«Չեմ պատկերացնում, թե Ադրբեջանն ինչը կարող է հակափաստարկ ներկայացնել մեր ապացուցողական բազային». Տարոն Սիմոնյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը

– Պարո՛ն Սիմոնյան, Հաագայի դատարանում ընթանում է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի քննությունը։ Ընթացքն ինչպե՞ս եք գնահատում, հայկական կողմի ներկայացրած փաստերն ամբողջական ու հիմնավո՞ր են։

– Յուրահատուկ ոչինչ չի կատարվում, մեր հայցապնդումն ենք ներկայացրել, որի վերաբերյալ մանրամասն ու ամբողջական հետազոտությունն արված էր։ Ապացուցողական բազան բավականին ծանրակշիռ է, մեր պատվիրակությունը լուրջ փաստարկներով ներկայացրեց գործը, հիմա պետք է սպասենք ընթացքին։

Մեծ հաշվով՝ մեզանից կախվածն արդեն արվել է ու արվելու է, կարող եմ ընդգծել, որ մեր պատվիրակության պատրաստվածությունը շատ բարձր մակարդակի է։

– Այսինքն՝ հայկական կողմի փաստարկումները հիմնավո՞ր եք համարում, որոնք կարող են ցանկալի արդյունք ապահովել։

– Օբյեկտիվ աչքով էլ որ նայում ենք՝ չեմ պատկերացնում, թե Ադրբեջանը ինչը կարող է հակափաստարկ ներկայացնել։ Նրանց կողմից գրավոր ընթացակարգով ներկայացրած մի քանի հակափաստարկների ծանոթ եմ, ու որևէ լուրջ բան չկա դրանցում։ Կարծում եմ՝ դատարանը դրան շատ հպանցիկ կանդրադառնա՝ նշելով, որ այդ հակափաստարկներն առնչություն չունեն ընդհանրապես կոնվենցիոն կարգավորումների հետ։

– Պարո՛ն Սիմոնյան, իսկ դատարանից քաղաքակա՞ն, թե՞ իրավական գնահատական պետք է սպասել։

– Բնականաբար, դատարանն իրավական գնահատական տվող է, բայց նաև նկատի պետք է ունենանք, որ միջազգային դատարանը, ընդհանրապես որևէ դատարան, զերծ չէ քաղաքական բովանդակությունից, որովհետև միջազգային իրավունքն ինքնին քաղաքական բովանդակային տարրեր ունի իր մեջ՝ դրական իմաստով։

Այս պատճառով էլ՝ միջազգային իրավունքի կիրառումը պայմանավորում ենք նաև քաղաքական հետևանքներով ու ակնկալում ենք, որ եթե դատարանը վճիռը տա, որտեղ ամրագրված կլինեն պատերազմական գործողությունների հետ կապված կարգավորումները, հայատյացության փաստն Ադրբեջանում, այնտեղ բացված պուրակի փակման փաստը և այլն, և այլն, մենք դա կարող ենք հետագայում լուրջ քաղաքական գործիք օգտգործել՝ Ադրբեջանի դեմ միջազգային հարթակներում պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար։

– Դատարանի կայացրած որոշումը Ադրբեջանի համար որոշակի պարտավորություն ենթադրո՞ւմ է։

– Այո՛, վճիռը պարտադիր է կատարման համար, որովհետև ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը երկու տեսակ որոշումներ ունի՝ խորհրդատվական եզրակացություն և բուն որոշումներ։

Սա խորհրդատվական չէ, սա պարտադիր կատարման որոշում է, եթե Ադրբեջանը հրաժարվի վճռի կատարումից՝ որպես ծայրահեղ միջոց, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է միջոցներ ձեռնարկել։

– Իսկ ի՞նչ ընթացակարգ է սահմանված նման գործերի քննության համար։

– Սա նախնական քննությունն է, որից հետո կլինեն արդեն հիմնական դատաքննությունները, կարող է նախնական քննության ևս մեկ փուլ լինել, դա արդեն դատարանը կորոշի։

Կախված քննվող գործի ծավալից, ապացույցների քանակից, դատարանի ծանրաբեռնվածությունից՝ կարող է տևել մեկ տարի, մինչև երկու՝ ծայրահեղ դեպքում ավելի շատ, բայց, կարծում եմ՝ այդքան չի ձգվի։

– Պարո՛ն Սիմոնյան, քանի որ հայաստանյան պատվիրակության կողմից ներկայացվող ապացույցները հիմնավոր ու ամբողջական եք գնահատում, դատարանի կողմից ի՞նչ վճռի ակնկալիք ունեք։

– Ես ամբողջությամբ մտքիս ունեմ հայաստանյան պատվիրակության դիտարկումներն ու պահանջը և դրանց ծանոթ եմ, ու ակնկալիքս այն է, որ դրանք ամբողջությամբ պետք է բավարարվեն։

Բավարարվելու է, հաստատվելու է հայատյացության փաստը, պահանջը պետք է կիրառվի այն իմաստով, որ պետք է վերջ դրվի հայատյացությանն ու դրա հետևանքներին, այդ թվում նաև՝ ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցը լուծվի, այդ պուրակը փակվի, ու, ընդհանրապես, դադարեցվի դպրոցներում կամ քաղաքական հայտարարությունների մակարդակով հայատյացության որևէ դրսևորում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am