«Ծանր հևոցը, շնչահեղձությունը, որ հիվանդների մոտ անցնում են, տեսնում ենք նրանց շնորհակալ աչքերը, հենց դա էլ մեզ պայքարելու ուժ է տալիս». Բժշկուհին՝ Գյումրիից

«Հիվանդների հետ տանում ենք նաև հոգեբանական աշխատանք։ Ասում են՝ խայտառակ եղանք` հիվանդացանք: Միայն հիվանդության անունը լսելով հարևանները, բարեկամները, հարազատները մարդուն կարող են շատ ուրիշ ձևով վերաբերվել՝ «վայ, ոնց կլինի, սկորիով տարան», տեղեկացված չի մեծ մասը հիվանդությունից»,֊ «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Հեղինե Հունանյանը։

Հունանյանը վերջերս է միացել հիվանդանոցի աշխատանքներին։ Փետրվար ամսին ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը՝ վերադարձել է ծննդավայր Գյումրի։ Այնուհետև Հայաստանում սկսվել է կորոնավիրուսի համավարակը, և իմանալով, որ բուժանձնակազմի կարիք կա, որոշել է մնալ ծննդավայրում և հենց տեղի հիվանդանոցում իր օգնությունը ցուցաբերել հիվանդներին։

«Ավարտեցի, ու այս իրավիճակը սկսվեց։ Ապրիլի 6-ից Գյումրիի ինֆեկցիոնում եմ ներգրավվել։ Բժիշկների կարիք կար ու հիմա էլ կա, եղած բժիշկների մեծ մասը՝ տարիքով, ուղեկցող հիվանդություններով, իրենք չէին գալիս, մեր տնօրենն ասաց՝ մնա, ոչ մի տեղ մի գնա»,- նշում է բժիշկ-վարակաբանը։

Բժիշկն ինքն էլ չէր պատկերացնում, թե ինչ բարդ աշխատանքում է ներգրավվում՝ անծանոթ հիվանդություն, 24-ժամյա աշխատանք, ծանր հիվանդներ։

«Ու սկսվեց տանջալից աշխատանքը՝ օրումեջ հերթապահություններ, մի քանի ամիս տուն չգնալ, մնում էինք հյուրատանը։ Հիվանդությունը նոր էր մեզ համար, լավ ուսումնասիրված չէր, բուժման սխեմաները անընդհատ փոխվում են, անընդհատ պետք է հետևես, նորությունները կիրառես։

Հիմա էլ միայն ծանր հիվանդներն են հոսպիտալացվում՝ շնչառական անբավարարությամբ, ուղեկցող հիվանդություններով։ 24 ժամ այս շոգին արտահագուստ ենք կրում։ Շատ բարդ է բժիշկների աշխատանքը»,- նշում է Հունանյանը։

Ասում է, որ յուրաքանչյուր բժիշկ աշխատում է 40 և ավելի հիվանդի հետ, բոլորը՝ ծանր և ունեն հատուկ ուշադրության կարիք։

«Եթե սկզբում ունենում էինք թեթև, միջին ծանրության հիվանդներ, հիմա բոլորը ծանր են, բոլորը լուրջ միջամտությունների, հսկողության կարիք ունեն, շատ է դժվարացել, բարդացել մեր աշխատանքը, անընդհատ պետք է պալատներով շրջես, վիճակներին հետևես, բուժումը փոխես»,- նշում է բժիշկը։

Հունանյանն ասում է, որ հիվանդների մեծ մասը 60 և բարձր տարիքի է, մոտ 90%-ը՝ ուղեկցող հիվանդություններով։

«Շաքարային դիաբետ, զարկերակային հիպերթենզիա ունեն, ու հենց նրանց մոտ է հիվանդությունը բարդանում՝ թոքաբորբ է առաջանում, զարգանում է շնչառական անբավարարություն, ունենում են թթվածնի կարիք։

Տարիքը, ուղեկցող հիվանդությունները պայմանավորում են հիվանդության բարդությունը, բայց չի բացառվում, որ հիվանդությունը կարող է ծանր ընթանալ նաև երիտասարդների մոտ։ Ունենք դեպքեր, որ նրանց մոտ էլ է ծանր ընթացել, և հազիվ են դուրս եկել հիվանդությունից։ Դրա համար ամեն մարդ պետք է զգոն լինի, մատների արանքով չվերաբերվի էս ամեն ինչին»,- նշում է բժիշկը։

Հունանյանն ուրախությամբ հայտնում է, որ վերջերս շարժական թթվածնի սարքերի համալրում են ունեցել, որի շնորհիվ բուժումն ամբողջությամբ կազմակերպելու հնարավորություն են ունենում։

Չնայած դժվարին աշխատանքին, բժիշկն ասում է, որ ուժ են ստանում, էներգիայով լցվում, երբ հիվանդներն ապաքինվում, դուրս են գալիս ծանր վիճակից, շնորհակալական խոսք հայտնում։

«Պատկերացրեք՝ նրանց երախտագիտությունը, շնորհակալ աչքերը մեզ համար ամեն ինչ են։ Այդ ծանր հևոցը, շնչահեղձությունը, որ հիվանդների մոտ անցնում են, շնորհակալ դուրս են գրվում, հենց դա էլ մեզ պայքարելու ուժ է տալիս»,- ասում է Հեղինե Հունանյանը։

Չնայած կատարվող բարդ աշխատանքին, վիրուսի դեմ ամենօրյա պայքարին, բժշկուհին տեղյակ է, որ մինչ օրս կան հիվանդությանը չհավատացողներ, ինչը պայմանավորում է իրազեկվածության պակասով։

«Ինֆորմացիան շատ է, հիմնականում՝ ոչ հավաստի աղբյուրներից է ինֆորմացիան շատ պտտվում ժողովրդի շրջանում, դրա համար էլ իրազեկվածության խնդիր կա։

Չհավատալու տարբերակ չկա, արդեն յուրաքանչյուրի շրջապատում կա գոնե մեկը, որ հիվանդացել է։ Դժվար չէ պահպանել այդ տարրական կանխարգելիչ միջոցառումները, բնակչությունից մեծ բան չի պահանջվում, ընդամենը տարրական բաներ են որոշ ժամանակով, էնպես չի, որ հավերժ պետք է լինի»,- նշում է Հունանյանը։

Բժշկուհին հորդորում է լսել միայն մասնագետների կարծիքները և հետևել կանոններին։

«Հանդիպել եմ նաև շատ պատասխանատու քաղաքացիների, որոնք պահպանում են բոլոր կանխարգելիչ միջոցառումները, շատ ուրախ եմ, այդպիսի մարդիկ պետք է շատ լինեին, մեկը մյուսից օրինակ վերցնեին»,- նշում է Հունանյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am