Երազախաբությունը՝ ազգային զբաղմունք

Վահրամ Թոքմաջյան

Տարածաշրջանային վերադասավորումների, հնարավոր սրացումների ֆոնին սրվել են մեր ազգային իղձերն այլոց վզին փաթաթելու բուռն մղումները և վրեժի պատկառանքը՝ կողքից դամ պահողի կամ նկար պարզողի տեսքով։

Ամեն ինչ այսքան զավեշտալի չէր լինի, եթե ժամանակին այդքան փնթի չվերաբերվեինք այդ նույն ազգային իղձերին ու հասկանայինք, թե որն է վերմակի մեր չափը։ Իրան-Ադրբեջան հարաբերությունները սրվել են կամ թեժացել, ու սա պարարտ դաշտ է բացել մեկ քառակուսի կիլոմետրին բաժին ընկնող քաղաքագետների, նորաթուխ իրանագետների, կոնսպիրոլոգների, առաջին մասնագիտությամբ տաքսիստ, բայց հիմնականում պատմաբան աշխատողների թվով աշխարհում առաջին տեղն զբաղեցնող հայկական տիրույթի համար։

Իրականում մենք անգամ չգիտենք, թե այդ հարաբերություններն ինչ որակական դրսևորումներ են ունեցել, ինչ բնույթի շերտեր են ներառել իրենց մեջ ու այժմ ինչ որակական դաշտում են։ Չգիտենք, որովհետև վերը նշած բրածոների աղմուկ-աղաղակը լռեցնում է դաշտին տիրապետող մի քանի անհատների խոսքը։

Այս համընդհանուր մառազմը բնավ կապ չունի վերջին պատերազմում կրած ծանր պարտության հետ։ Այն կարող է սրել հուզական զգայարանները՝ որոշ խելապակաս խմբերի հիմք տալով հասարակությանը կերակրել, թե Իրանը շուտով ոտքի է հանելու մատյան գունդը, փղերով մտնելու է Արցախ, Նախիջևան և այն սկուտեղի վրա հրամցնի հայերիս։

Այս ցնորամիտ երևակայությունները, փրկիչներ փնտրելու բուռն մղումը, աշխարհի հզորների հետ դեռահաս պատանյակին բնորոշ երազախաբությամբ տառապելու ֆիզիոլոգիական նորմալ գործընթացն համընդհանուր հիվանդության վերածելը վաղուց է բույն դրել մեր մտքում։ Շատ վաղուց։

Պատմական էքսկուրս

1-ին դարում Հայաստանի համար պայքարում էին Հռոմն ու Պարթևստանը։ Պարթև արքային հաջողվեց սեփական եղբորը Հայաստանում թագավոր նշանակել՝ Հռոմի համաձայնությամբ։ Մեր պատմագիտության մեջ դա ներկայացվում է որպես Մեծ Հայքի անկախության վերականգնում։ Ինչ լավ է, չէ՞։ Վաղը, որ Իրանը սեփական կարիքների համար մտնի Սյունիք, կարող ենք ներկայացնել սեփական սահմանների ամրության գրավական (մի դավադրապաշտական ճոխություն էլ ես ինձ թույլ տամ)։

Հետո արդեն, շատ երկար ժամանակ մենք չէինք կողմնորոշվում, թե ումի՛ց ենք փրկություն ակնկալում ու որ պահին ո՛ւմ գիրկը նետվենք։ Ու այսպես ձեռք բերեցին ազգային բնավորության մի տոկուն գիծ՝ անընդհատ մնալ կործանվող կայսրությունների փլատակների տակ։

Դա կլինի Պարթևստան, Հռոմ, Արաբական խալիֆաթ թե Բյուզանդիա՝ էական չէ։ Ամեն անգամ կարիք ունենք անդառնալի ողբերի ձոներ լրացնելու։ Եվ յուրաքանչյուր նման ողբերգությունից հետո հայի միտքը կամ ավելի շուտ միտք տվող խմբերի երևակայությունը սրվում է հիվանդագին, իսկ բանականությունը՝ կրճատվում այրվող սիգարետի արագությամբ։

Հետո արդեն եկեղեցին շրջանառության մեջ դրեց Ներսես Մեծի ՉՏԵՍԱԾ երազը։ Համաձայն այդ երազի՝ կգա Հյուսիսի հզոր ազգը և կփրկի մեզ։ Իսկ երբ Ցարական Ռուսաստանը յուր կարիքների համար այստեղ էր ու այդ նույն Պարսկաստանից զավթում էր Ղարաբաղը, Երևանը, Նախիջևանն ու այլ տարածքներ, ազգիս էլիտաները լուրջ դեմքով հայոց պետության վերականգնման ծրագրերով էին հեղեղում ռուսական արքունիքը։ Ի՞նչ է սա, եթե ոչ մանկամտության վառ դրսևորում, որը կարծես արյունով է սկսել փոխանցվել։

Վերջին անգամ Ցարական Ռուսաստանի և Օսմանյան կայսրության կործանումների փլատակների տակ մնացած ու անդառնալի ողբերգություն ապրած ազգը ոչինչ չսովորեց։ Չսովորեց նաև, քանի որ սուրբ ջահով այդ ողբերգությունների գիրկը տանող ուժերը մինչ այսօր էլ կենսունակ են։ Որոշ ռեսթայլինգներով իհարկե, բայց կան ու դեռ կլինեն, քանի գոնե հետին խելքը չի ճչացել։

Վերջին հարյուրամյակների ընթացքում միայն մեկ անգամ հաջողեցինք։ Այն էլ այդ հաջողության հետ վարվեցինք Դոստոևսկուն բնորոշ մոլությամբ՝ ղումարբազի հոգեբանությամբ։ Երբ ամբողջ կյանքը տանուլ է տվել, մեկ անգամ հաջողել ու հնարավորություն ստացել վատ շրջափուլից դուրս գալու, սակայն խելակորույս ակնկալիքով այդ հաջողությունն էլ է դրել խաղասեղանին և դարձ ի շրջանս յուր՝ կործանումի ոլորան։

Եվ այստեղ մեծ հաշվով հասարակության լայն զանգվածները մեղավոր չեն։ Մեղավոր են բոլոր նրանք, որոնք պետք է այդ հասարակությանը ներկայացնեին իրականությունը, իսկ դրանք դա չեն անի մի քանի հիմնավոր պատճառներով՝ անձնական ամբիցիաներ, իշխանություն պահելու կամ իշխանություն վերազավթելու մոլուցք, հանցավոր անգիտություն և այլն։ Փոխարենն այլասերում են պինդ, բայց ծակ գլուխներով, խնամքով օսլայած օձիքների ցոլանքում բութ հայացքները պարտակող ինքնահռչակ վերլուծագանգերը, որոնց մեծ մասի խոսքը հարդանոց է և էժան էշություն, իսկ ի հետևանս տառապում է մի ողջ ժողովուրդ։ 

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am