Հայաստանում կընդլայնվի «Դեքսամետազոնի» կիրառումը կորոնավիրուսի բուժման համար

Հայաստանում համավարակի հենց առաջին օրերից կիրառվել է «Դեքսամետազոն» դեղամիջոցը, հիմա նախատեսվում է դրա օգտագործման ծավալներն ու շրջանակն ավելի ընդլայնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի լրումն Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի հայտարարությանը:

Մինյոնը մասնավորապես նշեց. «Կա նոր լուր՝ «Դեքսամետազոն» դեղամիջոցը հնարավոր է, որ արդեն օգտագործվի նաև Հայաստանում, քանի որ այն առկա է Հայաստանում ու օգնում է այս հիվանդության բուժման գործընթացում: Սակայն, այս հիվանությունը երկար ամիսների պատմություն ունի, և այնպես չէ, որ այս դեղամիջոցն անմիջապես է օգնելու և անմիջապես մեզ ազատելու է այս պատուհասից»:

Վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Դեքսամետազոն» դեղամիջոցը հենց առաջին օրերից Հայաստանում կիրառվել է, և այդ դեղամիջոցի պակաս Հայաստանում չկա, շուկայում առկա է: Ընդ որում, դա բավականին մատչելի դեղամիջոց է:

«Նախարարն ինձ այսօր պարզաբանեց, որ դեղամիջոցը հենց առաջին օրերից կիրառվել է, բայց դա կիրառելու որոշումը հիմնականում բժշկի որոշման շրջանակում է տեղի ունեցել: Բայց հիմա, քանի որ դրա հետ կապված ավելի շատ արձագանքներ կան, ենթադրվում է, որ մեր երկրում նույնպես այդ դեղամիջոցի օգտագործման ծավալները և շրջանակը կընդլայնվի»,-ասաց վարչապետն ու նշեց՝ դա հորմոնային դեղ է, և կարելի է կիրառել միայն բժշկի կողմից նշանակվելու դեպքում:

Անդրադառնալով դինամիկային՝ Մինյոնն ասաց, որ 100 նոր վարակվածներ նպաստում են նրան, որ 15 մարդ գտնվի հիվանդանոցում, որից 5-ը անպայման կգտնվի ռեանիմացիայում, որից 2-ը անպայման կմահանան: Հայաստանում հանդիպած  բոլոր բժիշկները մեծ տպավորություն են թողել Մինյոնի վրա: «Նրանք շատ հոգնած են, արդեն իսկ ուժասպառ են, բայց այդուհանդերձ, աշխատում են օրնիբուն, աշխատում են սոլիդարության համատեքստում»,-նշեց նա: