Քննարկվել են «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» միջազգային գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Նիստին մասնակցել է նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որի նախաձեռնությամբ գագաթնաժողովը կհյուրընկալվի Երևանում հոկտեմբերի 19-20-ը:

Միջոցառումն անցկացվում է «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի հետ համատեղ:

Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Նշվել է, որ նախնական տվյալներով՝ գագաթնաժողովին սպասվում է ակտիվ մասնակցություն:

Գագաթնաժողովը կանցկացվի լիագումար նստաշրջանի և աշխատաժողովների ձևաչափով: Նախատեսվում են քննարկումներ՝ ժողովրդավարական գործընթացներին կանանց մասնակցության մարտահրավերների և հնարավորությունների, խաղաղության և անվտանգության գործում կանանց ներդրման, հակամարտություններից տուժած կանանց խնդիրների և հարակից այլ թեմաների շուրջ:

Հանձնաժողովի անդամները քննարկել են գագաթնաժողովի անցկացմանը վերաբերող բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր: