Մտավախություն ունեմ, որ այս ամենը կարող է սև շուկա ձևավորել. Վանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսերի և  գործընթացի մասին

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային բժշկական պալատի նախագահ, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը

– Պարո՛ն Վանեսյան, սույն թվականի մարտի 1-ից արդեն ուժի մեջ են մտել ՀՀ էլեկտրոնային առողջապահական համակարգի փոփոխությունները, ըստ որոնց ընդլայնվում է էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկը։ Մարտի 1-ից բացառապես էլեկտրոնային դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, պատվաստանյութեր, միզոպրոստոլ պարունակող դեղեր։ Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը, միջազգային պրակտիկան ինչպիսի՞ն է այս մասով։

– Գաղափարին միանշանակ դրական եմ վերաբերվում, որովհետև կա դեղորայք, այս պահին չթվեմ, որոնց օգտագործումն ու կիրառությունը մեր հասարակության մեջ դարձել էին՝ հարևանս ասաց, մորքուրիս աղջիկն ասաց և այլն, հակաբիոտիկներ խմելը դարձել էր ով երբ ուզի, ոնց ուզի, որտեղից ուզի կկարողանար ձեռք բերել, չնայած համաձայն մեր օրենսդրության՝ կոնկրետ հակաբիոտիկների ու մի շարք այլ դեղերի կիրառությունը այսպես թե այնպես պետք է դեղատոմսով լիներ։ Մեր երկրում կան հակաբիոտիկների հետ կապված որոշակի գործընթացներ, որը առողջապահության նախարարությունը տարիներ առաջ արել է, ինչից ես տեղյակ եմ: 

Խոսքը հակաբիոտիկների ռացիոնալ կիրառությանն է վերաբերում, հակաբիոտիկների կամ այլ դեղորայքի օգտագործման դեպքում դրանց անդառնալի հետևանքների ստեղծմանը, որոնց մասով, ցավոք, մենք, քովիդի ժամանակ ենք տեսել, թե ինչ էր կատարվում, երբ բուժառուները գալիս էին և ունեին ձևավորված կայունություն այս կամ այն խմբի հակաբիոտիկների նկատմամբ ու թոքաբորբի այս կամ այն փուլում այլ հակաբիոտիկներ ընտրելու ու բուժում իրականացնելու համար հնարավորությունները խիստ սակավ էին, այսինքն՝ այդ մարդու կյանքը փրկելու հավանականությունը խիստ նվազ էր։ 

Բացի դա՝ կա դեղորայք, որի երկարաժամկետ ու անհարկի օգտագործումը ոչ միայն կայունություն է ձևավորում դրա նկատմամբ, այլ նաև վնասում է այս կամ այն օրգան համակարգին, օրինակ՝ կարող է մկանային տրավմաներ առաջացնել։ 

Եվրոպական զարգացած երկրներում, ԱՄՆ-ում այդպես է, կան երկրներ, որ այդպես չէ, ու նրանք այս մասով փորձում են հսկողություն սահմանել, որպեսզի դեղերն անհարկի չօգտագործվեն: 

Հետագայում նաև այդ երկրները փորձեցին հսկողություն սահմանել այն բժիշկների նկատմամբ, որոնք դեղեր են նշանակում, որպեսզի տեսնեն՝ այդ նշանակումներն անհարկի՞ են, թե՞ իրականում անհրաժեշտ են։ Բելգիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, եթե չկա բժշկի դեղատոմսը, ապա բուժառուն չի կարող դա ստանալ։ 

