Դա քաղաքական որոշում չի եղել և չի կարող լինել. Սիմոնյանը՝ դատական գործընթացների մասին

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե մյուսների դատական գործերի հետ կապված որոշումները զուտ իրավական գործընթաց են:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանն այս մասին վստահեցրեց «Իմ քայլը»-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե իշխանություններին անհանգստաացնո՞ւմ է արդյոք, որ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվեց:

Սիմոնյանը վստահեցրեց՝ այդ հարցն իրենց չի անհանգստացնում, անհանգստացնում է այն մարդկանց զայրույթը, ովքեր կարծում են, թե իբր իշխանությունն ինչ-որ մեկին բռնում է, ինչ-որ մեկին բաց թողնում: «Մենք դատարանի վճիռներն իմանում ենք բոլորի հետ միասին, այսինքն, երբ դրանք հարապարակային են դառնում: Որևիցե մեկին չենք բռնում ու բաց  չենք թողնում: Դա քաղաքական որոշում չի եղել և չի կարող լինել ՀՀ-ում: Իրավական պրոցեսը շարունակվում է: Էլի են եղել դեպքեր, երբ Քոչարյանին ազատ են արձակել, հետո խափանման միջոցը փոխվել է»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա վստահերեց, որ եթե քաղաքական միջնորդության տրամաբանությամբ շարժվեին, ապա Քոչարյանին հիմա պետք է բաց թողած չլինեին: