ՀՀ ժողովուրդը խոսեց և կայացրեց իր որոշումը: Տեղի ունեցավ այն, ինչ և կանխատեսվում էր, իսկ կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացին այս ընտրություններում անխուսափելիորեն հաղթելու է: Այս մասին գիշերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական կենտրոնական շտաբում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ ևս մեկ անգամ իմ շնորհակալության ու խոնարհումի խոսքերն ասել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ այս դաժան փորձությունների միջով անցնելով՝ կրկին վերագտանք իրար՝ որպես մի ամբողջություն: Այժմ հանրային ու ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է:
Արձանագրենք, որ ՀՀ ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը: Առաջինը թավշյա, ժողովրդական հեղափոխությունն էր: 2021-ին տեղի ունեցավ ոչ բռնի, ժողովրդական, բայց այս անգամ՝ պողպատյա հեղափոխություն»,- ասաց Փաշինյանը: