Աշոտ Ղուլյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Արցախի Ազգային ժողովի նախագահ, նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություններին:

«Որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու հայտարարում եմ.

1.   Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը:

2.  Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ:

3.  Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ.՝ քվեարկելով հոգուտ անկախ պետականության:

4.  Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն:

5.  Առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող:

Վերոնշյալ բոլոր դրույթները հիմնարար են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման համար»: