ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը

Ս.թ. օգոստոսի 8-ին Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի իշխանությունների հաղորդագրությունը ս.թ. օգոստոսի 7-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ:

ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը ս.թ. օգոստոսի 7-ին, դեռևս չպարզված հանգամանքներոււմ, հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը և հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Չնայած ադրբեջանական իշխանությունների զանազան մեկնաբանություններին, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Կարեն Պետրոսյանը չի հանդիսանում ՀՀ ԶՈՒ զինծառայող: 
Կ.Պետրոսյանի հարազատների հավաստմամբ, ինչպես նաև նրա բժշկական փաստաթղթերի համաձայն, վերջինս առողջական խնդիրներ, առավել ևս սրտանոթային հիվանդություններ չի ունեցել և եղել է փաստացի առողջ:
Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, ենթարկել է Կ. Պետրոսյանին նվաստացումների, տանջանքների և կտտանքների` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցը ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:
 Հաշվի առնելով վերոնշյալը` չպարզված հանգամանքներում Կ.Պետոսյանի անակնկալ մահը նրա հանդեպ դաժան ու անմարդկային վերաբերմունքի հիմնավոր կասկածներ է ծնում, ինչը «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում» ամրագրված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարում է: Ուստի ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը պաշտոնապես պահանջում է անկախ միջազգային փորձագետների կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառները պարզելու համար: 
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը համապատասխան միջազգային կառույցներին կոչ է անում  դրսևորել հետևողականություն` գործի անաչառ և լիարժեք քննություն իրականացնելու համար: