Գերմանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը

Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության վերսկսված էսկալացիան խորը մտահոգություն է առաջացնում։ Գերմանիան կոչ է անում երկու կողմերին վերականգնել հրադադարի ռեժիմը և անել այն ամենը, ինչ իրենց ուժերի սահմաններում է, որպեսզի պաշտպանեն մարդկանց կյանքերը։»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ում նշել է Մաթիաս Լյութենբերգը:

Ադրբեջանի ԶՈՒ-ն հուլիսի 28-ին նախահարձակ մարտական գործողություններ էր սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրաՍոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։ Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է: