Առողջապահության նախարարն անդրադարձել է օրեր առաջ գրանցված մանկական մահացության դեպքին

Ներկա պահին փորձաքննություն է իրականացվում՝ օրեր առաջ գրանցված մանկական մահացության դեպքի պատճառը հասկանալու համար: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Կառավարության մարտի 14-ի նիստին հաջորդած լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե որն է ի վերջո եղել երեխայի մահվան պատճառը:

«Երեխայի մոտ կասկածվել է ջրծաղիկ: Որոշ անձիք արագ եզրահանգումներ էին արել մահվան պատճառի հետ կապված, սակայն, միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո կհասկանանք, թե որն է եղել մահվան պատճառը: Փորձաքննություններն իրականացվում են. որոշակի ժամկետ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր գործողություններն իրականացվեն, և ունենանք արդյունքը»,- նշեց Ավանեսյանն՝ ընդգծելով, որ նախարարությունը երբեք չի շտապում չճշտված տեղեկատվություն ներկայացնել: