Մենք ֆուտբոլ չունենք

Վահրամ Թոքմաջյան

Մենք ֆուտբոլ չունենք ու տևական ժամանակ չենք ունենալու: Ավելի շուտ՝ չենք զգալու կայուն հաղթանակների բերկրանքը: Այս ռիթմով իրականություն չի դառնալու Հայաստան-2050 մարտահրավերը՝ մասնակցել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը և մրցանակային տեղ զբաղեցնել: Երազելը վատ չէ:

Երազանքի հմայքը դրա անիրական լինելու մեջ է նաև:

Սույն գրվածքի առիթը Հայաստանի հավաքականի հերթական պարտությունն էր Ազգերի լիգայում: Այս անգամ՝ Հյուսիսային Մակեդոնիայից:

Եթե Մակեդոնացուն չհաջողվեց մտնել Հայաստան, ապա նրա ժառանգներին հաջողվեց երկու անգամ մտնել մեր դարպասը: Բայց մի բան ոգևորում է: Մենք կայունություն ենք դրսևորում:

Կայուն պարտվում ենք:

Դա ինչ-որ պահի կարելի է համարել ձեռքբերում:

Իհարկե ընթերցողը կարող է ինձ մեղադրել շտապողականության մեջ: Կարող ենք ասել, որ սա նոր մարզչի առաջին պաշտոնական հանդիպումն էր, դանդաղ սերնդափոխություն է տեղի ունենում և այլն:

Կարող ենք:

Սերնդափոխոխությունը միշտ էլ լինելու է: 

Խնդիրը ինչ-որ բան քննադատելու մեջ չէ: Խնդիրը պատճառները հասկանալն է: 90-ականների մեր հավաքականի պարագայում հստակ գիտեինք, որ Անդորրայի հետ խաղերում 3 միավորը երաշխավորված է:

Դա չէինք հաշվում: Կար խորհրդային դպրոցի մնացորդը: Լավ էր, թե վատ՝ այն մեզ ուրախ պահեր պարգևում էր: Հիմա նույնիսկ երաշխավորված չենք Սան Մարինոյի հետ խաղերում: 

Հայկական ֆուտբոլում գործել է մաֆիոզ ստրուկտուրա: Ընդհանրապես ամբողջ աշխարհում է գործում մաֆիոզ ստրուկտուրա այնտեղ, որտեղ փող կա: Իսկ ֆուտբոլում փող շատ կա:

Եթե այդ ստրուկտուրան աշխարհում ունի լավ փաթեթավորված բնույթ, ապա Հայաստանում կրել է ջունգլիների կացնային բնույթ: Ասել, թե հեղափոխությունից հետո մենք լիովին ձերբազատվել ենք դրանից, չափազանց ռոմանտիկ կհնչի:

Ուստի անհաջողությունները չենք կարող բարդել միայն մաֆիոզ ստրուկտուրաների վերապրուկների վրա:

Փող: Այո՛, ֆուտբոլը փող սիրում է: Սակայն միշտ չէ, որ փողը որոշիչ է: Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկությունն ապացուցեց դա: Իհարկե Բավարիային աղքատ թիմ չես համարի, սակայն ֆուտբոլում կան շատ էական բաներ, որոնք հավասարազոր են ֆուտբոլին:

Քիչ կայացած տեղական ակումբներ: Հայաստանյան շատ օլիգարխներ կամ հայտնի գործիչներ վերջին 25 տարիների ընթացքում ունեցել են սեփական ակումբները: Անազնիվ պայքարի արդյունքում դրանք դարձել են Հայաստանի չեմպիոն՝ բավարարելով այս կամ այն «առաջնորդի» այդ պահի մանկության չկայացած երազանքների մոլուցքը:

Յուրաքանչյուր նման քայլ դանդաղ սպանել է հայկական ֆուտբոլը: Սպանել է ֆուտբոլիստին, երկրպագուին և խաղն ընդհանրապես: Այս միտումը ևս շարունակվում է:

Միայն փող դնել ֆուտբոլում ու ստեղծել լեգեոներների հավաքատեղի՝ որևէ էական արդյունքի չի հանգեցնելու: Դա մենք տեսնում ենք հիմա: Այդպես արել են եվրոպական գրանտ ակումբներ և տապալվել:

Հիմքը հատկապես ներսից է լինում: Կա նաև մյուս ծայրահեղությունը՝ լեգեոներների միջոցով փող աշխատել: Սա օգտակար է մեկի գրպանի համար, բայց զրո արդյունք է բերում հայկական ֆուտբոլին:

Տեղական դպրոց: Մենք դանդաղ քայլեր ենք կատարում տեղական ֆուտբոլային դպրոց ունենալու և այդ միջոցով կադրեր մատակարարելու ուղղությամբ: Սակայն ինչ-որ բան չի ստացվում: Մարզաձևի պատասխանատուները կարիք ունեն անցնող առնվազն 15 տարիները գնահատելու: Հասկանալու, թե բազմաթիվ նոր խաղադաշտերի, դպրոցների բացման արդյունքում ինչու՞ չունենք հաջողված կադրեր, կամ ունեցածն էլ շատ քիչ է: Որքանո՞վ է կոռուպցիան դա խեղդել, ի՞նչ հեղափոխական լուծումներ են պետք, արդյոք ունե՞նք մարզչական ռեսուրս, արդյոք մարզումային ծրագրերը բավարա՞ր են, թե՞ դրանք փոխել է պետք, արդյոք հովանավորչությունը մանկուց չի՞ կոտրում երեխաներին: Նման բազմաթիվ հարցեր կան, որոնք հիմնազուրկ չեն: Դրանք այս կամ այն չափով ազդել ու ազդելու են ֆուտբոլի կայացման վրա:

Սլավիկ Ղազարյանի սինդրոմ: Սլավիկ Ղազարյանը մեր ոչ վաղ անցյալի մրցավարներից է: Նրա ապօրինի որոշումները հիշում են բոլոր ֆուտբոլասերները:

Ես չգիտեմ, թե նա որ փուլում ինչ քաղաքական պատվերներ էր կատարում, բայց իմ հիշողության մեջ դաջված է 1999 թ. «Ցեմենտ» – «Շիրակ» հանդիպումը: Դա մրցավարական մառազմի գագաթնակետն էր:

Հույս ունեմ, որ մարզչական ծրագրերում այդ խաղը ներառում են՝ ցույց տալու համար, թե ինչպիսին չպետք է լինի մրցավարը: Սլավիկ Ղազարյանի սինդրոմը շարունակվում է մինչ օրս:

Մրցավարական աչառու որոշումները կոտրում են ֆուտբոլը: Դա հատկապես դրսևորվում է ոչ մայրաքաղաքային թիմերի նկատմամբ և կապված է այս կամ այն թիմի հովանավորի թափից: 

Ղումար: Խաղադրույքների իմպերիան չէր կարող անտեսել ֆուտբոլը: Այն հատկապես ստեղծված էր ֆուտբոլի համար: Այս հիվանդագին երևույթը սպորտում կա ամենուր:

Ֆուտբոլում այն հասնում է հսկայական չափերի: Այն, ինչ կատարվում է մեր տարբեր խմբերի առաջնություններում, բառերով պարզապես չես նկարագրի: Սա ֆուտբոլի գլխավոր թշնամիներից մեկն է: Հասկանալի է, որ այն հնարավոր չէ արմատախիլ անել բացառապես: Սակայն նվազագույնի հասցնելն օրհասական խնդիր է:

Գուլպայից գնդակ: 90-ականների սկզբին մենք ֆուտբոլ խաղում էինք ամեն օր՝ անկախ եղանակային պայմաններից:

Ոչ բոլոր երեխաներն էին երջանիկ ու Dendy համակարգիչ ունեին: Ընտանեկան բյուջեն հնարավորություն չէր տալիս պլանավորել գնդակի գումար ամբողջ տարվա համար: Իսկ գնդակներն անորակ էին և ամռան ընթացքում մաշվում էին:

Ձմեռները մենք նույնիսկ գնդակ էինք պատրաստում՝ հին գուլպաներն իրար մեջ հավաքելով: Հիմա գնդակ շատ կա: Բակերում ֆուտբոլ խաղացողներն են նվազել: 

Նշեցի պատճառներից ընդամենը մի քանիսը: Սակայն դրանք շատ-շատ են: Չեմ նախանձում բոլոր այն անձանց, որոնք լուծումներ պետք է գտնեն: Սակայն ես ուզում եմ ուրախանալ նաև հայկական ֆուտբոլով: Կարծում եմ, որ դա բնական պահանջ է: 

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am