Ինչ սահմանված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ Փաշինյանն իրականացնելու է, կասկածելու որևէ հիմք, կարծում եմ՝ չկա. Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, ձեր տպավորությամբ՝ ի՞նչ զարգացումներ են ընթանում Արցախի ու Հայաստանի շուրջ այս օրերին։

– Կարծում եմ, որ դա արդեն ակնհայտ է․ կա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Եվրամիության դիրքորոշումը, որ Ադրբեջանի զորքերը պետք է լքեն տարածաշրջանն ու դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, և կա ռուս-ադրբեջանական-հայկական եռակողմ դավադրություն Լեռնային Ղարաբաղի դեմ, որի մեջ մտնում է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարությունը, որոնց նպատակն է թողնել իրավիճակն ինչպես կա։ Լեռնային Ղարաբաղի, նրա բնակչությանն առնչվող հարցերի շուրջ այս երկու մոտեցումներն են բախվում։

– Իսկ բախման արդյունքում կամ հետևանքով ո՞ր մոտեցումն է հաղթելու։

– Դե, մի կողմից մի խումբ հանցագործներ են, թեպետև Հայաստանի վարչապետին հանցագործ որակելը դեռևս հանրության ականջին տարօրինակ կհնչի, բայց Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասով, կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ դա այդպես է, մյուս կողմից՝ օրենքն է ու միջազգային հանրությունը։ Ձեր կարծիքով՝ ո՞վ պիտի հաղթի։ Հանցագործների տեղը բանտում է, վերջում նրանք կհայտնվեն այնտեղ, վստահ եմ, որ այդպես կլինի մեծ հաշվով։ 

Որքա՞ն ծանրություններ են մեզ սպասում այս ճանապարհին՝ չեմ կարող ասել, որովհետև Հայաստանում Նիկոլ Փաշինյանի դիրքերը, դեռևս, կարելի է ասել պինդ են, ամուր են, քանի որ մեր քաղաքացիների որոշ հատված՝ ոչ այնքան կրթված ու ոչ այնքան խելացի, շարունակում է պահպանել իր նիկոլահպատակ համոզմունքը: 

Ու հիմա խնդիր է ազնիվ ու ազատամիտ բոլոր քաղաքական ու հասարակական գործիչների համար դա կոտրել ու մարդկանց բացատրել, որ Հայաստանն ունի այլ ճանապարհ՝ բացի հանցավոր պետությունների մեջ դաշինքի մեջ լինելուց, ու այդ ճանապարհը տանելու է մեզ և՛ զարգացում, և՛ պաշտպանվածության։

– Պարո՛ն Ղուկասյան, արդեն հայտնի է, որ օգոստոսի 25-ին Բերձորից ու հարակից գյուղերից մարդիկ պետք է հեռանան: Ձեր դիտարկմամբ՝ սահմանված ժամկետո՞ւմ տեղի կունենա այդ տարածքների հանձնումը, թե՞ ոչ։

– Քանի դեռ ղեկը այդ նշված հանցավոր խմբի ձեռքին է, ինչ ուզում են՝ այն էլ կանեն՝ կոտրելով արցախցիների դիմադրությունը։ Արցախցիները ամեն կերպ հակադրվում են այդ որոշումներին, բայց ամեն մի հակադրություն ավարտվում է նրանով, որ հարվածներ են հասցվում նրանց, որպեսզի կոտրեն վերջիններիս կամքը։

– Հայաստանի օգուտը ո՞րն է ձեր նշած, եթե կարելի է ասել՝ այդ գործարքից։

– Նիկոլ Փաշինյանը դրանով լուծել է իր անձնական պաշտոնի հարցը, որ ինքը պաշտոնավարելու է, և Ռուսաստանն իր ողջ հայաստանյան ռեսուրսներով օժանդակելու է իր պաշտոնին մնալուն։ Հայաստանն այստեղ օգուտ չունի, Հայաստանի ղեկավարն ունի անձնական օգուտ, օգուտ ունեն նաև իր թիմի անդամները, որովհետև իրենց բարեկեցությունը կախված է Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելու հանգամանքից, որևէ այլ կառավարության մեջ իրենք մաս չեն կարող ունենալ, առանց Նիկոլ Փաշինյանի իրենք կառավարություն չեն կարող ունենալ և իրենք անձնապես շահագրգռված են, որ այս իրավիճակը պահպանվի։ 

Եթե իրենց անձնական քարոզչության գիծը նայենք՝ ըստ էության հետևյալն է․ ի՞նչ եք ուզում, Արցախը տանք պրծնենք, Ցեղասպանությունից հրաժարվենք, թուրքերի հետ քիրվայություն անենք, մենք էլ մեր պաշտոնները պահպանենք, նախկինները որ գան՝ ավելի վատ է լինելու։ Այս կարգախոսների մեջ կոմֆորտ տեղավորվել են, չեն էլ ամաչում այդ քարոզչությունը տանելու համար։ 

– Եթե Նիկոլ Փաշինյանն իր թիմով Հայաստանը կառավարի մինչև հերթական խորհրդարանական ընտրությունները, ի՞նչ զարգացումներ պետք է ակնկալել։

– Տնտեսության ու սոցիալական ոլորտներում ոչ մի զարգացում չի կարող լինել, որովհետև այս Կառավարությունը չունի ոչ մի օրիգինալ ծրագիր, իր գործունեությունը սահմանափակվում է հարկեր հավաքելով՝ բյուջեի ծախսերը կատարելով, այստեղից-այնտեղից կսմթելով։ Սպասել, որ այդ ընթացքում աղքատությունը կհաղթահարվի, առողջապահությունը կբարելավվի, կրթությունը Հայաստանում կբարեփոխվի, անվտանգությունը կվերականգնվի, կամ արդարադատության համակարգը կվերականգնվի, ես որևէ հիմք չեմ տեսնում։

– Իսկ տարածքային զիջումների՞ մասով, պարո՛ն Ղուկասյան։

– Տարածքային զիջումների վերաբերյալ այն, ինչ սահմանված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, Նիկոլ Փաշինյանն իրականացնելու է, կասկածելու որևէ հիմք, կարծում եմ՝ չկա։ Այսինքն՝ իրենք պայմանավորվել են, որ Բերձորն ու հարակից տարածքները պետք է հանձնեն, փոխարենը նոր միջանցքով անցնի Հայաստան-Արցախ կապող ճանապարհը, ինչից զլացել էին մի փոքր ու ստացան գլխներին։

– Ո՞րն է իրավիճակից դուրս գալու ելքը:

– Այդ մասով Փաշինյանի պաշտոնավարումն անկասկած նշանակում է, որ նոյեմբերի 9-ի քաղաքական որոշումը ուժի մեջ է, ու, ըստ էության, այդպես էլ մեկնաբանվում է անցյալ տարվա հունիսի 20-ի քվեարկությունը, որ հայերի մեծամասնությունը կողմ է նոյեմբերի 9-ի այդ որոշմանը։ 

Եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, նոր կառավարությունը, բնականաբար, այդպիսի պարտավորություններ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ադրբեջանի առջև չի ունենա, ու ինքը պետք է ունենա իր ծրագիրը՝ այս իրավիճակից դուրս գալու։ Այլ կերպ ասած՝ ինչպե՞ս Արցախից դուրս բերի ադրբեջանական ու ռուսական զորքերը, ակնհայտ է, որ այսօր դա հնարավոր է իրականացնել միայն ԱՄՆ-ի օգնությամբ և Եվրամիության օժանդակությամբ։ 

ԱՄՆ-ն իր դիրքորոշումը Սենատի միջազգային հանձնաժողովի շուրթերով ասել է, որ ադրբեջանական բանակը պետք է Արցախից դուրս գա: Ի դեպ, այդ հայտարարությունը մեծ հարված էր իշխող ուժին և նրանց ու ռուսական քարոզիչներին, որոնք պնդում էին, թե Արևմուտքն անտարբեր է Արցախի հարցով։ 

Իսկ իշխանափոխության հարցում, իհարկե, ամենակարևոր փաստն այն է, որ նոր կառավարությունը պետք է լինի ոչ թե Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդը, ի դեպ՝ 2018-ի իշխանափոխությունը, ըստ էության, արտաքին հարաբերությունների տեսանկյունից փոփոխություն չբերեց։

– Այդ տեսանկյունից Սերժ Սարգսյանի իրավահաջո՞րդն է Փաշինյանը։

– Այո՛, Սերժ Սարգսյանը դրա մասին բարձրաձայն ասել է, որ Փաշինյանին վարչապետ նշանակելու որոշումը կայացնելուց առաջ ՀՀԿ ղեկավարությունը պայմաններ է դրել Փաշինյանի առջև, որն էլ համաձայնել է դրանք կատարել, իսկ այդ պայմաների մեջ մտնում էր Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանումը նույն մակարդակով, Արցախի նկատմամբ քաղաքականության պահպանումը և այլն։ 

– Եթե 2018-ի դեպքերը չլինեին, ու երկիրը շարունակեր ղեկավարել Սերժ Սարգսյանի քաղաքական թիմը, նույն այս պատկե՞րն էինք ունենալու։

– Ռուսաստանի կողմից կար պատվեր՝ Հայաստանի ղեկավարությունը պետք է հրաժարվեր Մադրիդյան սկզբունքներից ու պատերազմի համար ստեղծեր պայմաններ, որ Ադրբեջանը կարողանար հիմնավորել իր գործողությունները դրանով։ 

Սերժ Սարգսյանի համար դա գրեթե անհնար խնդիր էր՝ որպես քաղաքական գործչի, թեպետ փորձում էր դա իր վրա վերցնել ու անոնս էր արել, որ Հայաստանին սպասում է պատերազմ, երբ ստանձնում էր վարչապետի պաշտոնը, այսինքն՝ ինքն էլ ինչ-որ մի ձևաչափով պետք է աներ նույն քայլը, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ մերժեր Մինսկի խմբի առաջարկները ու դրանով նպաստեր պատերազմի սանձազերծմանը։ Ինչը շատ թույլ փաստարկ է պատերազմը հիմնավորելու համար։ Կարճ ասած՝ Սերժ Սարգսյանը կգնար պատերազմի, չէր հակադրվի Ռուսաստանին։

– Սերժ Սարգսյանը և՞ս կստորագրեր նոյեմբերի 9-ի հայտարարությունը նույնությամբ, ինչպես Նիկոլ Փաշինյանն արեց։

– Սերժ Սարգսյանը, եթե կհիշեք՝ Անվտանգության դաշնային խորհրդից շքանշան է ստացել, ինչի՞ համար է ստացել՝ հավատարիմ լինելու համար։ Ես որևէ կասկած չունեմ, որ, այո՛, ինքն ամբողջությամբ կսպասարկեր ռուսական օրակարգը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am