Անկախությունը մեղք է

Վահրամ Թոքմաջյան

1918-ին անկախությունն ընկավ մեր գլխին։ Մենք չէինք ուզում անկախանալ։ Ավելի շուտ՝ չգիտեինք, թե դա ինչ է։ Պատմական տեքստերը և Նիկող Աղբալյանի հայտարարությունը Թիֆլիսի մամուլում՝ ձեզ ապացույց։ Բայց երբ «ստիպված» անկախացանք, մենք չգիտեինք, թե ինչպես վարվել դրա հետ։ 

Օրինակ՝ մեր հարևան վրացիները գրեթե միշտ իմացել են, թե երբ կարելի է լինել անկախ, երբ՝ կիսանկախ ու երբ զիջել անկախությունը։ Դրա համար հարկ եղած դեպքում «չուզելով» զիջել են անկախությունը և արդյունքում թուրքերի քթի տակից Բաթումը տարել։ Իսկ մենք հակառակը՝ չիմանալով ինչպես վարվել, կորցրել ենք մեր ունեցած Կարսը։

Պատմությունը մեզ նվիրեց երկրորդ պատեհությունը։ Կործանվող կայսրության փլատակների վրա մենք ձեռք բերեցինք նոր անկախություն։ Ներեցեք, եթե հիմա չճամարտակեմ այն մասին, որ խորհրդային պետությունը հենց մենք կործանեցինք։ 

Եթե չլինեինք մենք, մի երեք հադրութեցի, որոնք այդպես էլ հայերեն խոսել չսովորեցին, բայց հայկական ալիքներ էին ուզում և 88-ի հարթակը, ապա խորհրդային պետությունը չէր կործանվի։ 

Խորհրդային պետությունը կործանվելու էր, և անկախ այն բանից, թե աշխարհիս երեսին հայ էթնոս գոյություն ունի՞ ընդհանրապես, թե՞ ոչ։ Եթե մի պահ դուրս գանք աշխարհը մեր շուրջը պտտելու մոլությունից, ապա շատ երևույթներ սթափ կգնահատենք և գուցե հաջողենք։

Նախորդիվ մտորումս բնավ իմաստ չունի արժեզրկելու այն սերնդին, որը մեզ տարավ դեպի անկախություն, որը հարթակներում, հրապարակներում, ընտրատեղամասերում ամրագրեց այդ անկախությունը։ 

Կարող ենք նեղացած լինել այդ սերնդից անկախության էությունը նենգափոխելու, մեզ այս Հայաստանը ժառանգելու, ողբերգությունները կիսատ թողնելու, պատեհ պահին ջահիլական ու խակ դրսևորումների համար։ Կարող ենք տալ բազմաթիվ հարցեր, ունենալ ողջամիտ կասկածներ, պահանջել պատասխաններ, քանի որ նրանց թողած բեռների կրողն ենք, սարսափելի կրողը, բայց արժեզրկել չենք կարող։ 

Այո՛, Հայաստանի անկախության էությունն ինչ-որ փուլից նենգափոխվեց։ Նենգափոխվեց, երբ այդ անկախության էության մեջ մեծապես դրվեց միայն Ղարաբաղյան շարժումը։ 

Ժամանակի ինտելեկտուալների զգալի մասը կերավ այդ խայծը կամ համընդհանուր բորբոքումի պարագայում հնարավորություն չունեցավ կանխելու անկախության էության նենգափոխումը։ 

Եթե անկախության էությունը չես ձևակերպում, եթե անկախության էության կրողը չես, եթե անկախության բովանդակությունը ուժեղ պետության աղերսի հետ չես համակցում, ապա ինչպե՞ս ես պահելու նույն Արցախը, Կարսը և, եթե կուզեք՝ Անիի ավերակները։ 

Ի վերջո, Անկախությունը նախևառաջ մարդու գիտակցության մեջ է։ Առանց անկախ քաղաքացու չկա անկախ պետություն։

Եթե վերոնշյալի կրողն ու արժևորողը չես, ապա մնալու ես կայսրության հողերի պաշտպան, մինչև այդ նույն կայսրությունը խելքը գլուխը կհավաքի և կվերադառնա դեռ 1828-ից վերցրած իր տիրույթները։ Այդ ամենին ականատես եղանք։ 

Իսկ հնարավո՞ր էր խուսափել։ Ընթերցողը կարող է ինձ մեղադրել հետագայի դիտանկյունի սուբյեկտիվ դատողություններ անելու համար։ Սակայն գոնե երկու մարդ հենց այն ժամանակ էին զգուշացրել այդ մասին։ 

Այսինքն՝ իրատեսներ կային։ Իսկ երբ «արյունոտ խրախճանքն» ավարտվում է, ու ճակատամարտի հաղթանակի հարբածությունը տեղը զիջում է խումարին, պատմականորեն բթացածներն այդ ժամանակ էլ ունակ չեն լինում իրականության հետ աղերսվելու։

Օրերիս քննարկումը, որի առանցքում «գունագեղության» և սգի հակադրությունն է, ասածիս վառ ապացույցն է։ 

Մենք «հանդես» քննարկելու մտայնությունից անդին չենք անցել։ «Հանդեսին» լրջությամբ թերևս զիջում է քննարկումն առ այն, թե ո՛ւմ ձեռքի տակ ավելի ապահով կլինենք՝ ռուսի, ամերիկացու, թե եվրոպացու։

Մենք միմյանց հետ երբեք լուրջ չենք խոսել անկախության շուրջ, անկախության չափի ու դերի, անկախության տված հնարավորությունների ու, եթե կուզեք՝ անկախության գնի մասին։ 

Այո՛, անկախությունը շատ թանկ է։ Այն թանկ է հատկապես փոքր ազգերի համար։ Պարտադիր չէ պատմաբան լինել՝ այդ ամենը հասկանալու համար։ Բայց մենք համընդհանուր աղմուկ-աղաղակի, էժան քննարկումների ու ողջակիզվող պաթոսի մեջ կորցրել ենք բոլոր պատեհությունները խոսելու այս մասին, հասկանալու, թե ինչ ենք ուզում ընդհանրապես։ Ու բանականության բռնաբարիչ այս կորուսյալ շքահանդեսը դեռ երկար է շարունակվելու։

Մեր անկախությունը մեղք է մեր ձեռքին, և այն երբեք այսքան որբ չի եղել։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am