Գալով մեր երկրին՝ համակարգը պետք է մինչև այս պետք է պատրաստեր առանձին դեղատներին, դեղատնային ցանցերին, բոլորը պետք է թրեյն արվեին, միացված լինեին «Արմեդ» համակարգին։ Ես երեկ եմ մտել դեղատուն ու փորձնական ուզել հակաբիոտիկ, ասաց՝ չեմ կարող վաճառել, ասացի «Արմեդ» համակարգին միացա՞ծ եք, ասաց՝ չէ, միացած չենք։ Այսինքն՝ անկախ հանգամանքից, որ այս գաղափարը բավականին լավն է, ցավոք, մեր համակարգը դա չի կարողանում այս պահին իրականացնել: Միգուցե, օրինակ՝ մեծ դեղատնային ցանցերը ձգտեն ամեն ինչ պատշաճ անել, բայց սա փոքր դեղատները չեն անելու, ու մտավախություն ունեմ, որ այս ամեն ինչը կարող է որոշակի սև շուկա ձևավորել։ 

Այստեղ նախարարությունը ու Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմինը անելիք ունեն։ Չեմ բացառում, որ այս հողի վրա մարդիկ սկսեն վաճառել դեղեր, որոնք այս պահին հասանելի չեն, բայց քաղաքացուն շտապ անհրաժեշտ են։ 

Մյուս խնդիրն էլ հետևյալն է, որը դեղատների տիրույթում է․ տարիներ շարունակ ունեցել ենք առողջապահության նախարարության համակարգի մի հատված՝ դեղատների հատվածը, որը ընդհանուր համակարգին համահունչ չի զարգացել: Երբ վերապատրաստման դասընթացներ էինք անում բուժաշխատողների հավաստագրման գործընթացից առաջ, հիվանդանոցների, պոլիկլինիկաների բուժաշխատողներն այլ կերպ էին վերաբերվում այդ ամենին, դեղատների հատվածի մի զգալի մասը, ցավոք, բավականին անտարբեր էր այդ ամենի նկատմամբ։ 

Այս ընթացքում նրանց աշխատանքի վրա հավելյալ ավելանում է «Արմեդի» պատուհանով սպասարկելու գործընթացը: «Արմեդը», ցավոք, երբեմն խափանումներով ու դանդաղ է աշխատում, սա խնդիր է առաջացնելու, ու դեղատան պատուհանների մոտ հերթեր են գոյանալու: Այս հերթերը պատճառ են լինելու, որ գործատուն մեկ-երկու լրացուցիչ աշխատող ընդունի, որ կարողանա քաղաքացիների պահանջը բավարարել: Եթե փոքր դեղատներ են, բնականաբար, չեն կարողանալու նոր մարդ ընդունել, մնալու է մեկ աշխատողի հույսին, նա չի կարողանալու նախկինի նման արագ սպասարկել, նրա վաճառքներն ընկնելու են, ի հետևանք նաև չի բացառվում, որ այդ փոքր դեղատները մի օր փակվեն։ 

Կա նաև մյուս խնդիրը, որ վերաբերում է հիվանդանոց-պոլիկլինիկա-դեղատուն կապին։ Եթե ամփոփենք՝ այո՛, գաղափարը լավն է, մեր երկրին սա պետք է, սակայն համակարգի պատրաստ լինելը, վարքագծային առումով մեր քաղաքացիներին բացատրելը թերի են արված։ Համակարգը դեռ մի ընթացք ունենալու է խնդիրներ, մինչև բուժառուներն իրենք էլ կսովորեն, մինչև դեղատները իրենք գոնե կմիանան «Արմեդ» համակարգին: 

Դրան միանալը մի խնդիր է, այլ խնդիր է դեղատան աշխատակիցների կողմից այդ համակարգին ծանոթ լինելը, որովհետև այն շատ խրթին է: Ես քովիդի ժամանակ առնչվել եմ, դրանից կարող է համակարգը կախվել, ինչ-որ պահ չաշխատել, ու սա կարող է անդրադառնալ բուժառուի՝ դեղ ձեռք բերելու որոշակիորեն հրատապության վրա։ Այս դեպքերում տեխնիկական մասը պետք է ամենաբարձր մակարդակով պատրաստ լինի, աշխատի անվրեպ, ռիսկերը պետք է նվազագույնի հասցված լինեն։ 

Միգուցե մեկ տարի հետո այս փոփոխությունը մեր քաղաքացիների համար սովորական լինի, ու կգիտակցեն, որ անհարկի դեղեր չպետք է օգտագործեն, բժիշկն ուղիղ պատասխանատվություն պետք է կրի իր նշանակած դեղերի համար, ինչը շատ կարևոր փոփոխություն է հատկապես բուժաշխատողների լիցենզավորման համակարգի ներդրման ֆոնին։ 

– Համակարգային խնդիր իսկապես կա, որովհետև, այո՛, կան ահազանգեր, որ կան դեղատներ, որտեղ համակարգը կախել է, ու հնարավոր չի եղել դեղ գնել, բժիշկներն այդ դեղերի ցանկին դեռ ծանոթ չեն, այսինքն՝ նախարարությունը շտապե՞լ է, պատշաճ չի՞ պատրաստվել, բայց փոփոխությունն արդեն կիրառության մեջ է։

 – Այո՛, անպատրաստվածություն կա այդ մասով, կա որոշ տնտեսվարողների կողմից լուրջ չվերաբերվել փոփոխության ներդրմանը, որովհետև, հասկանում եք, որ առողջապահության նախարարությունը չի կարող այս պահին առանձին իրավաբանական անձանց նկատմամբ խստագույն բան կիրառել միաժամանակ, բայց գոնե մեկ ամիս պետք էր պատրաստվել, մեկ ամիս պետք էր բոլորին այս գործընթացով անցկացնել։ 

– Պարո՛ն Վանեսյան, այս գործընթացն ինչպե՞ս է իրականացվելու, կխնդրեմ ասեք, որ ընթերցողի համար էլ պարզ լինի, որովհետև տարեց մարդկանց մոտ մտահոգություն կա, որ իրենց անհրաժեշտ է լրացուցիչ ինչ-որ սարք, օրինակ՝ սմարթֆոն, որ կարողանան օգտվել դեղատներից։

– Դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա, որովհետև քաղաքացին միգուցե իր «Արմեդի» էջը չկարողանա օգտագործել, բայց քանի որ առողջության առաջնային պահպանման օղակը կամ հիվանդանոցն է այդ դեղատոմսը գեներացնում, ու այդ դեղատոմսը հայտնվում է համակարգում արդեն թվային տեսքով, և երբ դեղատունն ունենում է արդեն հասանելիություն, ապա պարտադիր չէ, որ բուժառուն որևէ փաստաթուղթ ցույց տա դեղատոմսի տեսքով: Նա պետք է կարողանա միայն հիմնավորել, որ այն դեղատոմսը, որը գրված է տվյալ անուն-ազգանունով, ինքը այդ անուն-ազգանվան կրողն է։ 

Համակարգում քաղաքացու նույնականացումը դժվար գործընթաց չէ։ Քաղաքացին պետք է անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ, ունենա դեղատուն գնալիս, ընդամենը։ Պետք է ադապտացվենք համակարգին, պետք է համակարգն անխափան աշխատի, ու այս միջոցառման կատարման ամենագլխավոր պատասխանատու ես համարում եմ «Արմեդ» համակարգը, որովհետև եթե այն խաթարվեց, չունեցավ հասանելիություն բոլոր դեղատնային կրպակներին, կամ ունեցավ հասանելիություն, բայց ունեցավ տեխնիկական խնդիրներ, սա կարող է քաղաքացիների մեջ առաջացնել սոցիալական անհանդուրժողականություն, իսկ ունենալ առողջական խնդիր, սակայն այս կամ այն պատճառով չստանալ հասանելի բժշկական օգնություն ու սպասարկում, հանգեցնելու է բուժում ստանալու ենթակա քաղաքացիների զանգվածային դժգոհության։ Առավել քան վստահ եմ, որ նախարարությունը կվերահսկի, որ «Արմեդ» համակարգը պատշաճ կատարի իր ծառայությունը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am