Գեղարքունիքում շրջանավարտներին բաշխվում են միջնակարգ և հիմնական կրթության վկայականներ

Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում այս օրերին ընթանում են միջնակարգ և հիմնական կրթության վկայականների հանձնման արարողությունները:

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի փոխանցմամբ՝ մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում նախատեսված է միջնակարգ կրթության ատեստատներ տրամադրել 1220 շրջանավարտի, որոնցից 5-ը, սակայն, դրանք չեն ստանալու տեղափոխման, վերաքննություն հանձնելու և դասընթացը կրկնելու պատճառով: Հիմնական կրթության վկայական նախատեսված է հանձնել մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների 2470 աշակերտի:

Մայիսի 25-ի դրությամբ արդեն բաշխվել է 2439 հիմնական դպրոցի ավարտական վկայական : Դրանցից 227-ը հատուկ նմուշի են, իսկ մնացածը՝ սովորական:

«Գեղարքունիքի մարզպետի համապատասխան հանձնարարությամբ ատեստատների և վկայականների հանձնման արարողություններն ուղեկցվում են ՀՀ Պարետի ցուցումների խստագույն պահպանմամբ: Չկան կուտակումներ, շրջանավարտների միջև ապահովվում է սոցիալական հեռավորությունը, նրանք կրում են դիմակներ և ձեռնոցներ, վկայական ստանալուց առաջ բուժքրոջ հսկողությամբ կատարվում է ձեռքերի ախտահանում: Իսկ այն դպրոցներում, որտեղ շրջանավարտների թիվը գերազանցում է նվազագույնը, սահմանված է վկայական ստանալու տարբեր ժամային գրաֆիկ»,- տեղեկացրեց մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը:

Մարզային ենթակայության հաստատությունների գերազանցության մեդալի հավակնորդները վկայականներ կստանան 2020 թվականի հունիսի 25-ին մաթեմատիկա առարկայից նախատեսված քննությանը մասնակցելուց հետո:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան-ի լուսանկարը:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան-ի լուսանկարը:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան-ի լուսանկարը: