«Խոսել այն մասին, որ Հայաստանի իշխանությունները պայքարում են Արցախն ինքնորոշելու, հայկական պահելու համար, ծիծաղելի է». Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը 

Պարո՛ն Հակոբյան, ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը, թե իզուր չէ, որ հայկական կողմը չի խոսում Արցախի կարգավիճակի մասին, այլ խոսում է միայն արցախահայության իրավունքների պաշտպանության մասին, ոմանք համարում են հարյուրտոկոսանոց ճշմարտություն, ոմանք էլ նշում են, որ Ռուսաստանի անկարողությունը թաքցնելու համար է արվում նման հայտարարություն: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում Սերգեյ Լավրովի այդ միտքը:

– Լավրովն իր հայտարարությամբ որևէ նոր բան չի ասել: Դրա մասին գրեթե երկու տարի է՝ ինչ մենք հայտարարում ենք տարբեր հարթակներում: Հետաքրքրական է այն, որ այս վերջին երկու տարվա ընթացքում առնվազն երկու անգամ ռուսական կողմը բաց տեքստով կարծես թե գաղտնազերծում է բանակցությունների թեման:

Առաջին անգամ դա արեց ՌԴ նախագահը, երեկ էլ՝ արտգործնախարարը, ու ռուսական կողմը կարծես թե զգուշացնում է հայ ժողովրդին, թե իրականում ինչ է տեղի ունենալու: Եթե բանակցությունների մեջ ընդգրկված հակամարտող կողմերը փորձում են իրար հետ ընդհանուր համաձայնության գալ, մեղադրել միջնորդ կողմերին, առնվազն իրականությունից խուսափելու փորձ է:

Մենք ոչ թե պետք է մեղադրենք ռուսական, արևմտյան կողմերին կամ ԱՄՆ-ին, այլ հստակ արձանագրենք, որ Հայաստանի իշխանությունները, թերևս առաջին անգամ, բանակցությունների ժամանակ սպասարկում են թշնամի պետության շահը՝ խախտելով սեփական պետության Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը:

– Ձեր բնորոշմամբ՝ այդ գաղտնազերծումներից հետո ձեզ համար պա՞րզ է, թե ինչի շուրջ են իրականում ընթանում բանակցությունները:

– Դա գաղտնազերծման կարիք էլ չուներ, քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր համար կարմիր գիծ է Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետրը, ու միևնույն ժամանակ իրենք հայտարարում են, թե իրենց համար կարևոր է Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների ու անվտանգության պաշտպանությունը, այսինքն՝ բանակցությունները հենց դրա շուրջ են ընթանում, և թե ինչպես Նիկոլ Փաշինյանը իր դեմքը փրկելու համար գոնե Հայաստանից տարածք չզիջի Ադրբեջանին:

Խոսել այն մասին, որ Հայաստանի իշխանությունները պայքարում են Արցախն ինքնորոշելու, հայկական պահելու համար, ծիծաղելի է, որովհետև հակառակի մասին բաց հայտարարում են և՛ իրենք, և՛ միջնորդ երկրները:

– Ի վերջո, Ալմա Աթայի հռչակագրում հստակ նշվա՞ծ է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, պարո՛ն Հակոբյան, որ այս փաստաթուղթն են մեջբերում:

– Այստեղ ևս ներկայացնում են կես ինֆորմացիան, որովհետև Հայաստանի Ազգային ժողովն այդ հռչակագրին միացել է որոշակի վերապահումներով, որոնք վերաբերում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքին, ինքնորոշման անկապտելի իրավունքին, որոնք հենց վերաբերել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

Չեմ կարծում, թե գործող իշխանությունները տեղյակ չեն այս վերապահումներին, ուղղակի այդ մասին չեն խոսում, որովհետև դա չի բխում Ադրբեջանի շահերից: Այսօր գնալ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման՝ հղում անելով Ալմա Աթայի հռչակագիրը՝ առանց վերապահումներն ընդգծելու, նշանակում է, որ նրանք հեշտացնում են Ադրբեջանի գործը: Հայաստանի ներկայիս իշխանությունները չտեսնելու են տալիս մեր ուժեղ դիրքերը և տրվում են թշնամի պետության ճնշումներին, թե ինչո՛ւ՝ դա հարցի մյուս կողմն է:

– Այսինքն՝ այդ վերապահումներն անտեսելով՝ հռչակագրի բովանդակությունը խեղաթյուրվո՞ւմ է:

– Միանշանակ, ու խեղաթյուրում են հատուկ, որովհետև դրա հետևանքով մեր դիրքերը թուլանում են, ու առաջին հայացքից թվում է, որ այդ պայմանագրի մասին խոսելը նույն է, ինչ խոսել, թե Արցախն Ադրբեջանի կազմում է: Բայց դա իրականության հետ ընդհանրապես աղերս չունի ու դա բազմաթիվ փաստերով կարելի է ապացուցել, հենց միայն այն, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն ընդհանրապես կապ չունի Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության հետ, քանի որ հենց ինքն է հրաժարվել դրա իրավահաջորդը լինելուց:

– Իսկ ռուսական կողմն ինչո՞ւ է հղում անում այդ հռչակագրին ու հստակորեն նշում, որ ըստ դրա Արցախն Ադրբեջանի մաս է:

– Ռուսական կողմն ինքնուրույն չի որոշում՝ ինչ ուղղությամբ տանել բանակցությունները, այդ գաղտնազերծումներով ցույց է տալիս, թե ինչ ուղղությամբ են գնում բանակցությունները, ու ինչին են համաձայնում կողմերը ու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանն այսօր մեծ ցանկություն ունի ստանձնելու միջնորդի դեր Ադրբեջանի ու Հայաստանի միջև, որովհետև դա բխում է իր շահերից, ու այս համատեքստում խոսել, թե ինչու ռուսական կողմը չի պայքարում Հայաստանի շահերի համար, տեղին չէ:

– Լաչինի միջանցքի հետ կապված ադրբեջանական ապատեղեկատվությունը շարունակվում է, թե այդտեղով զենք-զինամթերք է տեղափոխվում, օտարերկրացիներ են մուտք գործում Արցախ՝ խաղաղապահների թույլտվությամբ և այլն: Ի՞նչ է կատարվում իրականում, պարո՛ն Հակոբյան:

– Ցանկացած գործողություն, որը կբերի Արցախում բնակվող հայերի վատ հոգեվիճակին, որպեսզի Արցախում տիրեն անհանգստություն ու անվստահության մթնոլորտ, որ Արցախը հայաթափվի, Ադրբեջանը պատրաստ է դրան ու դա իրականացնում է: Արցախահայությանն այսօր ամենահուզող հարցերից մեկը մայր Հայաստանի հետ կապող ճանապարհն է, ու բնական է, որ թշնամին հենց առաջինը կասկածի տակ դնի այդ միջանցքի լինել-չլինելը:

Այդ բոլոր հայտարարությունները, որ մաքսակետեր կդրվեն, դրանք կփակվեն, արվում են մեկ նպատակով՝ խուճապ, վախ տարածելու համար, ինչը ևս զարմանալի չէ, թշնամին անում է ամեն ինչ, որ կարողանա հայաթափել Արցախը, դրանով իսկ լուծելով ԼՂ հակամարտության հարցը, որովհետև այդ հարցը դեռ լուծված չէ, որքան էլ ինքը հակառակը հայտարարի:

Այդ հարցը մնալու է բաց այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ ապրում են հայեր, որովհետև ո՛չ Նիկոլ Փաշինյանն է այդ խնդիրը լուծողը, ո՛չ Ալիևը, այդ խնդիրը լուծելու են Արցախում բնակվող հայերը իրենց հաստատակամությամբ, ինչը շատ լավ հասկանում է Ալիևը ու փորձում է անել հնարավորը, որ կոտրի այդ մարդկանց կամքը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am