Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը հորդորում է չհանել ականների նախազգուշացնող նշանները

Ականների վտանգ ներկայացնող 64 պետություններում ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ:

Հայաստանում կա ականների վտանգ ներկայացնող 4 մարզ՝ Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Սյունիք: Այս մարզերը համարվում են վտանգավոր գոտիներ, բայց ականներ կան նաև այլ շրջաններում: Այսօր Հանրապետության տարածքում ապրում է ականների պայթյունից տուժած ավելի քան 700 քաղաքացի:

Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտության կենտրոն»-ը։

««Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետներն ամեն տարի իրազեկում են մոտ 10000 մարդու: Այս օրերին, աշխարհը պատած պանդեմիայի ֆոնին մենք շարունակում ենք իրականացնել իրազեկման աշխատանքներօգտագործելով վիրտուալ տիրույթի բոլոր հնարավորությունները: Վերջին շրջանում, ավելացել են ականի և չպայթած զինամթերքի պայթյունի դեպքերը, որոնք ունեցել են նաև ծանր հետևանքներ որոշները մահվան ելքերով: Այս կապակցությամբ, Հումանիտար ականազերծման և փորձագիտության կենտրոնը զգոնության կոչ է անում: Եվս մեկ անգամ հորդորում ենք չհանել և չտեղաշարժել ականների մասին նախազգուշացնող նշանները, քանի որ դրանք ունեն կենսական նշանակություն: Ական կամ չպայթած զինամթերք տեսնելու դեպքում, խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել: Եթե մենակ չեք, գոռացեք և զգուշացրեք մյուսներին հնարավոր վտանգի մասին, եթե մենակ եք՝ զանգահարե՛ք համապատասխան մարմիններին և սպասե՛ք մինչև մասնագետները հասնեն դեպքի վայր:

ՀԱՓԿ ՊՈԱԿ թեժ գծի հեռախոսահամար 0-8000-9000,
ԱԻՆ՝ 911,
ոստիկանություն՝ 102:

Հետևեք մեր կայքին և եղեք իրազեկված ու պաշտպանված»,- նշված է հաղորդագրության մեջ: