռմբակոծելով Տավուշի մարզի մի քանի գյուղեր՝ օգտագործելով թռչող սարքեր 83մմ և 120 մմ տրամագծի ականանետներ, հրետանի և տանկ:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով ձեռք բերված պայմանավորվածություններին, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարը՝ վերջին օրերին թիրախավորելով Բերդ քաղաքը և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական որոշ ենթակառուցվածքներ, այդ թվում նաև օրական 300.000 COVID-19-ի համար դիմակներ արտադրող գործարանը, մանկապարտեզ, ՀՀ Արտակարգ իրավիճակների ավտոմեքենան:

Վերջին տարիներին Ադրբեջանը հետևողականորեն վարել է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում իրադրությունը լարված պահելուն միտված քաղաքականություն՝ հետզհետե ընդլայնելով նաև այդ լարվածության աշխարհագրական սահմանները և մշտապես փորձելով ամրապնդել իր մարտական դիրքերը՝ փորձելով ուղիղ նշանառության տակ պահել Հայաստանի սահմանամերձ գյուղերը և քաղաքները:

Ինչպես և նախկինում, Ադրբեջանն իր հրետանային միավորումները, որով ռմբակոծում է հայկական բնակավայրերը, տեղակայում է անմիջապես ադրբեջանական բնակավայրերում, դրանով իսկ քաղաքացիական բնակչությանն օգտագործելով որպես վահան` հնարավոր պատասխան արձագանքի դեպքում:

Անդրադառնալով պատճառներին, ՀՀ վարչապետն ասել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը, փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները, հանդես էր գալիս ռազմական պատերազմի կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է:

Այս ամենը պայմանավորված է այն դժվարություններով, որին դեմ առ դեմ կանգնած է Ադրբեջանի բռնապետական վարչակազմը. այլակարծության և ազատ մամուլի բացակայություն, քաղբանտարկյալներ, COVID-19-ի դեմ անարդյունք պայքար, նավթի գների անկում: Ակնհայտ է, որ համավարակի առողջապահական և տնտեսական հետևանքները, վերջին շրջանում Ադրբեջանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող վերադասավորումները, որոնք ընթանում են նաև պետական կառավարման տարբեր կառույցներում, այդ թվում՝ արտգործնախարարությունում ձերբակալությունների միջոցով, ստեղծել են ներքին քաղաքական մարտահրավերներ: Հերթական անգամ Ադրբեջանը երկրում առկա ներքին խնդիրներից բնակչության ուշադրությունը շեղելու նպատակով շահագործում է ԼՂ հակամարտությունը և փորձում է ներքին համախմբում իրականացնել արտաքին թշնամու կերպարի շուրջ։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը և քաղաքական ղեկավարությունը տարբեր առիթներով այս սադրիչ գործողությունները ներկայացնում են որպես կարևոր ձեռքբերումներ և Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակ՝ վառ ընդգծված ռազմական հռետորաբանությամբ շեշտելով, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում կարող են ռազմական ուժ կիրառել ՀՀ ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճում աչքի է ընկնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի նկատմամբ: Դրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: Ադրբեջանի ղեկավարությունն իր ժողովրդին առողջապահական անվտանգության կանոնները պահպանելու կոչի փոխարեն հանդես է գալիս պատերազմական կոչերով և գործողություններով:

Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերին և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է հանդես է գալ ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, այլ նաև, ցավոք սրտի, այսօր դրանք իրականացնում է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստագույնս դատապարտել է ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները՝ նշելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը:

Կարևոր ենք համարում ընդգծել, որ Հայաստանը, հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները և բնակչությանը, հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից: Միևնույն ժամանակ ցանկացած փորձ, որն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետության դեմ, ստանալու է համարժեք պատասխան: Հայաստանը հետևողական կոչ է արել բոլոր խնդիրները լուծել խաղաղ և բանակցային ճանապարհով, սա է միակ գրավականը՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման համար»: