10 տարի առաջ չվերացավ մահապատիժը, այն գործում է մինչ օրս. Բաց նամակ ցմահ դատապարտյալների հարազատներից `իշխանություններին

10 տարի առաջ չվերացավ մահապատիժը, այն գործում է մինչ օրս. Բաց նամակ ցմահ դատապարտյալների հարազատներից `իշխանություններին
10 տարի առաջ չվերացավ մահապատիժը, այն գործում է մինչ օրս. Բաց նամակ ցմահ դատապարտյալների հարազատներից `իշխանություններին

2003թ. օգոստոսի 1-ին   ՀՀ  նախագահ Ռ.Քոչարյանի հրամանագրով «ներում» շնորհվեց մահապատժի դատապարտված 42 անձանց: 

Այդ հրամանագրի անօրինականությանը մենք դեռ կանդրադառնանք, իսկ այս պահին  այդ անօրեն և զուտ քաղաքական շահ հետապնդող որոշումից ուղիղ 10 տարի անց  ստիպված ենք ցավով արձանագրել, որ ՀՀ-ում մահապատիժ պատժատեսակը չի վերացվել, այլ մահապատիժը գնդակահարության միջոցով 2003թ. փոխարինվել է մահապատժի ցմահ բանտարկության միջոցով:

10 տարի առաջ Ռ.Քոչարյանի ստորագրած հրամանագիրն իրականում հակասում էր թե՛ ՀՀ օրենսդրությանն  ու  սահմանադրությանը և թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Նախկին նախագահն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները, քանի որ նախագահն իրավունք ունի մասնակի կամ լրիվ ներում շնորհել, այլ ոչ ստանձնել դատարանի լիազորությունները և պատժաչափ որոշել ու նշանակել, այն էլ` օրենսդրությամբ տվյալ դեպքում չնախատեսված պատժաչափ:

Վերոհիշյալ չարաբաստիկ հրամանագրին անդրադարձել և ՀՀ իշխանություններին ուղղված պահանջի տեսքով իր գիրքորոշումն է արտահայտել նաև Եվրախորհրդարանը. այն հորդորել է ՀՀ իշխանություններին վերանայել նախկինում մահապատժի դատապարտվածների պատժաչափերն ու օրենքին համապատասխան անհատական որոշումներ ընդունել և ոչ թե մեխանիկորեն բոլորին նույն պատժաչափով դատապարտել:

Մինչդեռ ՀՀ իշխանությունը, 3 տարի այդ խնդիրը քնեցնելուց հետո,  միայն 2006թ.-ին` այն էլ անտեսելով Եվրախորհրդի պահանջը և ՀՀ օրենքները, դատարանների ձևական որոշումներով ամրագրեց ՀՀ նախագահի կողմից ընդունված սխալ որոշումը:  Այս 10 տարիներին ոչինչ չի արվել օրինականությունը վերականգնելու ուղղությամբ:

Հաշվի չի առնվել, որ նորանկախ Հայաստանում դատական համակարգն անկատար է ու  բազմաթիվ  թերություններ ունի, եղել են բազմաթիվ անմեղ կամ չափազանցված պատժաչափերի արժանացած  դատապարտյալներ, եղել են դժվար ու ծանր տարիներին կյանքի չարաբաստիկ հանգամանքների բերումով հանցագործ դարձած մարդիկ, որոնք իրենց բնույթով մոլագար մարդասպաններ չեն, և կարելի է նրանց հասարակություն վերադառնալու և ապրելու հնարավորություն տալ. մարդուն վերափոխում, վերադաստիարակում է ոչ թե ազատազրկումը, այլ` ազատազրկման վայրում ու ազատազրկման ընթացքում նրա նկատմամբ շրջապատի, պետության, մարդկանց վերաբերմունքը:

Սակայն այսօր, 10 տարի անց, մենք` դատապարտյալների հարազատներս, համոզվեցինք, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն ջանում որևէ քայլ անել նախկինում թույլ տրված սխալներն ուղղելու համար, այլ նույնիսկ ավելին` ցմահ բանտարկության  միջոցով դանդաղ և տանջալից մահվան   են մղում քաղաքական որոշումների զոհ դարձած, բայց դեռևս հույսերը չկորցրած  նախկին մահապատժի դատապարտվածներին:

Արդեն երրորդ տարին է, ինչ անխտիր մերժվում են ազատազրկման  20 տարին  լրացրած նախկին մահապատժի դատապարտվածների` վաղաժամկետ ազատման բոլոր դիմումները. ամեն ինչ արվում է, որ ճահճից ոչ ոք ողջ դուրս չգա, կործանելով դատապարտյալների ու նրանց հարազատների վերջին հույսերը: Ահա այս ամենի հետևանքով շատերը մահացան, շատերը հոգեկան շեղումներ ստացան, մնացյալներն էլ ծայրահեղ ֆիզիկական ու հոգեկան վիճակում են:

Ուստի մենք` բանտարկյալների հարազատներս, որոնք ևս դատապարտված են կրելու իրենց կալանավորի պատիժը, մեր հարցն ենք ուղղում ՀՀ նախագահին և իշխանությանը. 

«Դեռ քանի՞ բանտարկյալ   պիտի մահանա, ինքնասպան լինի  կամ խելագարվի, որ վերջապես հանձն առնեք կանգնեցնել այս մարդասպան օրենքի գործողությունը, վերականգնել արդարացի վերաբերմունքը մարդու նկատմամբ,  օրինականորեն հանել «մահապատիժ» սպանիչ պիտակը մեր և մեր հարազատների վրայից: Նման ակնհայտ անօրինականություն, ինչպիսին կատարվեց 10 տարի առաջ Ռ.Քոչարյանի հրամանագրով, համաշխարհային իրավական պրակտրկայում իրականացվել է միայն քրիստոնյա Հայաստանում և անակունք Ադրբեջանում: Հետևություններն ու գնահատականները թողնում ենք Ձեր դատին…