Մելիքգյուղի ցավերը, գույներն ու տրամադրությունները` Գալուստ Նանյանի աչքերով

Մելիքգյուղի ցավերը, գույներն ու տրամադրությունները` Գալուստ Նանյանի աչքերով
Մելիքգյուղի ցավերը, գույներն ու տրամադրությունները` Գալուստ Նանյանի աչքերով

2012 թվականին բնապահպանական խնդիրներին եւ Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքներին տեղում ծանոթանալու համար մասնագիտական հետաքրքրությունը լրագրող, լուսանկարիչ Գալուստ Նանյանին Արագածոտնի մարզի Մելիքգյուղ բերեց, սակայն ինչպես նա է խոստովանում, այնպես կապեց տեղանքին, որ չէր էլ պատկերացնում:

«Ավելի քան տաս տարի է, ինչ գյուղից ոչ հեռու շահագործվում է Թուխմանուկի ոսկու հանքավայրը` ուղիղ ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի, բնակչության առողջության, ջրային եւ հողային ռեսուրսների վրա: Այս ընթացքում բազմաթիվ այցեր եմ կատարել գյուղ, ուսումնասիրություններ եւ դիտարկումներ արել-«Մեդիալաբին» պատմում է Գալուստ Նանյանը,- լրագրողական աշխատանքին զուգահեռ բացահայտել եմ, թե ինչ ջերմ ու անմիջական, հումորով եւ հյուրասեր մարդիկ են մելիքգյուղցիները, եւ դարձել մելիքգյուղցիներից մեկը»:

Նանյանը պատմում է, որ մեկ ու կես տարվա ընթացքում ավելի քան քսան այցելությունները Մելիքգյուղ եւ դրա արդյունքում արված բազմաթիվ լուսանկարներն իր մոտ միտք են առաջացրել լուսանկարչական ցուցահանդեսի շնորհիվ մարդկանց` գյուղի խնդիրների ու տրամադրությունների մասին պատմելու մասին:

«Մելիքգյուղի իմ այցելություների ժամանակ միայն անցյալ տարի ավելի քան 3300 լուսանկար էի արել, իսկ երբ արդեն տարեվերջ էր, մի միտք ծագեց, որ կարելի է այդ լուսանկարներից ընտրել 70-ը եւ յոթ տարբեր` կանանց, երեխաների, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության, աշխատավորների եւ Մելիքգյուղի ճանապարհների թեմաներով ցուցահանդես բացել եւ պատմել գյուղի կյանքը»,-պատմում է նա:

«Մելիքգյուղ. Տարվա եղանակներ» խորագիրը կրող Գալուստ Նանյանի լուսանկարչական ցուցահանդեսը իր դռները կբացի Ապարանի արվեստի տանը` հուլիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում:

Ծաղկունյաց լեռների հարավային լանջերին փռված Մելքիգյուղի կյանքը` երկարատեւ ու ցրտաշունչ ձմեռներով, տաք ամառներով, հույզերով ու մարդկային պատմություններով`խոսում են Նանյանի լուսանկարներում:

«Ապարանում ցուցահանդեսի անցկացնելու պատճառներից մեկն այն էր, որ ցանկություն ունեի ցուցահանդեսն էլ ավելի մոտեցնելու մելիքգյուղցիներին, որպիսի նրանք եւս հնարավորություն ունենային մասնակից դառնալու, տեսնեին իրենց գյուղ տարբեր տեսանկյուններից, եւ կրկին անգամ համոզվեին, թե ինչ հրաշք վայրում են ապրում»,-նշում է Գալուստ Նանյանը:

Միեւնույն ժամանակ, լրագրող-լուսանկարիչը մեջբերում է բոլոր այն խնդիրները, որոնք առաջ են եկել գյուղի հարակից տարածքում ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքով:

Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործումը լուրջ խնդիրներ է ստեղծել Մելիքգյուղում, ոչ  միայն վնասելով շրջակա միջավայրը, մթնոլորտային եւ ջրային ավազանները, այլեւ հողային ռեսուրսները` գյուղատնտեսական նշանակության հողերը եւ բնական կերհանդակները,-«Մեդիալաբին» ասում է Նանյանը:

Ըստ նրա, ավելի քան 1000 բնակիչ ունեցող գյուղի հիմնական ապրուստի միջոցը գյուղատնտեսությունն եւ անասանապահությունն է, սակայն, հանքավայրի շահագործումը ուղիղ ազդեցություն էր ունեցել ոչ միայն մարդկանց առողջության, այլեւ հողերի բերրիության եւ բերքի վրա :  

«Սակայն  ուսումնասիրություները ցույց են տալիս, որ եթե մեկ տարի առաջ  գյուղում կտրուկ ընկել էր հողի բերրիությունը, անմխիթար վիճակում էին դաշտերն ու կերհանդակները, բանջարաբոստանային կուլտուրաները դեղնում եւ չորանում էին, ապա այսօր, երբ մեկ տարի է հանքավայրը չի գործում, գյուղը սկսել է ծաղկել,-ասում է նա,-Բայց դա չի նշանակում, որ մելիքգյուղցիների առողջական եւ այլ երեւան եկած խնդիրները լուծվել են: Խնդիրները բազմաթիվ են, իսկ ստեղծված իրավիճակի պատասխանատունը մեկը` «Մեգո- Գոլդ» ՍՊԸ-ն, որը եւ շահագործում էր Թուխմանուկը»:

Գալուստ Նանյանը նշում է, որ «Մելիքգյուղ. «Տարվա եղանակներ» լուսանակարչական ցուցահանդեսով ինքը փորձել է վեր հանել հենց այդ խնդիրները, մերօրյա հայկական գյուղի, գյուղացու խնդիրները, հանքարդյունաբերության ազդեցությունը, մարդկանց պայքարը, սերը դեպի հողն ու ջուրը:

«Փորձել եմ ցույց տալ այն ամենը ինչ ինձ հուզել ու մտահոգել է, ինչ հիացրել է ու նաեւ զայրացրել,-ասում է մեկ տասնամյակից ավելի լրագրությամբ եւ լուսանկարչությամբ զբաղվող Գալուստ Նանյանը,-թե ինչքանով է ինձ մոտ դա հաջովել, գնահատականը պիտի մարդիկ տան»:

Լուսանկարներն` այստեղ:

© Medialab.am