Վարձով բնակարաններ Երևանում, ինչպես Նյու Յորքում. Բանգլադեշում՝ 2000 դոլար, Կենտրոնում՝ 4500 դոլար. առաջարկվում է կանոնակարգել ոլորտը

Աննա Մնացականյանը երեք շաբաթ առաջ վարձով բնակարան էր փնտրում Երևանում՝ տեղափոխվելու համար: Ասում է՝ ինքն ու ամուսինը շատ բախտավոր են, քանի որ կարողացել են նորմալ գնով բնակարան վարձակալել:

«Հիմա որ նայում ենք տների գները, ապշում ենք, վարձով տրվող բնակարանների գները հասել են աստղաբաշխական գումարների, մեր բախտը ոնց բերեց, հիմա լիներ՝ չէինք կարողանալու խելամիտ գնով տուն գտնել»,- ասում է նա:

Եթե դուք ունեք երեքսենյականոց բնակարան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, կարող եք վարձակալության տալ և դրանից էլ ավելի մատչելի գնով բնակարան վարձել, օրինակ՝ Փարիզի կենտրոնում: 

Իսկ եթե դուք այնքան հաջողակ եք, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում ունեք մեկսենյականոց փոքրիկ բնակարան, ապա վարձակալության հանձնելով՝ կարող եք Նյու Յորքի կենտրոնում մի շքեղ բնակարան վարձել: 

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մարդկանց հսկայական հոսքի պատճառով Հայաստանի մայրաքաղաքում վերջին շաբաթներին բնակարանի վարձավճարների իսկական բում է: Մի կողմից անշարժ գույքի շուկայի սահմանափակությունը, մյուս կողմից՝ վարձով բնակարան հանձնող մարդկանց մեծ ախորժակը շուկան մի քանի օրում աներևակայելի փոխակերպել են՝ երբեմն մի քանի անգամ գների աճ արձանագրելով: 

Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով լրջագույն խնդիրների առաջ կանգնած Ռուսաստանի քաղաքացիների հոսքը չի դադարում, մարդիկ Հայաստանի ճանապարհն են բռնել տարբեր պատճառներով: Ոմանք հնարավորություն ունեն Հայաստանից առցանց աշխատել արևմտյան երկրների գործընկերների հետ՝ պահպանելով իրենց աշխատատեղը, ոմանք հեռացել են՝ պատերազմից խուսափելով կամ այլ պատճառով: 

Սակայն Երևանի տարբեր անկյուններում նոր, ժամանակավոր կացարան գտած ռուսաստանցիները լրջագույն խնդիրների առաջ են կանգնած՝ վարձավճարների վագրային թռիչքային աճի պայմաններում:

«Աներևակայելի գներ են,- ասում է Մոսկվայից Երևան տեղափոխված բնակարան փնտրող քաղաքացիներից մեկը,- ծանոթներիցս մեկն էլ մի գնով Booking-ով վարձակալել էր, հետո տան տերը փոխել էր գինը, ասել էր՝ կա՛մ ավել կվճարեք, կա՛մ էլ ցտեսություն: Անսպասելի գներ են»:

Անսպասելի գների տարափ է Հայաստանում ամենամեծ տարածում ունեցող հայտարարությունների List.am կայքում, որտեղ, օրինակ՝ երեքսենյականոց բնակարանը արվարձանային Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բանգլադեշում, որտեղ սովորաբար նման բնակարանը առաջ շուրջ 300-350 դոլարի համարժեք կլիներ, այսօր նշված է 3000 դոլար։ Մեկ այլ հայտարարությամբ Հանրապետության փողոցում՝ Վերնիսաժի մոտակայքում գտնվող 42 քմ վարձակալության մեկ ամսվա արժեքը 2000 դոլար է։ Մեկ ուրիշ հայտարարությամբ Վարդանանց փողոցում գտնվող 175 քմ բնակարանի վարձակալության գինը 4500 դոլար է նշված։

«Մեդիալաբի» հարցին, թե ինչո՛վ է պայմանավորված գնի այդքան բարձր լինելը, վարձակալությամբ բնակարան տրամադրողը չուզեց մեկնաբանություն տալ.

«Ի՞նչ կարևոր ա՝ ինչի՛ ա էդքան թանկ, տեղի համար, վերանորոգման համար»։

Մեկ ուրիշ հայտարարությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 80 քմ բնակարանի վարձկալության արժեքը գրեթե 1000 դոլար է, հայտարարություն տեղադրող անձն ասում է՝ բնակարանը իր բարեկամինն է, չի կարող ասել՝ ինչու է այդքան բարձր։ «Տերն էստեղ չի, ասել ա, որ էդքան գրեմ։ Մի երկու ամիս բնակեցված չի եղել»։

«Վիվա ռիելթի» անշարժ գույքի գործակալության ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանից քաղաքացիների ներհոսքի պատճառով տան տերերը գները բարձրացրել են, պահանջարկը շատ մեծ է։ 

«Հիմա բոլորին պարզ է, որ Ռուսաստանից մարդիկ են եկել, տան կրիզիս է, տան տերերը գները բարձրացրել են։ Օրինակ՝ եթե մեկսենյականոց բնակարանը եղել ա 500 դոլար, դարձել ա 800 կամ 900 դոլար՝ կախված ինչ հատվածում ա, և տան տերն ինչ առաջարկ ա արել»,- նշում է ոլորտի աշխատակիցը։

Առաջարկ-պահանջարկից ելնելով՝ չարաշահումների նման պատկերը, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի, պայմանավորված է նրանով, որ պետությունն իրական կանոնակարգումներ չունի, որը կկանխեր ցանկացած նման երևույթ։

«Բնականաբար առաջարկ-պահանջարկից ելնելով չարաշահումներ լինելու են։ Ի՞նչ է կանոնակարգումը՝ երբ կա գոտիավորման հարց, վարձակալության տների առավելագույն շեմ, նվազագույն շեմ, որպեսզի առաջարկ-պահանջարկով էսպիսի բան չլիներ։ 

Բայց եթե դու կարգավորում չես անում, տեսնում են՝ պահանջարկ կա, գումար տվող կա, անում են։Հիմա մարդիկ վատ բան են անում երկարաժամկետ կտրվածքով, մարդիկ էսօր իրանց վարձակալներին ասում են՝ դո՛ւրս եկեք, հանում են, որ տուրիստներին վարձով ավելի թանկ տան։ Ինչի՞ են անում, որովհետև պաշտպանվածություն, իրավունք, կանոնակարգում չունենք, եթե ունենայինք՝ էսպիսի բան չէր լինի»։

Պիպոյանի խոսքով՝ ոլորտը հարկային դաշտն էլ մտցնելն առաջնային նպատակ չպետք է լինի․

«Ցավոք սրտի, մեր պետության համար կանոնակարգում մտցնելը ևս մեկ օղակից փող հավաքելն է, բայց կանոնակարգման նպատակն այլ է՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը ու չարաշահումներից զերծ պահելը»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am