Մինսկի խմբի աշխատանքներին խոչընդոտում է Ռուսաստանը, որովհետև Ադրբեջանի ու նրա շահերը մեր տարածաշրջանում նույնական են. Ռուբեն Մեհրաբյան


«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարո՛ն Մեհրաբյան, ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը գործընկերների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը, իսկ Ռուսաստանի համանախագահը մերժել է քննարկմանը մասնակցելու հրավերը: 

Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ զարգացումներ են ընթանում Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ, եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ այս ձևաչափի աշխատանքները դադարել են ոչ իրենց մեղքով:

– Փաստերը վկայում են, որ ռուսական կողմը պարզապես ստում է: Ռուսաստանը փորձում է իր շահերը փաթեթավորել, իբր, Արևմուտքի կողմից ապակառուցողական մոտեցումներով, բայց կյանքը ցույց է տալիս, որ Արևմուտքը միանգամայն կառուցողական է տրամադրված ու գործում է այդպես, բայց այդ ամենը Ռուսաստանի շահերից չի բխում: 

Ռուսաստանի շահերից է բխում այն, ինչ Բաքվում ասաց Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերը մեր տարածաշրջանում պարզապես նույնական են, ու դրանց իրականացումը հնարավոր է միայն հայկական շահերի հաշվին: Ահա թե ինչով է զբաղված մեր այսպես կոչված ռազմավարական դաշնակիցը: Ռուսաստանի մնացած գործողություններն էլ են տեղավորվում այդ տրամաբանության մեջ, այդ թվում նաև՝ ռազմագերիների հարցը:

– Այսինքն՝ Մինսկի խմբի աշխատանքները խոչընդոտողը Ռուսաստա՞նն է:

– Ավելին ասեմ՝ տարիներ ի վեր Ռուսաստանն Ադրբեջանի հետ համատեղ տորպեդահարել է Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափում ձեռք բերված բոլոր միջանկյալ պայմանավորվածությունները, ընդ որում՝ դա արել է Ադրբեջանի դեմքով, նրա հետ համատեղ՝ իրավիճակը սկզբից հասցնելով քառօրյա պատերազմին, իսկ հետո՝ սանձազերծելով 44-օրյա պատերազմը, զուգահեռաբար զինելով նաև Ադրբեջանին: Ողջ տրամաբանությունն այստեղ ամբողջանում է:

– Ընդհանուր զարգացումները նկատի ունենալով՝ հնարավոր համարո՞ւմ եք Մինսկի խմբի աշխատանքների վերսկսումը:

– Մի քանի հանգամանքներից է կախված այդ աշխատանքներ վերսկսումը, որոնք այս պահին դժվար է կանխագուշակել, բայց միտումներն այնպիսին են, որ Արևմուտքն ամենևին էլ տրամադրված չէ ռուս-ադրբեջանական այդ խաղը նորմա համարել, ավելին՝ տեսանելի է, որ ԱՄՆ-ն ինտենսիվացնում է իր գործունեությունը մեր տարածաշրջանում՝ փորձելով թույլ չտալ նման զարգացումներ, նման տրամաբանության մեջ: 

Այդ ամենը դրսևորվում է նաև տարածաշրջանային այցերի շրջանակում, որ կատարում են ամերիկյան տարբեր պաշտոնյաներ, հայտարարություններում, որոնք գալիս են հերքելու թե՛ ռուսական մանիպուլյացիաները, թե՛ Բաքվի թեզերը, որոնք ունեն նույն հիմքը: Հիմա պայքար է գնում մեր տարածաշրջանում կատարվողի վրա ազդեցություն ունենալու, ձեռք բերելու, ձեռք բերածը մեծացնելու շուրջ: Սա պայքար է, որի հանգուցալուծումը ժամանակը ցույց կտա:

– Այսինքն՝ Ռուսաստանը փորձում է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնել, դրա համար էլ փորձում է գործընթացներից դո՞ւրս թողնել համանախագահ մյուս երկրներին, պարո՛ն Մեհրաբյան:

– Այո՛, հենց դրա համար էր 10 տարի Մոսկվան Ադրբեջանին զինում, դրա համար էին քառօրյա պատերազմը, Լավրովի պլանը, 44-օրյա պատերազմը ու դրա համար է ողջ ռուսական քաղաքականությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո: 

Բոլոր քայլերը տեղավորվում են միայն ու բացառապես այդ տրամաբանության մեջ շատ պարզ պատճառով. Ռուսաստանի ղեկավարությունն ասում է, որ «նախկին Խորհրդային Միության տարածքը ռուսական հող է»: Այդ քայլերով փորձում են ամբողջ տարածաշրջանն իրենցով անել:

– Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի Մինսկի խմբի աշխատանքները վերսկսվեն, կամ դրան միտված գործընթացներ տեղի ունենան:

– Այս ամենին բախվելով, ինչն արդեն իսկ մակերեսին է, որովհետև այս ամենն այլ կերպ, քան ռուսական քաղաքականության ու դիվանագիտության լյուստրացիա անվանել ուղղակի հնարավոր չէ, Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ իր հարաբերությունների բոլոր այն կետերը, որոնք կաշկանդում են իրեն ընդլայնել իր կապերն արտաքին աշխարհի հետ, համարի այլևս չգործող: Հայաստանը պետք է վերանայի իր բոլոր առաջնահերթությունները, Հայաստանում պետք է գան այն եզրակացության, որ եթե մենք ունենք Ռուսաստանի նման դաշնակից, մեզ թշնամի այլևս պետք չէ: 

– Արևմուտքի և Ադրբեջանի շահերը չե՞ն համընկնում:

– Արևմուտքն Ադրբեջանի հետ ունի ընդհանուր շահ՝ ածխաջրածինների հետ կապված, որովհետև այժմ, պատժամիջոցների քաղաքականության համատեքստում, տարվում է քաղաքականություն, որ ռուսական ածխաջրածինները դուրս բերվեն համաշխարհային շուկայից, ու Արևմուտքն այլընտրանքների որոնումների մեջ է, ու այստեղ, իհարկե, Ադրբեջանն ունի նշանակություն: Սա ամենևին չի նշանակում, որ այդ նշանակության կարևորումն Արևմուտքը պատրաստ է անելու հայկական շահերի հաշվին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am