Առաջիկայում ականատես ենք լինելու «Զանգեզուրի միջանցքի» թեմայով պայմանավորված՝ էական տարածաշրջանային զարգացումների. Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, տարածաշրջանում ի՞նչ զարգացումներ են ընթանում, ու այդ ֆոնին ի՞նչ է սպասում Հայաստանին:

– Բավականաչափ բարդ իրավիճակ է ամբողջ տարածաշրջանում՝ հատկապես Հայաստանի համար, որովհետև կարծես թե Արցախի խնդիրը «լուծելուց» հետո Ադրբեջանը, Թուրքիան, ինչու ոչ՝ նաև Ռուսաստանը լծվել են տարածաշրջանում Հայաստանին ուղիղ կերպով առնչվող մյուս ռազմավարական խնդրի՝ «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրականացմանը: Այս ուղղությամբ մենք տեսնում ենք բավականաչափ ակտիվ քայլեր Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, մասնավորապես, Թուրքիայի նախագահի պատկառելի պատվիրակությամբ այցը Նախիջևան, տեղի ունեցած բանակցությունները ու դրանցից հետո հնչած ուղերձները: 

Նախքան Էրդողանի այցը Նախիջևան ու երեկ ամբողջ օրը թուրքական մեդիադաշտում նախապատրաստված քարոզչական գործողություններ էին իրականացվում: Գրեթե բոլոր կարևոր լրատվամիջոցները վերլուծական հոդվածներ են հրապարակել «Զանգեզուրի միջանցքի» թեմայով՝ դրա կարևորության շեշտադրմամբ և, իհարկե, Իրանի դիրքորոշման մատնանշմամբ: Իսկ արդեն Էրդողանի հարցազրույցի առանձին հատվածներ ներկայացնում էին կոնկրետ Թուրքիայի ու Ադրբեջանի միասնական դիրքորոշումը այդ ծրագրի իրականացման մասով:

Եթե ամփոփ ներկայացնելու լինեմ, ապա դա հանգում է հետևյալին. միջանցքը պետք է լինի ու հենց միջանցքային տրամաբանությամբ, ու զուգահեռաբար նշվում էր երկու հնարավոր տարբերակ միջանցքի համար՝ մեկը Հայաստանի տարածքով, մյուսը՝ Իրանի, եթե Հայաստանը չի ցանկանում: 

Իհարկե, ես կարծում եմ, որ Հայաստանի չցանկանալուն զուգահեռ այդ ուղերձներում ակնարկվում էր նաև Իրանի չցանկանալու հանգամանքը, ու փաստացի համապատասխան մեսիջ էին ուղղում Իրանի դիրքորոշման հետ կապված:

– Եթե Իրանը Հայաստանի տարածքով տրվելիք միջանցքին դեմ է, իր տարածքով միջանցքին կհամաձայնի՞:

– Բուն միջանցքային տրամաբանությամբ ճանապարհին, գրեթե վստահ եմ, Իրանը կողմ չի լինի, ավելին՝ ներկայում էլ Իրանի տարածքով այդ կապն ապահովվում է Նախիջևանի ու Ադրբեջանի միջև, ու Իրանը մինչ այժմ էլ բազմիցս հայտարարել է, որ դեմ չէ է՛լ ավելի բարելավել այդ կապուղիներն իր տարածքով, բայց, բնականաբար, չի նշանակում, որ պատրաստ է հենց միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ տրամադրելու: Կարծում եմ, որ թուրքական կողմի ուղերձը Իրանին ավելի շատ այն էր, որ Իրանը հրաժարվի իր նախկին դիրքորոշումից՝ Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ կապուղի տրամադրելու վերաբերյալ:

– Պարո՛ն Պետրոսյան, իսկ Իրանը կհրաժարվի՞ իր նախկին դիրքորոշումից, թե՞ ոչ:

– Դժվար է ասել, ամեն բան պայմանավորված է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև գլոբալ զարգացումներով, որովհետև ներկայում մենք ականատես ենք ոչ միայն լոկալ՝ Հայաստան-Ադրբեջան խաղի մրցակցության, ոչ միայն տարածաշրջանային երկրների ներգրավվածությամբ, այլև շատ ավելի գլոբալ խաղի, որում ներգրավված են և՛ տարածաշրջանի խաղացողները, և՛ եվրոպական խաղացողներն ու ԱՄՆ-ն: 

Պետք է նշել, որ Էրդողանի հարցազրույցի հրապարակումից անմիջապես հետո հրապարակվեց նաև Պուտին-Ռայիսի զրույցի մասին հաղորդագրությունը, որոնք քննարկել էին նաև տարածաշրջանի խնդիրները: Հրապարակվեց նաև տեղեկատվություն այն մասին, որ բարձր մակարդակի դիվանագիտական շփումներ են նախապատրաստվում Իրանի և ԱՄՆ-ի միջև: Այս բոլոր շփումների առանցքում մեր տարածաշրջանում տեղի  ունեցող գործընթացներն են: 

– Իսկ բացառո՞ւմ եք, որ Թուրքիան ռազմական ճանապարհով կփորձի «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը լուծել:

– Իհարկե չեմ բացառում, դա տարբերակներից մեկն է: Մյուս տարբերակը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը տալիս է ճանապարհը Ռուսաստանի վերահսկողությամբ: Հաջորդը տարբերակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն է՝ առանց երրորդ կողմի կապաշրջափակվեն ճանապարհները: 

Մյուս տարբերակը, որ Թուրքիան ու Ադրբեջանը այդ գործողությունները կիրականացնեն ինքնուրույն՝ առանց որևէ խաղացողի հետ հաշվի նստելու: Դա այս պահին ամենաքիչ հավանական տարբերակն է, որովհետև և՛ Ռուսաստանն է ակտիվ ներգրավված, և՛ Իրանը, և՛ Արևմուտքն է պարբերաբար խոսում այդ մասին: 

Մի բան ակնհայտ է, ինչի մասին խոսել է նաև Էրդողանը. Ադրբեջանն ու Թուրքիան հնարավորինս արագ լծվելու են այս ծրագրի իրականացմանը: Այսինքն՝ գործընթացներն արագանում են, ու մենք առաջիկայում ականատես ենք լինելու հենց «Զանգեզուրի միջանցքի» թեմայով պայմանավորված էական տարածաշրջանային, գուցե նաև աշխարհաքաղաքական զարգացումների: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am