15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով ձերբակալվել է 2-րդ սպան` զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը

15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով ձերբակալվել է 2-րդ սպան` զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետը:

Դատախազության փոխանցմամբ` ձերբակալված մայորը պատասխանատու է եղել հակահրդեհային պաշտպանության կազմակերպման, հրշեջ խմբի, հրդեհամարիչ միջոցների մշտական պատրաստության և անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջներն ուսուցանելու, կրակմարիչների տեխնիկական վիճակի հաշվառման, բոլոր տեսակի կացարաններում կրակմարիչներ տեղադրելու համար, սակայն իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով, հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ. արդյունքում անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 30-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):