«Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցով Հայաստանը վերջապես վերադառնում է իր սեփական ազգային շահերի դաշտ և հուն». քաղաքագետ

«Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցով Հայաստանը վերջապես վերադառնում է իր սեփական ազգային շահերի դաշտ և հուն». քաղաքագետ
«Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցով Հայաստանը վերջապես վերադառնում է իր սեփական ազգային շահերի դաշտ և հուն». քաղաքագետ

Հայաստանի վարչապետի՝ Իրան կատարած այցով և երկու երկրների ղեկավարների հանդիպմամբ տրված է շատ լուրջ քաղաքական կուրսի մեկնարկը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Հայաստանը վերջապես վերադառնում է իր սեփական ազգային շահերի դաշտ և հուն:

Այն հայտարարությունները, որոնք արվեցին Իրանում, քաղաքագետի խոսքով, չափազանց խոստումնալից են և խոսում են այն մասին, որ սա շատ կարևոր այց է, որը կանխորոշելու է Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում հետագա զարգացումների ապագան:

«Սա ըստ ամենայնի նոր քաղաքականության մեկնարկ է, քաղաքականություն, որը նախ ուղղված է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, երկրորդ՝ Հայաստանի էներգետիկ անկախության ապահովմանը, Հայաստանի էներգամատակարարումների դիվերսիֆիկացմանը: Սա նաև ուղղված է Հայաստանի դերի մեծացմանը տարածաշրջանում էներգետիկ համագործակցության գործընթացներում»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Նշեք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 27-ին տեղի ունեցած հանդիպումից հետո համատեղ հայտարարությունում մի քանի առանցքային կետեր են նշմարվում: Նախ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությանը:
Մյուս կարևոր կետն այն է, որ Նիկոլ Փաշինյանն Իրանում ասել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր:

«Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու՝ գազը արտահանելու դեպի Վրաստան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ այս քաղաքականության մեկնարկով Հայաստանը նաև որոշակի դերակատարում է ստանձնում Վրաստանի էներգամատակարարումների դիվերսիֆիկացման հարցում, ինչը նույնպես շատ կարևոր է:

Նշենք, որ Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման թեման նախկինում էլ շոշափվել է: Հարցին, թե հաշվի առնելով այն, որ Իրանը գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ, իսկ մյուս կողմից էլ Ռուսաստանը մշտապես խանդով է վերաբերվել իրանական գազի հարցին, ի՞նչ արձագանք կարող է լինել ԱՄՆ-ից ու Ռուսաստանից, Մեհրաբյանը պատասխանեց.

«Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի կողմից չի կարող որևէ դժգոհություն լինել այս հարցում, որովհետև սա միանշանակ օգտակար է ամբողջ տարածաշրջանի համար: Սա նաև դրական է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, դե, կներեք, մեր շնչելն ու արտաշնչելն էլ Ռուսաստանի դուրը չեն գալիս, հետո ի՞նչ»:

Իրանի նախագահը նաև հանդիպման ընթացքում շեշտել էր հետևյալը. «Մեր երկու երկրների նպատակն է, որպեսզի աշխատանքներն առաջ տանենք ըստ մեր շահերի և թույլ չտանք, որպեսզի որևէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին և համագործակցությանը»:

Հարցին՝ արդյոք կարո՞ղ ենք փաստել, որ Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է Իրան-Հայաստանում հարաբերություններում, Մեհրաբյանը պատասխանեց.

«Թեև Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի Հայաստանի վրա, բայց Հայաստանը չպետք է կաշկանդված զգա հենց իր շահերից բխող քայլեր ձեռնարկելու համար»:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am