«Որ աշխարհը լռության չմատնի». Եվրոպայի տարբեր երկրներում փողոցները «գրաված» հայերը փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել

Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Գերմանիա․ Եվրոպայում բնակվող հայերը՝ ի նշան բողոքի ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման հոկտեմբերի 16-ին՝ վաղ առավոտից ցույցեր են սկսել՝ փակելով եվրոպական երկրների կարևորագույն միջպետական ճանապարհներ։

«Գնում ենք ընկերներով, եղբայրներով։ Կազմակերպիչները մեր բոլոր հայ զավակներն են՝ կին, տղամարդ, որոնք անտարբեր չեն այսօրվա իրավիճակից, հիմնական կորիզը Գերմանիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից և Բելգիայից է, բոլորս բոլորիցս տեղյակ ենք եղել։ Միանգամից կազմակերպեցինք, որ բոլորը տեսնեն։ Որոշեցինք, որ հիմնական ճանապարհները փակենք՝ Ֆրանսիան Բելգիային կապող երկու կարևոր միջպետական ճանապարհները միաժամանակ, Լյուքսեմբուրգը, որը Եվրոպայի մեծ խաչմերուկ է, Հոլանդիայի երկու ճանապարհ փակվեց՝ այդպես շարունակ»,- «Մեդիալաբին» ասում է Բելգիայում բնակվող Սիրեկան Մանուկյանը։

Posted by Sirekan Manukyan on Thursday, October 15, 2020

Մանուկյանն ասում է, որ հիմնական նպատակն այն է, որ աշխարհը լռության չմատնի՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Արցախում, լրատվամիջոցները բարձրաձայնեն, պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։

«Մեր նպատակն էր, որ լրատվամիջոցները լռության չմատնեն, մեր բնակության վայրերը՝ Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան չասենք, նույնիսկ չէին անդրադառնում, բայց այս ցույցից հետո շատ լրատվական ալիքներով, թերթերով, ռադիոներով, հիմա բոլորը խոսում են կոնկրետ բուն թեմայի մասին, որ հայերը բողոքի ձայն էին բարձրացրել՝ Արցախի անկախության համար և լրատվական ալիքներին ճիշտ մեկնաբանություն տալու համար։

Մեր լոզունգներից մեկն էլ այն էր՝ աշխա՛րհ, տե՛ս՝ մենք հիմա միայնակ կռվում ենք ահաբեկիչների դեմ, այն ահաբեկիչների, որոնք ձեզ մոտ պետականորեն որոշվել է, որ ահաբեկիչ են, և դուք, Եվրոպա լինելով, ոչ մի ձայն չեք հանում, ոչ էլ ձեր լուրերն են դրա մասին խոսում։ Այսինքն՝ դրա մասին գիտեն Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ամերիկայի գաղտնի ծառայությունները, որ այնտեղ ահաբեկիչներ են, բոլորը գիտեն, բայց Եվրոպան, մեր բնակավայրերը չեն խոսում դրա մասին, ձայն չեն հանում։ Մենք ուզում էին նաև, որ սանկցիաներ կիրառեն Ադրբեջանի և Թուրքիայի վրա և իրենց լծակներն օգտագործեն՝ ճնշումներ գործադրեն, պատիժներ տան»,- նշում է Մանուկյանը։ 

Նա ասում է, որ ցույցերն անցկացնում են խաղաղ կերպով, ոստիկանների հետ խնդիրներ չեն լինում, դիմում են ոստիկաններին, որ լրատվամիջոցներ հրավիրեն և լրատվամիջոցներին խնդիրը ներկայացնելուց հետո պայմանավորվում են ճանապարհը բացել։

«Մենք ոստիկանների հետ ոչ մի պրոբլեմներ չունեցանք, մարդկայնորեն հասկացան, իրականացրեցին մեր ցանկությունները, լրատվամիջոցները եկան, մեզանից մեկը ելույթ ունեցավ, ու մենք ճանապարհները բացեցինք։ Մենք մեր զինվորների կողքին ենք, բոլորս Հայաստանի մեջքին կանգնած ենք։ Այնպես ենք միախմբել, որ այս հարցին լուծում լինի։ Աղոթում ենք նաև որդեկորույս մայրերի համար, որ մխիթարություն լինի նրանց համար»,- ասում է Մանուկյանը։

Հ․Գ․ Այսօր Իսպանիայում բնակվող հայերն են ցույց կազմակերպել՝ փակելով Ֆրանսիա-Իսպանիա միջպետական ճանապարհը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am