Երևանի փոխքաղաքապետը հանդիպել է Բաբաջանյան փողոց-Աշտարակ նոր ճանապարհի իրացման գոտու բնակիչների հետ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Բաբաջանյան փողոց-Աշտարակ նոր ճանապարհի իրացման գոտու բնակիչների խմբի հետ, որը դժգոհություն հայտնել է ճանապարհաշինական ծրագրի այդ հատվածի վերաբերյալ։ Հրաչյա Սարգսյանը հայտնել է, որ մշակվել են լավագույն լուծումները, որոնք հնարավոր էր տալ ծրագրի շրջանակում։

Մայրաքաղաքի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածը հանդիսացող Բաբաջանյան փողոցի հարակից շենքերի բնակիչներն իրենց անհանգստությունն են հայտնում դեռևս 2017թ-ից կառուցվող ճանապարհի հատվածի վերաբերյալ: Հիմնական խնդիրը բակային տարածքներ մեքենաների ելումուտի, ինչպես նաև հետիոտնի անցուդարձի հարմարավետության ու անվտանգության ապահովումն է: Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դեռևս նախորդ տարի հանդիպեցին բնակիչների հետ և որոշում կայացվեց դիտարկել նախագծային փոփոխության հնարավորությունը: Ի վերջո, քաղաքապետարանը, հաշվի առնելով քաղաքացիների դիտարկումները, նախագծում մի շարք փոփոխություններ արեց: Այնուհանդերձ, բնակիչների մի մասը շարունակում է դժգոհություն հայտնել ճանապարհաշինական ծրագրի այդ հատվածի վերաբերյալ: 

«Մեկ տարի ձեզ հետ միասին աշխատել ենք և փորձել ենք հասկանալ՝ ո՞րն է լավագույն լուծումը: Եթե բան չի փոխվել, նշանակում է՝ նախագծի արժեքն էլ պետք է չփոխվեր: Բայց ծրագրի արժեքը այս փոփոխությունների արդյունքում մոտավորապես 900.000-ից 1 մլն դոլարի չափով թանկացել է՝ հաշվի առնելով ձեր բոլոր նկատառումները: Սկզբնական նախագծով գրված էր, որ ծառեր պետք է հատվեն, որոնք այսօր չեն հատվում, ճանապարհը շենքից 20 մ հեռավորության վրա է: Այսինքն, այն լավագույն լուծումները, որոնք հնարավոր էր տալ ծրագրի շրջանակում, մենք տվել ենք»,- նշել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Ավտոճանապարհի կառուցման համար բակային տարածքում իրացված 44 գույք կա, որոնց սեփականատերերը կամ օգտագործողները դեռևս 2017թ. համայնքից ստացել են փոխհատուցում՝ յուրաքանչյուրը միջինը 3-4 մլն դրամ։ Ավտոտնակները, փաստորեն, այժմ համայնքի սեփականությունն են:

«Համայնքն իրացնում է իր սեփականությունը: Իսկ նախագիծը հնարավորինս համապատասխանեցվել է և՛ համայնքի շահերին, և՛, մասնավորապես, տեղի բնակչության շահերին»,- նշել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: