Արցախի բնակարանային հարցերի նախարարը Երևանում է և համակարգում է տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման կարգավորումը

Այս օրերին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ անձամբ մասնակցելով Արցախից պատերազմի հետևանքով տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման կարգավորմանը։

ԱՀ քաղաքացիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով վճարվել է, իսկ այն քաղաքացիները, որոնց վճարումն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չի կատարվել, հաջորդ ամսվա ընթացքում կվճարվի։
Կարգավորվում են նաև հետծննդյան նպաստների, կենսաթոշակների նշանակման հարցերը Հայաստանի Հանրապետությունում։

Նման հարցերով քաղաքացիները կարող են դիմել տարածքային սոցիալական ապահովության գործակալություններ։

ՀՀ-ում կգործի նաև նախարարության մասնաճյուղ-գրասենյակ՝ նպատակ ունենալով համակարգել և լուծել հընթացս առաջացող բոլոր խնդիրները։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության պաշտոնական էջին։

Այդ մասին տեղեկացնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից։