«Իզուր է քննադատվում նախկին կադրերի հարցը, այդ մարդկանց հո չե՞նք վտարելու երկրից ». Լիլիթ Պիպոյան

«Իզուր է քննադատվում նախկին կադրերի հարցը, այդ մարդկանց հո չե՞նք վտարելու երկրից ». Լիլիթ Պիպոյան
«Իզուր է քննադատվում նախկին կադրերի հարցը, այդ մարդկանց հո չե՞նք վտարելու երկրից ». Լիլիթ Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինք խմբակցության անդամ, ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Պիպոյանը:

– Տիկի՛ն Պիպոյան, Երևանի ավագանին կարծես սկսել է ապօրինությունների դեմ պայքարը: Մենք ականատես եղանք, որ մի քանի ապօրինի շինարարություններ կասեցվեցին Երևանում: Անելիքներ շատ կա՞ն այս ոլորտում:

– Այս ոլորտում չափազանց շատ անելիք կա, մենք շատ ծանրաբեռնված ենք աշխատում: Մի քանի ուղղությամբ հետազոտություններ ենք իրականացնում, դա բարդ ու աշխատատար գործընթաց է, նախագծերն ենք ուսումնասիրում, պարզում, թե ապօրինություններն ի՛նչ չափով են արվել, ի՛նչ լուծումներ կարելի է տալ: Հիմա մի քիչ խճճված վիճակ է այդ առումով, շատ գործեր են թափվել մեր գլխին, փորձում ենք դրանց տակից դուրս գալ:

– Մարդկանցի՞ց եք ահազանգեր ստանում, թե՞ սեփական նախաձեռնությամբ են հանձնաժողովի անդամները բացահայտում ապօրինի շինությունները:

– Երկու տարբերակն էլ կա՝ և՛ ահազանգեր ենք ստանում, և՛ մենք ինքներս էլ նայում ու տեսնում ենք, թե որտեղ ինչ է կատարվում:

– Ահազանգերը շա՞տ ենք մարդկանց կողմից, այսինքն՝ ավագանու նկատմամբ վստահությունը բարձրացե՞լ է:

– Այո, իհարկե, մարդիկ գիտեն, որ արդյունքի կհասնեն: Եվ արդյունքներ կան արդեն, մենք մի քանի շինարարություն արդեն կանգնեցրել ենք:

– Երևանի կենտրոնո՞ւմ են շատ քաղաքաշինական սխալները, թե՞ այլ վարչական շրջաններում էլ կան: Մենք գիտենք, որ տարիներ շարունակ մասնագետներն ահազանգել են կենտրոնի անխնա կառուցապատման մասին:

– Ավելի շատ կենտրոնում են: Բայց այլ խնդիրներ էլ կան: Միայն ապօրինի շինությունների մասին չէ խոսքը, օրինակ՝ նամակ ենք ստանում, որ որևէ թաղամասում մայթ չկա, այլ ավելի փոքր հարցերով էլ են մարդիկ դիմում: Մեր նախաձեռնությամբ Օղակաձև զբոսայգու տարածքում լքված շինությունների մաքրման հարցն ենք բարձրացրել, որպեսզի կանաչ տարածքները վերականգնվեն:

– Կա՞ն առաջնահերթ այլ ոլորտներ, որտեղ պետք է ուսումնասիրություններ կատարվեն, և խնդիրները վեր հանվեն:

– Հանձնաժողովներն ամեն մեկն իր ուղղությամբ աշխատում է: Հանձնաժողովների կողմից խնդիրների լուծման առաջարկներ են արվում: Դեռ դժվարությամբ ենք մտնում հունի մեջ, որովհետև աշխատանքի ծավալը մեծ է: Եվ առաջնահերթությունները պարզելու համար էլ դեռ ժամանակ է պետք:

– Արդեն ունե՞ք նախնական գնահատականներ, թե ի՛նչ է կատարվել Երևանում կոնկրետ քաղաքաշինության բնագավառում, ի՞նչ քաղաքականություն է իրականացվել:

– Կոնկրետ քաղաքաշինության հանձնաժողովի անդամների մոտ այն տպավորությունն է, որ հատկապես վերջին ամիսներին խելքից դուրս շինթույլտվություններ են տրվել:

– Դա ինչո՞վ եք բացատրում, խառնաշփոթ պայմաններում ոմանք առիթից օգտվե՞լ են:

– Այո, դա աժիոտաժով եմ բացատրում: Մարդիկ մտածել են՝ վերջին ամիսներն են, կարելի է կաշառքներով թույլտվություններ ստանալ:

– Իրավապահներին առաջիկայում գործեր կարո՞ղ են հանձնվել Երևանում տեղի ունեցած հնարավոր չարաշահումների մասին:

– Չեմ կարող ստույգ պատասխանել, բայց շատ հավանական է, որ նման զարգացումներ լինեն:

– Երևանի նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշանակվել է քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդական: Այս որոշումը քննադատության տեղիք է տվել: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում նախկին կադրերին նոր պաշտոնների նշանակելու հարցին:

– Ես կարծում եմ, որ դա ճիշտ որոշում է: Կամո Արեյանը դադարել է լինել քաղաքապետի տեղակալ, այսինքն՝ լիազորությունները վերցվել են նրա ձեռքից, բայց որպես խորհրդական՝ նա կարևոր անձնավորություն է: Արեյանն այն մարդն է, ով քաղաքի բոլոր խնդիրներին ծանոթ է, և տեղեկություններ տրամադրելու առումով ափսոս է նման կադրեր կորցնելը: Բայց պետք է հաշվի առել, որ նա այլևս որոշումներ չի կարող կայացնել: Սա, կարծում եմ, քաղաքապետի կողմից շատ իմաստուն որոշում է: Շատ իզուր է քննադատվում նախկին կադրերի հարցը, այդ մարդկանց հո չե՞նք վտարելու երկրից: Թող մնան, իրենք գիտելիքներ ունեն, այդ գիտելիքներն օգտագործեն, բայց լիազորությունները նրանց ձեռքից վերցված են:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am