«Որևէ մեկը կարո՞ղ է ներկայացնել այս կարգի արդարադատության արդյունավետությունը»․ Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Առավոտյան կարդացի, որ Վայոց ձորում բանակի սպային ծեծելով մահվան դուռը հասցրածի խափանման միջոցը փոխել են՝ կալանքից ազատել են: Չգիտեմ ինչ է սա՝ մարդասիրությու՞ն, թե՞ կողմնակալություն: Մարդասիրության հիմքում զոհին, ոչ թե հանցագործին պաշտպանելն է:

Հասարակությունը չի տեղեկացվել, թե քննությունն ինչ է պարզել: Եվ, որքան հասկանում եմ, ըստ էության էլ դեռ պարզ չի, զոհը դեռ չի էլ կարողացել ցուցմունք տալ: Սա շարունակությու՞նն է վերջին տարվա ընթացքում աղմկահարույց գործերի՝ բռնել – խափանման միջոցը փոխել- երկրից բացայակելու արգելանքը վերացնել – մարդը գնա- միջազգային հետախուզում հայտարարել 5 քայլանի օրնաչափության:

Մարդու վտանգավորության մակարդակը պարզվե՞լ է, գրավո՞վ է ազատվել, արդյո՞ք այս կարգի գրավները «տնտեսական ֆունկցիա» ունեն՝ բյուջե են հոսում, թե՞ սա նախնական ինդուլգենցիա է առկա և պոտենցիալ հանցագործների համար՝ գործողությունների ընթացքի արահետը լավ տրորված է, մեխանիզմն անխափան աշխատում է: Գուցե նաև փողեր ու կապե՞ր են աշխատում՝ նոր մարդիկ, նոր ցանցեր:

Իսկ սոցիալական և ֆիզիկական զոհերը թող շարունակեն վարչական դռների մոտ մաշվել կորցրած բնակարանների, կորցրած ունեցվածքի, կորցրած առողջության, կորցրած ժամանակի, կորցրած հնարավորությունների և հուսալքության բեռով: Որևէ մեկը կարո՞ղ է ներկայացնել այս կարգի արդարադատության արդյունավետությունը»: