«Էս արդար չի, անգամ Աստծուց եմ նեղանում»․ միայնակ մայր Շուշանիկը պատերազմում կորցրել է մինուճար որդուն

«Մեկը մտնում ա տուն, ինձ թվում ա՝ Էդգարս ա»,- արտասուքով ասում է 55-ամյա Շուշանիկ Աղաբաբյանը, որը պատերազմում կորցրել է մինուճար որդուն։

Շուշանիկ Աղաբաբյանը մենակ է մեծացրել որդուն, տարբեր աշխատանքներ կատարել, որ որդին ոչ մի բանի պակաս չունենա։ Տարիների ընթացքում Շուշանիկը առողջական խնդիրներ է ձեռք բերել՝ շաքարային դիաբետ, վահանագեղձի խնդիր։

Որդու բանակ գնալուց ի վեր, ասում է՝ մի երազանք ուներ՝ որդին ողջ-առողջ տուն դառնա… Սակայն Շուշանիկն այդպես էլ չգրկեց բանակ գնացած որդուն: Պատերազմից մինուճար Էդգարը չվերադարձավ:

«Էս արդար չի, ես հիմա ոչ մի բանի չեմ հավատում, անգամ Աստծուց եմ նեղանում։ Նվերը հետ չեն վերցնում, որդուս նվեր տվեց ու տարավ»,- հուզմունքով ասում է որդեկորույս մայրը։

Էդգար Աղաբաբյանը հունվարի 14-ին կդառնար 20 տարեկան։ Մայրն ասում է՝ այդ ժամանակ որդին նաև տուն վերադարձած կլիներ ու մեծ քեֆ պետք է անեին, բայց «երկրորդ տարին ա՝ ինքը Եռաբլուրում ա»։

Էդգարը 2 ամիս էր, ինչ զորակոչվել էր բանակ, ծառայում էր Մարտունի 3-ում, երբ սկսվեց պատերազմը։

Նա առաջին իսկ օրից դիրքերում է եղել, կռվել հակառակորդի դեմ, սակայն մորն ասել է՝ ամեն ինչ կարգին է, ապահով վայրում են։

«Վերջին անգամ խոսել եմ սեպտեմբերի 29-ին, ասեց՝ մա՛մ, ամեն ինչ լավ ա, ու չի ասում, որ դիրքեր են տարել, ընկերներից եմ իմացել։ Ասեց՝ դու քո դեղերը խմի, քո համար աղոթում եմ, ամեն ինչ լավ կլինի։ Բանակ գնալուց էլ ասել էր՝ մորքուրների հետ մինչև աչքդ փակես-բացես, կգամ»,- հուզմունքը կոկորդում խեղդելով պատմում է մայրը։

Մայրը հիշում է, որ սեպտեմբերի 15-ին, երբ որդուն առաջին անգամ զենք էին տվել, որդին ոգևորությամբ զանգել և տեղեկացրել էր մորը: Շուշանիկի աղոթքներում մշտապես այն էր, որ որդին ապահով տուն վերադառնա․ «Ասեցի՝ բալե՛ս, ուշադիր կլինես, ես ինքս ինձ համար աղոթում էի՝ Աստվա՛ծ ջան, ոնց տվել ես, տենց էլ պահես-պահպանես, բերես ինձ»։

Մայրը կսկիծով ասում է՝ աղոթքները տեղ չհասան։

Հոկտեմբերի 2-ին մեր շենքի մոտ վոյենկոմատից մարդ ա եկել, հարևանների հետ խոսել, հարցրել են՝ ո՞վ ունի, ասել են՝ հիվանդ մամա ունի։ Հարևանս ասել ա՝ դուք մի՛ ասեք, մենք մի ձև կասենք… Ինձ ասեցին՝ տղես վիրավոր ա, ու ես չեմ իմանում՝ ինձ ոնց են տարել հիվանդանոց»։

Շուշանիկն ասում է՝ որդու մարմինը տեսել է, բայց չի կարողանում հավատալ, մտածում է՝ որդին գալու է։

«Ես սպասում եմ իրան, ինքը գալու ա, քույրիկս ա ինձ անընդհատ զբաղեցնում, սկզբում գիշերները վեր էի թռնում, որ գիտեի՝ էլ չեմ կարա տեսնեմ… Հոգեբաններ աշխատեցին, բայց ուժ չունեմ, կարոտն ա խեղդում։ Քուրս հետս չլիներ, հաստատ գժված կլինեի»,- ասում է որդեկորույս մայրը։

Էդգար Աղաբաբյանը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։

Մայրն ասում էր, որ Էդգար սիրում էր իր երկիրը, աշխատասեր էր ու ազնիվ:

Ասում է՝ որդին անպայման ուզում էր բանակում ծառայել, Շուշանիկի խոսքով՝ քանի որ ինքը առողջական խնդիրներ ուներ՝ որդին պետք է ազատվեր բանակից, բայց իր հաշմանդամության խումբը չի հաստատվել, և որդուն բանակ են տարել։

«Չնայած ես ընկած էի թղթերով, բայց ինքն ուզում էր բանակ գնար։ Ինքը պատերազմի բոլոր հերոսներին շատ լավ գիտեր։ Հիշում եմ՝ Ծիծեռնակաբերդ պետք է գնայինք, ինքն էդ ժամանակ դեռ փոքր էր, ճանապարհը փակ էր, ասեցի՝ էդգա՛ր ջան, էսքանը ո՞նց գնանք, ասեց՝ մա՛մ, արի բարձրանանք Եռաբլուր, տարբերություն չկա։ Ոտքով բարձրացանք, ասում էր՝ էս էս հերոսն ա, էս էն հերոսն ա, ինձնից լավ գիտեր բոլորին»,- պատմում է Շուշանիկը։

Էդգարը փոքր հասակից օգնել է մորը, աշխատել է և գնումներ կատարել՝ թեթևացնելով մոր հոգսը։

«Մեքենաների վերանորոգում սովորեց տարբեր բոքսերում, աշխատում էր, ուզում էր բանակ գնար-գար, իրա բոքսն ունենար, մենք հայաթ ունեինք, ուզում էր իր աշխատանքով իրան մեքենա առնել»,- պատմում է ու հուզվում մայրը։

Շուշանիկն ասում է՝ երազում էր, որ որդին ամուսնանա, ինքն էլ թոռ ունենա․ «Գոնե մի թոռ գրկեի, տանջանքս լրիվ ջուրը չէր ընկնի»։

Շուշանիկն ասում է՝ ամբողջ օրը որդու նկարների հետ է խոսում։ 

Ամանորին տանը տոնածառ դնելու փոխարեն Եռաբլուրում է դնում։ 

«Ինչ անում եմ, չեմ հանգստանում։ Ապրում եմ, որ իրա մոտ՝ Եռաբլուր գնացող լինի, իրա համար եմ ապրում, իրա անունը վառ պահեմ»,- կսկիծով ասում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am